HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ

Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Այդ մասին Mehr գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասար Քանանին։ 

«Կոչ անելով զսպվածության և խաղաղ ճանապարհով վեճերի լուծման՝ բարձրաստիճան իրանցի դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի համար անընդունելիությունը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների որևէ փոփոխության»,- նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Քանանին հավելել է, որ պետք է հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Իրանական կողմը հայտնում է, որ Իսլամական հանրապետությունը հետևում է հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացմանը։ Քանանիի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել հարևան երկու երկրների միջև տարաձայնությունների լուծմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։

Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։

Լուսանկարը՝ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter