HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները տուժած արտահանողների համար առայժմ ծրագիր չունեն

Հայ արտահանողները, որոնք դոլարային պայմանագրեր ունեն դրսի շուկաների հետ, վնասներ են կրել և կրում դոլարի էժանացման հետևանքով։ Խնդրի մասին բարձրաձայնվում է դեռևս մայիսի վերջերից, գործարարները դիմել են գերատեսչություններին։ Սակայն էկոնոմիկայի նախարարությունում դեռևս քննարկվում է իրավիճակը և գործարարների հետ նոր հանդիպում է սպասվում, իսկ ֆինանսների նախարարությունում արտահանողների համար սուբիսդավորման որևէ շտապ ծրագիր չկա։  

Ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարեսկզբին դոլարի միջին փոխարժեքը գտնվում էր 480 դրամի սահմաններում, մինչդեռ հուլիսի սկզբին՝ 410 դրամի։ Հուլիսի 8-ին դոլարի որոշակի թանկացում է նկատվում, սակայն փոխարժեքը դեռևս հեռու է տարեսկզբի մակարդակից։

Դոլարի էժանացման հետևանքով նվազել են արտահանողների եկամուտները, որոնք արտահանված ապրանքի դիմաց ստացված դոլարը փոխանակելիս արդեն ավելի քիչ դրամ են ստանում։ Որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել արտահանումը, ոմանք էլ ստիպված են շարունակել կատարել դեռևս ամիսներ առաջ կնքված պայմանագրերով պարտավորությունները

Դրան գումարվեցին՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առաջացած խնդիրները։ 

«Մանթաշյանց» գործարարների միությունը (180 խոշոր և միջին գործարար), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (մոտ 100 ՏՏ ընկերություն), «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն ու «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ն (հարթակ, որը միավորում է մոտ 8000 անդամ)  բաց նամակ են հղել Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։ 

Գործարարները կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել՝ արտահանողներին դոլարի արժևորման փոխարժեքին համապատասխան փոխհատուցում հատկացնելու համար։

Սակայն, Էկոնոմիկայի նախարարությունում դեռևս փորձում են կողմնորոշվել՝ ձևակերպելու առաջիկա անելիքները։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից։ 

Էկոնոմիկայի նախարարությանը ևս մեկ հանդիպում է պետք կողմնորոշվելու համար

Հունիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում են ունեցել գործարարների հետ, որոնք մտահոգություն են հայտնել իրենց բիզնեսի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության վրա հայկական դրամի անկանխատեսելի և աննախադեպ արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ և դիմել պատկան մարմինների ղեկավարներին՝ իրենց աջակցելու համար։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի, կառուցապատող, արտահանող, տնտեսության զարգացումն ապահովող այլ ոլորտների ընկերությունների ներկայացուցիչները նախարարների հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել են իրենց մոտ առաջացած խնդիրները և առաջարկել կառավարությանը գտնել աջակցության մեխանիզմներ»,- նշում են էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարարների՝ Կենտրոնական բանկի ղեկավարության հետ հանդիպումից հետո, մեկ անգամ ևս հանդիպել էկոնոմիկայի նախարարությունում՝ ամփոփելու ստեղծված իրավիճակն ու խնդիրները և ձևակերպելու առաջիկա անելիքները։

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ԿԲ֊ի հետ հանդիպումը կայացել է, իսկ Էկոնոմիկայի նախարարությունում սպասվող երկրորդ հանդիպումը՝ դեռևս ոչ։ «Խնդրի և քայլեր անելու գիտակցումը կա Էկոնոմիկայի նախարարությունում։ Սպասում ենք նոր հանդիպմանը և կոնկրետ քայլերի մշակմանը»,- նշեց գործարարը։

Ֆինանսների նախարարությունում արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր չկան

Ներկա պահին Ֆինանսների նախարարությունում որևէ ծրագիր չկա և չի մշակվում, որը ուղղված կլիներ փոխարժեքի տատանումների հետևանքով տուժած արտահանողներին աջակցելուն։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արման Ադիլխանյանը։

Անդարդառնալով Լարսի ճանապարհին առաջացած խնդիրներին՝ նախարությունից հիշեցնում են, որ 2.9 մլրդ դրամ է նախատեսված հատկացնել մի ծրագրի, որի նպատակն է Հայաստանի տարածքից արտահանման կամ ներմուծման նպատակով լաստանավով տեղափոխվող բեռների դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերը նվազեցնելը։ Այս ծրագրի մասին այլ մանրամասներ չեն հայտնվում։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկից այս հարցի շուրջ արդեն դիրքորոշում հնչել է։ Գլխավոր դրամատունը դեմ է դրամն արհեստականորեն արժեզրկելուն՝ համարելով, որ այն կհանգեցնի գնաճի նոր ալիքի։  Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Մարտին Գալստյանը։ 

Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter