HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի և ում հաշվին են աճել բյուջեի մուտքերը

Հարկատեսակներից մեծ մասի գծով աճ կա, սակայն ընդհանուր աճին ամենաշատը նպաստել են շահութահարկի, ԱԱՀ-ի և պետական տուրքի գծով մուտքերը։ Աճը մեծ մասամբ ապահովել են խոշոր հարկատուները. էական դեր է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։

Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների (ՊԵԿ) կոմիտեի տվյալները, 2022 թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե է հոսել մոտ 928 մլրդ դրամի հարկ ու տուրք։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն 23.7%-ով կամ 177.7 մլրդ դրամով աճել է։

Միևնույն ժամանակ, միայն 1000 խոշոր հարկատուների վճարած գումարները կազմել են 722.3 մլրդ դրամ, որը 33.4%-ով կամ մոտ 181 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։ Խոշորների վճարած հարկերը կազմել են բյուջեի ամբողջ հարկային մուտքերի մոտ 78%-ը։ Թեև այս համադրությունը փոքր-ինչ կոպիտ է, քանի որ հարկատեսակներից մի մասի գծով հետագայում վերադարձ է տեղի ունենում, սակայն թույլ է տալիս հասկանալ ընդհանուր իրավիճակը։ Բացի այդ, հարկատեսակներից որոշների գծով էլ համեմատությունը ճշգրիտ է, քանի որ վերադարձի խնդիր չկա, օրինակ՝ շահութահարկի։

Այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի գծով պետական բյուջե է հոսել մոտ 288 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 45 մլրդ դրամով կամ 18.8%-ով։ ԱԱՀ-ն ընդհանուր հարկերի կազմում մեծ կշիռ ունի՝ 31%: Միայն ԵՏԱՄ-ից ներմուծվող ապրանքների համար և մաքսային մարմինների կողմից հավաքագրվող գումարներն աճել են մոտ 30 մլրդ դրամով։ Միջազգային շուկաներում գրանցվող գնաճը այստեղ ազդեցություն ունի՝ որքան բարձր է ապրանքի արժեքը, այնքան մեծ են ներմուծման ժամանակ գանձվող գումարները։

Շահութահարկի գծով գոյացել է մոտ 163 մլրդ դրամ՝ աճելով 54 մլրդ դրամով կամ 49.4%-ով։ Միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հանրապետության խոշորագույն հարկատուն է, կիսամյակի կտրվածքով 30.1 մլրդ դրամի շահութահարկ է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 22 մլրդ դրամով։ Խոշորների ցանկում հայտնված ուրիշ ոչ մի ընկերություն այս ծավալի շահութահարկ չի վճարել։

Իսկ առհասարակ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն այս տարվա վեց ամսվա ընթացքում մոտ 105 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է մոտ 4 անգամ։ Այսինքն՝ միայն մեկ ընկերությունը կիսամյակի կտրվածքով 78 մլրդ դրամի հարկերի աճ է ապահովել։

Այդ 78 մլրդ դրամի աճը կոմբինատն ապահովել է ոչ միայն շահութահարկի, այլև՝ «այլ հարկեր և վճարներ» տողով, որի մեջ ներառված է արտահանման պետական տուրքը , ինչպես նաև՝ ընկերության կողմից պետությանը պատճառված 15 միլիարդ դրամի վնասի հատուցման հաշվին:

Պետական տուրքի գծով բյուջեի մուտքերը այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 60 մլրդ դրամ՝ աճելով 43 մլրդ դրամով կամ 3.6 անգամ։ 2021 թվականի հուլիսին Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի պետական տուրք սահմանվեց պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի արտահանման համար։ Սա նպաստել է պետական տուրքի գծով մուտքերի աճին, որի վրա էլ իր հերթին ազդել է միջազգային շուկայում պղնձի գների աճը։

Էական անկում է գրանցվել մաքսատուրքի գծով, որը հիմնականում պայմանավորված է ԵՏՄ բյուջեից՝ ԵՏՄ «ընդհանուր կաթսայից» ստացվող գումարների կրճատմամբ։ Կես տարում բյուջե է մուտքագրվել 15.5 մլրդ դրամի մաքսատուրք, որը նվազել է մոտ 27 մլրդ դրամով կամ 63.6%-ով։  

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, ի թիվս այլ հարկատեսակների, հարկերի աճ կա եկամտային հարկի և սոցիալական վճարի գծով։ Եկամտային հարկի գծով մուտքերի աճին նպաստել է գրանցված աշխատատեղերի քանակի աճը՝ չնայած այն հանգամանքին, որ այս տարի եկամտային հարկի դրույքաչափը 1 տոկոսային կետով նվազել է՝ 22%-ից դառնալով 21%։

Փոխարենը նույն չափով բարձրացել է սոցիալական վճարի դրույքաչափը՝ 3.5%-ից դառնալով 4.5%-ով, որն է իր հերթին նպաստել է այս հարկատեսակի գծով մուտքների ավելացմանը։ Հիշեցնենք, որ սոցիալական վճարը աշխատողների աշխատավարձից կուտակային կենսաթոշակային ֆոնդեր ուղղվող գումարներն են։

Աճել են նաև շրջանառության հարկի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ծավալները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter