Խտրական եւ հակասահմանադրական. տեսակետներ ՊՆ նախագծի մասին
Պաշտպանության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, որով առաջարկում է 24 միլիոն դրամի կամ գործող փոխարժեքով շուրջ 60 հազար դոլար վճարելով՝ հնարավորություն տալ քաղաքացիներին վաղաժամ զորացրվել պարտադիր զինծառայությունից: Ըստ նախագծի՝ միջինում 4.5 ամիս ծառայությունից հետո քաղաքացին ազատվելու է զինծառայությունից, իսկ այդ գումարն ուղղվելու է պայմանագրային զինծառայողների վարձատրության բարձրացմանը: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել ընդամենը մեկ օր առաջ և արդեն բուռն արձագանքներ ստացել սոցիալական տարբեր հարթակներում: Քաղաքացիները նախագծի գաղափարն ինչպես դատապարտում են, այնպես էլ՝ ողջունում: E-draft.am հարթակում, ըստ քվեարկության արդյունքների, ողջունողների թիվը գերակշռում է:
Խորհրդարանական ընդդիմությունը կոռուպցիայի օրինականացում է որակում նախագիծը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը հիշեցնում է՝ զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության մասին գործող իշխանությունը պարբերաբար խոսել է, այն տեղ է գտել կառավարության 2021 թվականի ծրագրում, սակայն մինչ այս պահը որևէ առարկայական փաստաթուղթ չի ներկայացվել:
«Որպես ոլորտային հանձնաժողովի անդամ ես կարող եմ ասել, որ այս ընթացքում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն նախագծերը, կոսմետիկ փոփոխությունները, որոնք վերաբերում էին զինված ուժերին»,-ասում է պատգամավորը:
Նրա խոսքով՝ մինչ այժմ կառավարությունը զինված ուժերի հայեցակարգի փոփոխության ռազմավարություն չի ներկայացրել, նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտնել է, որ ներկայացվածն իրեն չի բավարարում, սակայն այդպես էլ ամիսներ անց ռազմավարություն չի ներկայացվել:
«Այս նախագիծը ոչ միայն կոռուպցիա է, այլև ոտնահարում է Սահմանադրությունը, որովհետև խտրականությունը Սահմանադրությամբ արգելված է: Տվյալ դեպքում՝ նախագիծն ամրագրում է, որ գույքային ավելի բարվոք վիճակում ապրող մարդը պարտականությունների մեջ ազատ է՝ ի տարբերություն սոցիալապես անապահով ապրող հարյուր հազարավոր քաղաքացիների: Ստացվում է, որ Հայաստանում միայն հարուստներն ունեն արտոնություն»,-ասում է նա:
Ընդդիմությունը, ըստ պատգամավորի, հանրային քննարկումների միջոցով հանրությանը կիրազեկի այն վտանգների մասին, որոնք ի հայտ կգան նախագծի ընդունման դեպքում:
«Ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ զինված ուժերում հանցավոր անգործությունը փորձում են թաքցնել «նախկինների կոռուպցիան բանակում» հերթապահ խոսքերի մեջ: Իրենց ամենասիրելի օրինակն առաջնագծում պահածոյի տուփերի առկայությունն է, անցել է չորս տարի, բայց առաջնագծի բոլոր հատվածներում պահածոյի տուփեր են կապված մնացել»,-ասում է Մանուկյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով, գլխավոր խնդիրն է հասկանալ՝ ինչո՞ւ է երկրում այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ բազմաթիվ երիտասարդներ չեն ցանկանում ծառայել զինված ուժերում, շատերը փորձում են այլ երկրի քաղաքացիություն ստանալ, ոմանք՝ առհասարակ մեկնել երկրից:
«Իշխանությունը փորձում է շրջանցել խորքային պատճառները և ընթացիկ լուծումներ գտնել, որոնք բխում են ոչ թե պետության շահից, այլ՝ կոնկրետ իր քաղաքական նպատակահարմարությունից: Նախագծով տեսնում ենք սոցիալական անարդարության խնդիր, սա հասարակական հարաբերություններում ճգնաժամի է հանգեցնելու, որովհետև ստացվելու է էնպես, որ մեր փոքր հասարակությունում այն մարդիկ, ովքեր համապատասխան ֆինանսական հնարավորություն ունեն, նույնիսկ սեփական տունը կամ հողամասը վաճառելու գնով գնալու են այդ քայլին, իսկ մյուսները ծառայելու են»,-ասում է պատգամավորը:
Ստացվելու է այնպես, որ ծառայելու են նրանք, ովքեր փող չունեն: Աբրահամյանն աժանահավատ չի համարում կառավարության հիմնավորումը, թե այս միջոցով բարձրացնելու են պայմանագրային զինծառայողների աշխատավարձը: Նա հիշեցնում է, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը սկսվում է 120-130 հազար դրամից, որին գումարվում են հավելավճարները, մինչդեռ պարեկային ծառայողների աշխատավարձը սկսվում է 270 հազար դրամից:
«Ինչպե՞ս է կառուցվել այդ տրամաբանությունը, որ պայմանագրային զինծառայողները, որոնք բավականին բարդ պայմաններում ապահովում են երկրի անվտանգությունը, իրենց ասում են՝ ձեր աշխատավարձը կբարձրացնենք, եթե նման նախաձեռնությամբ հանդես գանք: Եթե կարևորում ենք զինված ուժերի դերը, մեր պայմանագրային անձնակազմի դերը, կարող էինք հազար ու մի տարբերակ գտնել նրանց աշխատավարձը բարձրացնելու»,-ասում է ընդդիմադիր պատգամավորը՝ մատնացույց անելով պետական համակարգի պարգևատրման ֆոնդը: Ըստ նրա՝ իշխանությունները պարտավոր են ցանկացած այլ տեղից գումար գնել, կրճատել իրենց վայելքները և բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը:
«Քանի դեռ իշխանության ղեկին այս քաղաքական թիմն է, մեր ողբերգությունները, ճգնաժամերը սրանով չեն ավարտվելու: Պատկերացրեք իրավիճակ, երբ մարդը 24 միլիոն դրամ է տվել, ծառայել 4.5 ամիս ու ընդգրկվել պահեստազորում: Հաշվի առնելով տարածաշրջանի իրավիճակը՝ հնարավոր պատերազմի դեպքում մարդիկ, ովքեր 24 միլիոն դրամ են վճարել ու 4.5 ամիս ծառայել, որպես պահեստազորային զորակոչվելու են ու մասնակցեն ռազմական գործողություններին»,-եզրափակում է պատգամավորը:
Նախագիծը հակասում է Սահմանադրությանը
Արդարադատության նախկին նախարար, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ (2013 թ.) Գևորգ Դանիելյանը հիշեցնում է՝ զինծառայությունը համարվում է պարտականություն, Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է սահմանված կարգով մասնակցել երկրի պաշտպանությանը: Դանիելյանը հարց է տալիս՝ եթե մյուսները չունեն սահմանված գումարը, նշանակում է համապատասխան ունակություններ էլ չունե՞ն, որ 4.5 ամսում ձեռք բերեն զինծառայության համար անհաժեշտ գիտելիքները:
«Իրավական տեսանկյունից անհասկանալի վիճակ է, խտրականությունն ավելի քան ակնհայտ է: Սահմանադրությունը պարտավորեցնում է իրավունքները սահմանելիս ու սահմանափակելիս ղեկավարվել համաչափությամբ ու որոշակիության սկզբունքով»,-ասում է Դանիելյանը:
Նրա խոսքով, այն երկրներում, որտեղ ազգ-բանակ հայեցակարգն է գործում ու բոլորն անխտիր մասնակցում են սահմանների պաշտպանությանը, մի մասը մշտապես վարձատրվող զինծառայողներ են, մյուս մասը, անկախ զբաղեցրած դիրքից, մասնակցում է զորահավաքներին, վարժական հավաքներին:
Եթե նույնիսկ Սահմանադրությամբ երկրի պաշտպանությանը մասնակցելու պարտավորությունն ամրագրված չլիներ, միևնույն է, ՊՆ նախագիծը, ըստ իրավաբանի, հակասում է Սահմանադրությանը: Քանի որ Սահմանադրությունը գործադիր իշխանությանը չի օժտում այնպիսի նախաձեռնությամբ հանդես գալու դրույթով, որ լրացուցիչ արտոնություններ տրվեն նրանց, ովքեր դրա համար վճարում են:
Փաշինյանը խոսել էր բոլոր զինծառայողների զինծառայության ժամկետի կրճատման մասին
Դեռևս 2019 թվականից քննարկվում էր զինծառայության ժամկետը կրճատելու հարցը, մասնավորապես՝ առաջնագծի զինծառայողների համար սահմանել 1.5 տարի ժամկետ։ Փաշինյանը պարբերաբար էր խոսում պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու մասին: Սակայն պրոֆեսիոնալ բանակին անցման դրույթը տեղ գտավ կառավարության 2021 թվականի ծրագրում:
«Իսկ պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զինվորի գործը, ըստ էության, ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը: Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, իսկ զինվորը պիտի գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղվի իր մարտական պատրաստականության շարունակական բարձրացմամբ, և այդ գործընթացը պետք է ունենա շարունակական բնույթ»,- խորհրդարանում ասել էր Փաշինյանը:
Եւ չնայած կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նշվում է այն մասին, որ կառավարությունը մտադիր է կրճատել զինծառայության ժամկետները՝ ի հաշիվ պայմանագրային զինծառայողների, սակայն չի մանրամասնվում, որ դա լինելու է ի հաշիվ շարքային զինծառայողների վճարած գումարի:
2021 թվականի ապրիլի 19-ին էլ Վայոց ձորի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը մանրամասնել էր, թե ինչպես է կրճատվելու զինծառայության ժամկետը:
«Տարբեր գաղափարներ կան, կքննարկենք: Օրինակ՝ կա գաղափար, որ պետք է լինի, ասենք, 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները, բոլորը այդ մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն, և պրոֆեսիոնալ բանակ մենք պետք է ունենանք: Այո, երբ որ զինվորը զինվոր է պրոֆեսիոնալ, ինքը ուրիշ գործով չի զբաղվում»,-ասել էր նա:
Նախագծի մասին իշխող խմբակցության պատգամավորների կարծիքը ներկայացնելու համար կապ հաստատեցինք ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ։ Նա խոստացավ ծանոթանալ նախագծին եւ հայտնել իր տեսակետը, սակայն հետագա զանգերին չպատասխանեց։ Մեր զանգերն անպատասխան թողեց նաեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել