
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը 318 պահեստազորային կներգրավվի վարժական հավաքներում
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 318 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հավաքներին ներգավելիք 318 պահեստազորայիններից 210-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 10-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 98-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական), հակաօդային պաշտպանության, անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային, տեխնիկական, տեղագրական և թիկունքային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքների նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:
Հիշեցնենք, որ 2022թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարության հայտարարած արդեն չորրորդ վարժական հավաքը։ Այս տարվա ընթացքում առաջինը կազմակերպվել է ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 724 քաղաքացու մասնակցությամբ, երկրորդը՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 պահեստազորայինի ներգրավմամբ, իսկ երրորդը՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը՝ 1444 պահեստազորայինի մասնակցությամբ։
Հավելենք՝ նախագիծն օրինական ուժ կստանա կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել