HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ բողոքի ակցիաների, երեխաների՝ դրանց մասնակցության, իր հայտարարագրի և այլնի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը լրագրողների հետ իր առաջին հանդիպումն այսօր՝ մամուլի ազատության համաշխարհային օրն էր կազմակերպել: Պաշտպանը նախ շնորհավորեց լրագրողներին մասնագիտական տոնի առթիվ, կարևորեց նրանց դերը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում, հետո անդրադարձավ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Խոսելով այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ երեկ՝ մայիսի 2-ին տեղի ունեցած առնվազն երկու դեպք հանցագործության առերևույթ հատկանիշներ է պարունակում, և ՄԻՊ գրասենյակը հետամուտ է լինելու այս դեպքերի հարցում:

Դրանցից մեկը ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից օպերատորին հարվածելու դեպքն է, մյուսը՝ բերման ենթարկելու ընթացքում քաղաքացու գլխին հարվածներ հասցնելու դեպքը:

Քրիստինե Գրիգորյանը, նկարագրելով քաղաքացուն բերման ենթարկելու դրվագը, նշեց, որ ոստիկանության ծառայողը ինտենսիվ կերպով, կանխամտածված հարվածներ է հասցրել քաղաքացու գլխին, որը գնահատեց որպես անհամաչափ ուժի գործադրում: ՄԻՊ խոսքով՝ ակնհայտ է եղել, որ քաղաքացին այդ ժամանակ արդեն ոստիկանների ձեռքում էր, ուղղակի նրան տեղափոխում էին տրանսպորտային միջոց, այսինքն՝ ոստիկանության մեքենա:

ՄԻՊ գրասենյակն արձանագրել է նաև դեպք, երբ անհամաչափ ուժ է կիրառվել շարժման դժվարություններ ունեցող և հենափայտով տեղաշարժվող անձի նկատմամբ:

Արձանագրվել է նաև պատգամավորին բերման ենթարկելու դեպք. ՄԻՊ գրասենյակն այս մասին ավելի ուշ է տեղակացել, դրան առանձին կանդրադառնա: Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին  բերման ենթարկելու մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում արձանագրած խախտումներին ու խնդիրներին մանրամասն անդրադարձել է ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ:

Լրագրողներից մեկը պաշտպանին հարց ուղղեց այն մասին, թե արդյոք խնդրահարույց չէ՞ երեխաների մասնակցությունը բողոքի ակցիաներին: Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ առկա է կարծրատիպ՝ իբրև երեխաները չեն կարող մասնակցել ակցիաներին, առավել ևս՝ քաղաքական, սակայն երեխաները նույնպես ունեն հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունք: ՄԻՊ-ն ասում է՝ երեխայի մասնակցել կամ չմասնակցելու հանգամանքը գնահատելիս պետք է կարևորել երեխայի լավագույն շահը՝ պետք է գնահատման առարկա դարձնել՝ երեխայի մասնակցությունը գիտակցվա՞ծ է, թե՞ ոչ: Գրիգորյանը նշեց, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ ակցիայի ժամանակ այս օրերին երեխաներ են բերման ենթարկվել, սակայն իրենց գրասենյակի միջամտությամբ նրանք ազատ են արձակվել:

Լրագրողները հարց ուղղեցին նաև օրեր առաջ վարչապետին ուղեկցող ծառայության մեքենաներից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքին, որի հետևանքով հղի կին է մահացել: ՄԻՊ-ն այդ ժամանակ գործուղման մեջ է գտնվել, գրասենյակն այս դեպքին չի անդրադարձել: Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ դեպքին անդրադարձել է ֆրանսահայ մամուլին տված հարցազրույցում:

Գրիգորյանը ցավակցեց կնոջ հարազատներին ու նշեց, որ մեղավորների բացահայտման հարցում հետամուտ են լինելու, հայտնեց, որ իրենք գրություն են ուղարկել Գլխավոր դատախազություն՝  գործի մանրամասներին տեղեկանալու և այս հարցն իրենց հսկողության ներքո պահելու համար:

«Ցավալի է տեսնել, որ ուղեկցող ծառայությունն ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում. սա որևէ պրոտոկոլով, որևէ կանոնով կարգավորված չէ, դա առնվազն մինիմալ հումանիզմ է՝ առաջին հերթին օգնություն ցույց տալու և կնոջ և երեխայի կյանքը փրկելու մղումով»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը: Պաշտպանը նաև դիտարկեց, որ շատ դեպքերում հանրային տիրույթում չի հարգվել այդ կնոջ ընտանիքի զգայունությունը, ու հարցը դարձել է շատ էժան քննարկումների թեմա, ինչը ցավալի է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՄԻՊ-ի հայտարարագրում ազգականների բաժինը լրացված չէ:

«Հայտարարագրման ենթակա են ընտանիքի այն անդամները, որոնք ապրում են միասին: 2014 թվականից իմ հայտարարագում ես ընտանիքի անդամի հայտարարագիր չեմ ներկայացրել, որովհետև միայնակ եմ ապրում, ծնողներիս հետ չեմ ապրում՝ թեպետ ծնողներիս և ընտանիքիս անդամների վերաբերյալ հայտարարագրերում կան կոնկրետ տեղեկություներ, ինչպես որ պահանջում է ընթացակարգը»,- ասաց Գրիգորյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկու իրավական գործընթաց էր սկսել, որոնք միտված էին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը բարձր պահելուն և հնարավոր ոտնձգություններից զերծ պահելուն: Մասնավորապես, Արման Թաթոյանը դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգոյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով: Հանձնաժողովը մերժել էր դիմումն այն հիմքով, որ նման կանոններ չկան: Մերժման մասին որոշումը Թաթոյանը բողոքարկել է Վարչական դատարանում: Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ այս մասով գործընթացը դեռևս չի ավարտվել, գործը դատական քննության փուլում է:

Մյուս գործընթացը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացած հաղորդմանը հանցագործության մասին: Մասնավորապես, ՄԻՊ պատմության մեջ առաջին անգամ Թաթոյանը հաղորդում է տվել հնացագործության վերաբերյալ այն մասին, որ որոշ պաշտոնյաներ բռնության հրապարակային կոչերն արդարացնում ու վիրավորում են ՄԻՊ-ին: Այս գործընթացը ևս դեռևս դատական տիրույթում է:

Գրիգորյանն անդրադարձավ նաև Հայաստանի մի շարք  դատարանների համակարգչային ծրագրերի մուտքի և կառավարման բանալիները քրեական գործի շրջանակներում առգրավելու հանգամանքին:

Հարցին՝ արդյոք ԱԱԾ քննիչի կողմից սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգրավելու իրավիճակը Գրիգորյանը համարում է անհաղթահարելի ուժի առկայություն՝ նա պատասխանեց․ «Եթե առերևույթ, մակերեսային փորձենք ասել, որ ԱԱԾ քննիչի առգրավումը մարդկային գործոն է և ոչ թե անհաղթահարելի ուժի առկայության, ապա կարող ենք շատ խոցելի հետևության հանգել: Յուրաքանչյուր դեպքում նախաքննություն իրականացնող մարմինը պետք է գնահատի, թե որքանով է այդ ապացույցը անհրաժեշտ պահել վարույթի տիրապետության ներքո, որպեսզի ապահովի վերջնական ելք, իսկ մեր մասնդատն, ինչպես գիտեք, այս առումով կաշկանդված է ուսումնասիրություն կատարելու և մանրամասներում խորանալու հարցում»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ համակարգչային ծրագրի՝ չգործարկվելու տևականությունը ինքը գնահատում է որպես ռիսկ, և դրանով պայամանվորված՝ ուշադրության կենտրոնում է պահել հարցը:

Գրիգորյանը նշեց, որ ժամանակին ՄԻՊ գրասենյակը այդ հարցով դիմում  է ներկայացրել Սահմանադրական դատարան, ինքը ևս գրություն է ուղարկել ԲԴԽ և փորձել պարզել, թե երբ է համակարգը գործարկվելու: ԲԴԽ-ից ասել են, որ մայիսի 5-ից կամ 6-ից համակարգը գործարկվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter