HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոբելյան մրցանակակիրներ, աշխարհահռչակ տիեզերագնացներ․ հայտնի է «Սթարմուս» փառատոնը հիմնական ծրագիրը

«Ճիշտն ասած, Հայաստան «Սթարմուս» բերելն էքսպերիմենտ է եղել փառատոնի համար, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդը շատ հարցականով էր նայում, թե ինչպիսին կլինի «Սթարմուսը» Հայաստանում։ Մենք բոլորս գիտեինք, որ «Սթարմուսը» արտակարգ կլինի ցանկացած եվրոպական երկրում, եւ եվրոպական բազմաթիվ երկրներից հրավերներ ունեինք, բայց մերժեցինք»,- այսօր Մատենադարանի մեծ սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։

Նա հանգամանալից ներկայացրեց «Սթարմուս» 6-րդ փառատոնի հիմնական ծրագիրը՝ նախ համառոտ անդրադառնալով նախորդներին։ Իսրայելյանի խոսքով՝ «Սթարմուսը» հաջողել է, եւ շատ պահանջված փառատոն է աշխարհում։ Իսկ դրանում կարող ենք համոզվել այս սեպտեմբերին։

Սեպտեմբերի 5-10-ը ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում առաջին անգամ կազմակերպվելու է գիտական փառատոն։ Դրան հյուրընկալվելու են աշխարհահռչակ տիեզերագնացներ, նոբելյան մրցանակակիրներ, գիտնականներ եւ երաժիշտներ։

Ծրագիրը մի քանի մասից է բաղկացած։ Գարիկ Իսրայելյանի փոխանցմամբ՝ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դասախոսություններն սկսելու են ամեն օր՝ ժամը 15։00–ին, յուրաքանչյուր դասախոսություն տեւելու է 20 րոպե՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Բացի դրանից՝ դասախոսություններ են անցկացվելու նաեւ հայաստանյան մի քանի բուհերում։

Ծրագրի բաղադրիչներից է փառատոնի ավանդական 108 րոպե տեւողությամբ կլոր սեղան-քննարկումը նոբելյան մրցանակակիրների, հայտնի տիեզերագնացների մասնակցությամբ։ Գարիկ Իսրայելյանը նկատում է, որ քննարկման վայրը չափազանց կարեւոր է, նախկինում երկու անգամ կլոր սեղանն անցկացրել են աշխարհի ամենամեծ աստղադիտակի մեջ, մասնակիցների թվում էր տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը, ով առաջինն է ոտք դրել Լուսնի վրա։

Հաջորդ միջոցառումը, որին կարող են մասնակցել նաեւ տեղացիները, կկայանա Գառնիում։ Այն կոչվում է «Սթար փարթի»։ Գառնիում կտեղադրվեն աստղադիտակներ, եւ հետաքրքրվողները կարող են ներկա գտնվել ու ամբողջ գիշեր մասնակցել դիտումների։

Իսկ Ազատության հրապարակը սթարմուսյան օրերին վերածվելու է գիտական ճամբարի, որտեղ թե՛ երեխաները, թե՛ երիտասարդները կարող են ծանոթանալ գիտության նորագույն ձեռքբերումներին աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, լազերային ֆիզիկայի, ռոբոտաշինության, կենդանաբանության, բուսաբանության եւ այլ ոլորտներում։ Համաձայն փառատոնի մամուլի հաղորդագրության՝ այս միջոցառմանն ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն Հայաստանից եւ Արցախից։

Բացի վերը նշվածներից՝ տեղի կունենա տիեզերական տեխնոլոգիաների թեմայով երկօրյա կոնֆերանս։ Այս կոնֆերանսին ներկա կլինեն նաեւ իսպանական «Satlantis» ընկերության ներկայացուցիչները։ Սա այն ընկերությունն է, որի հետ համագործակցությամբ Հայաստանն արբանյակ ուղարկեց տիեզերք։

Նախքան «Սթարմուսի» մեկնարկը Աղվերանում կազմակերպվելու է աստղալուսանկարչության դպրոց։ Այն, թերեւս,առաջին անգամ է անցկացվելու է Հայաստանում։ Գարիկ Իսրայելյանը նշում է, որ նախկինում դպրոցի մասնակիցների շուրջ 60 տոկոսը բժիշկներ էին, մեծ թիվ էին կազմում իրավաբանները։ Ավելացնում է, որ իրենք էլ չգիտեն, թե ինչով է պայմանավորված դա։

Այս համատեքստում նկատում է, որ «Սթարմուսի» մասնակիցների շուրջ 90 տոկոսը գիտության հետ կապ չունեցող մարդիկ են․ 30 տոկոսը՝ բժիշկներ, 40-50 տոկոսը՝ ՏՏ ոլորտի մարդիկ, գործարարներ։ Աստղաֆիզիկոսի խոսքով՝ գիտնականները սովորաբար չեն այցելում «Սթարմուսին», այցելում են նրանք, ովքեր գիտությունից հեռու են եւ գիտությունը հասկանալու համար են գնում։

Հայաստանյան «Սթամուսի» վիճակագրական խճանկարը պարզ կլինի փառատոնի ավարտից հետո։

Փառատոնի համահիմնադիրն ասում է՝ նպատակն է այն հասանելի դարձնել երիտասարդներին, հատկապես Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում։ Նպատակ ունեն նաեւ աստղադիտակներ նվիրել հայաստանյան մի քանի դպրոցների։

Ի տարբերություն Նորվեգիայում անցկացված 4-րդ «Սթարմուսի», որտեղ մասնակցության տոմսի գինը 700 եվրո էր, Հայաստանում կլինի 25 հազար դրամ, իսկ ուսանողների համար՝ 20 հազար։

Գարիկ Իսրայելյանին ուղղված «Հետքի» հարցին, թե ինչ մտահոգություններ կամ անհանգստություններ ունի նա, քանի որ դեռ ապրիլին կազմակերպված երեկոյի ժամանակ կեսկատակ ասել էր, թե փառատոնը Հայաստանում կա՛մ կտապալեն, կա՛մ հակառակը, գիտնականը պատասխանեց, թե նախ մտահոգություններ ունեն, որ ինչ-որ կազմակերպություններ խանդի պատճառով շատ հնարավոր է սկսեն «Սթարմուսի» մասին նեգատիվ բաներ խոսել։ Իսրայելյանի խոսքով՝ երբ Հայաստանում ինչ-որ լավ բան ես անում, եւ ինչ-որ մեկը դրան չի մասնակցում, սկսում է բացասական խոսել, բայց թե ինչու չեն մասնակցում, արդեն կարեւոր չէ, դրա համար պատճառներ կարող են լինել։

«Երկրորդը՝ մեդիայի հետաքրրքվածությունն է։ Շատ անգամ փորձում ենք մեդիայի հետ կապեր հաստատել, ասում են՝ մեզ պետք է վճարեք»,- նկատում է հայ գիտնականն ու հավելում, որ իրենց ցանկությունը Հայաստանի համար լավ բան անելն է, կազինո կամ նման բան չեն սարքում։ Ըստ նրա՝ նախորդ փառատոններին չափազանց մեծ հարգանք, աջակցություն են ստացել թե՛ մեդիայի, թե՛ տեղական բիզնես շրջանակների կողմից։ «Տեսնենք՝ Հայաստանում ոնց կլինի։ Հայաստանում, ցավոք, ոչ մի հովանավոր չունենք, չգիտեմ՝ ինչի։ «Սթարմուս 3»-ի ժամանակ մի անգամ Սթիվ Հոքինգն ասաց՝ «Սթարմուսի» որակն էնքան բարձր է, որ հովանավորները չեն հասկանում»։

Հիշեցնենք, որ առաջին երեք փառատոնները կազմակերպվել են Իսպանիայի Կանարյան կղզիներում 2011, 2014 եւ 2016 թթ․, չորրորդը եղել է Նորվեգիայի Տրոնդհեյմ քաղաքում 2017-ին, իսկ հինգերորդը՝ շվեյցարական Ցյուրիխում 2019-ին։ Վեցերորդ փառատոնը Երեւանում պետք է կայանար 2021-ին, սակայն դրան խանգարեցին կորոնավիրուսն ու փակ սահմանները։  

Գարիկ Իսրայելյանն ասում է, որ Նորվեգիայում հովանավորների խնդիրը չի եղել, քանի որ տեղական ընկերությունները աջակցության համար հերթ էին կանգնել, եւ իրենք էին ընտրում։ «Ցավոք, Հայաստանում նման բան առայժմ չենք տեսել։ Մեզ առայժմ դրսում են գնահատում»,- ասում է «Սթարմուս» փառատոնի համահիմնադիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter