HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում, էլեկտրալարերի սյուներ տեղադրվում

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում։ «Հետք»-ի նկարահանող խումբը հուլիսի 13-ին արձանագրել է, որ Հատիս լեռան վրա նոր ճանապարհների ակտիվ կառուցման աշխատանքներ են ընթանում։

Ճանապարհներից մեկը սկիզբ է առնում Ակունք խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Կոտայք գյուղից Կապուտան գյուղ տանող ճանապարհի 1-ին կիլոմետրից և բարձրանում է մինչև Հատիս լեռան գագաթ։ Սա նույն այն ճանապարհն է, որով օրեր առաջ բարձրացել էին գործարար Գագիկ Ծառուկյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլք։ Հուլիսի 9-ին Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ տեղի էր ունեցել հանդիսավոր միջոցառում։ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, որ ճանապարհն ուղղակի հարթեցվել է, ոչ թե նոր ճանապարհ է կառուցվել։

Մեր տեսախցիկն արձանագրել է, որ ոչ թե ճանապարհի հարթեցման աշխատանքներ են ընթանում, այլ բոլորովին նոր ճանապարհ է կառուցվել և շարունակում է կառուցվել։ Բացի ճանապարհի կառուցումից, ճանապարհին զուգահեռ էլեկտրական լարերի համար սյուներ են տեղադրվում։ Դեպի լեռան գագաթ տանող մոտ 1.5 կմ երկարությամբ հատվածում սյուներն ամրացված են և շարունակում են տեղադրվել։ Հատիս լեռան գագաթ հասնելու համար մյուս ճանապարհը կառուցվում է Զովաշեն գյուղի սկզբնամասից։ Այս հատվածում ևս ֆիքսել ենք ճանապարհ կառուցող ծանր տեխնիկայի աշխատանքը։

Արբանյակից արված լուսանկարների՝ Google Earth ծրագրի միջոցով տեսնում ենք, որ 2019 թ.-ի դրությամբ Հատիս լեռան գագաթ տանող ավտոճանապարհ որպես այդպիսին գոյություն չունի։ Կա ճանապարհի նմանվող ուղի, որն առաջացել է մեքենաներով սարը բարձրանալու հետևանքով, այլ ոչ թե հատուկ կառուցվել է։

Հարկ է նկատել, որ ԿԳՄՍ նախարարությունը պահանջում էր դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիս լեռան տարածքում, մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը, իսկ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում էր, թե Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ դեռ պետք է մասնագիտական կարծիք հայտնի ու նշել էր, որ կասեցվել է արձանի կառուցման աշխատանքները։

Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ զրուցելու մեր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նա հրաժարվեց և՛ հեռախոսով խոսելուց, և՛ հանդիպելուց թեև օրեր առաջ ծավալուն հարցազրույց էր տվել մեզ։ «Ես այսուհետ լրագրողների հետ հեռախոսով չեմ խոսում»,- նշեց Հունան Ռուբենյանը։

ԲՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառույանը 2022 թ.-ի հունվարին ազդարարել էր Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման իր մտադրության մասին։ Դրանից հետո «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը արձանի նախագծի մրցույթ հայտարարեց, ապա ընտրեց կառուցվելիք արձանի վերջնական տեսքը։ Թեև Հայ Առաքելական եկեղեցին դեմ արտահայտվեց Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին դրական գնահատեց արձանի կառուցման նախաձեռնությունը։ Դրան էլ հետևեց Հատիս լեռան գագաթին տեղի ուենցած հանդիսավոր միջոցառումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter