HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պավել Մանուկյանը չի վճարել Բուժականի անտառների վարձակալության գումարը․ «Հայանտառը» դիմել է դատարան

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան ընդդեմ արցախյան ազատամարտի մասնակից, Երևանում ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Պավել Մանուկյանի (հայտնի որպես Պավլիկ Մանուկյան)։ ՊՈԱԿ-ը պահանջել է բռնագանձել Պավել Մանուկյանի վարձակալած անտառային հողի վարձավճարը, փոփոխել վարձավճարը, իսկ անհնարինության դեպքում՝ վաղաժամկետ լուծել անտառային հողի վարձակալության պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը 2009 թվականին Հրազդանի անտառտնտեսության տարածքում գտնվող Կոտայքի մարզի Բուժական գյուղի հարևանությամբ՝ Բուժականի անտառային հողերից 0.2 հա տարածք է վարձակալել։ Բուժականը Պ․ Մանուկյանի ծննդավայրն է։

«Հայանտառը» Պավել Մանուկյանի հետ վարձակալության պայմանագիր է կնքել մինչև 2034 թվականը։ Վարձակալած անտառային հողի համար տարեկան սահմանվել է 60 հազար դրամ վարձավճար։

«Հետքը» անտառների վարձակալների հետաքննության ընթացքում այդ տարածք այցելել էր Մանուկյանի եղբոր՝ Թորոս Մանուկյանի հետ, որը նույն տարածքի անտառապահն էր։ Թեղենյաց կիսավեր եկեղեցու հարևանությամբ գտնվող անտառային տարածքում Մանուկյանները հանգստի համար տաղավարներ էին տեղադրել։

Դատական գործից ակնհայտ է դառնում, որ Պավել Մանուկյանը երբևէ չի վճարել վարձակալության գումարը։ Եվ միայն 2020թ․ մարտին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան, որպեսզի նրանից բռնագանձի չվճարված վարձավճարը։

Պավել Մանուկյանի փաստաբանը ներկայացրել է գործով հայցապահանջի մի մասի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն: Պավել Մանուկյանի ներկայացուցիչը, հայցային վաղեմության միջնորդությունը ներկայացնելիս հայտնել է, որ հայցվորի ներկայացրած հայցապահանջն ընդունում է մասնակիորեն՝ վերջին երեք տարին ընդգրկող ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարները բռնագանձելու մասով։

Պատասխանող կողմը պնդել է, որ «Հայանտառ»-ը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, ուստի իրենք մասնակիորեն ընդունում են հայցապահանջի մասը, և հաշվի առնելով, որ հայցը դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 27-ին, Պավել Մանուկյանը հայցապահանջն ընդունում է 180.000 դրամի չափով, ինչպես նաև նույն ժամանակահատվածի ընդգրկմամբ հաշվարկված տույժի մասով, իսկ մնացած մասով՝ հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, ուստի հայցը ենթակա է մերժման:

«Հայանտառն» առարկել է՝ նշելով, որ 2011 թվականից սկսած ծանուցումներ է ուղարկել Մանուկյանին՝ վերջինիս տեղեկացնելով պայմանագրային պարտավորությունները կատարելու, իսկ դրանք չկատարելու դեպքում՝ հետևանքների մասին:

Երևան քաղաքի դատարանը, նախագահությամբ դատավոր Գայանե Մազմանյանի, ուսումնասիրելով գործի նյութերը, գտել է, որ տվյալ գործով վարույթի շրջանակներում քննվող հայցապահանջից ենթակա է առանձնացման հայցային վաղեմության միջնորդությամբ վկայակոչված ժամանակահատվածին վերաբերող հայցապահանջը։ Այս տարվա մարտի 28-ին առանձնացված մասով՝ մինչև 27.04.2017թ. ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի բռնագանձման պահանջի մասին, հայցը մերժել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով: Այս մասով վճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ։

Գործի վարույթը՝ չառանձնացված մասով, վերսկսել է և հրավիրել նախնական դատական նիստ։ Այսօր այդ նիստն էր, որին, սակայն, չհասցրեց ներկայանալ «Հայանտառի» ներկայացուցիչը, վերջինս դատարան եկավ այն ժամանակ, երբ դատավորն արդեն հետաձգել էր մինչև հոկտեմբեր։ 

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter