HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՊՆ-ն խուսափում է հայկական կողմի կորուստների մասին կոնկրետ տվյալներ հայտնելուց

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը սեպտեմբերի 16-ին, ներկայացնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի որոշ մանրամասներ, նշել էր, որ թշնամու ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են ՀՀ սուվերեն տարածք, այդ թվում՝ մինչեւ 7,5 կմ խորությամբ Ջերմուկի ուղղությամբ, 1-1,5 կմ խորությամբ՝ Վերին Շորժայի ու Ներքին Հանդի ուղղությամբ, 0,5 կմ՝ Իշխանասարի ուղղությամբ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցրել էինք, թե թշնամու հարձակման հետեւանքով քանի մարտական դիրք է կորցրել հայկական բանակը, եւ դրանցից քանիսն է հաջողվել հետ բերել: Նաեւ հարցրել էինք, թե որ ուղղություններում է հայկական կողմը դիրքային կորուստներ ունեցել:

Քանի որ ԳՇ պետը հիշատակել էր նաեւ Իշխանասարի ուղղությունը, որն անչափ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանն Իրանին կապող Մ-2 միջպետական մայրուղին (Երեւան-Մեղրի) վերահսկելու տեսանկյունից, նախարարին հարցրել էինք, թե արդյոք Մեծ Իշխանասար գագաթը (3550 մ), որը մինչ այդ գտնվում էր հայկական կողմի վերահսկողության տակ, անցել է թշնամուն: «Հետքի» աղբյուրներից մեկն օրերս հայտնել էր, որ լեռնագագաթն այլեւս չի վերահսկվում մեր կողմից, ինչն էլ նախարարին նման հարցադրում անելու պատճառ էր դարձել:  

Մեկ այլ հարց վերաբերում էր Սեւ լճին: 2021-ի մայիսին թշնամին 13 քկմ տարածք էր զավթել այս լճի ուղղությամբ, այդ թվում՝ լիճը գրեթե ամբողջությամբ, չնայած խորհրդային քարտեզների համաձայն՝ լճի 82 տոկոսը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում: Իշխանատափ (2561 մ)-Սեւ լիճ-Փոքր Իշխանասար (3451 մ) հատվածում ադրբեջանցիները 2021-ի մայիսին օկուպացրել են կարեւոր ռազմավարական բարձունքներ՝ ՀՀ տարածքում խորանալով մինչեւ 3 կմ: Սրա հետեւանքով հայկական կողմի հասանելությունը լճին խիստ կրճատվել էր ու սահմանափակվել միայն դրա հարավարեւմտյան ափի մոտ տեղադրված մի քանի դիրքերով: Բացի դրանից՝ ադրբեջանցիները տեսադաշտ էին բացել դեպի Գորիս:

Սուրեն Պապիկյանին հարցրել էինք, թե արդյոք թշնամու վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ուղիղ հասանելիություն ունի Սեւ լճին՝ նկատի ունենալով այդ ուղղությամբ մեր դիրքերի հավանական գրավումն ագրեսորի կողմից:

Հարցրել էինք նաեւ, թե Սիսիան-Գորիս (Հայաստան-Իրան Մ-2 միջպետական մայրուղի) եւ Կապան-Ճակատեն-Ծավ (Հայաստան-Իրան Մ-17 միջպետական մայրուղի) ճանապարհային հաղորդակցությանը ինչ վտանգներ են սպառնում ներկայում ռազմական առումով:

Վերջին հարցն էլ վերաբերում էր ՊՆ-ի ունեցած տվյալներին հայկական կողմի զոհերի, վիրավորների ու գերիների մասին: Այս առումով նկատենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ անվտանգության խորհուրդը հայտնել է, որ թշնամու ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Այսօր էլ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը, որի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Այսինքն՝ զոհերի ու անհետ կորածների թիվը պաշտոնապես առնվազն 208 է:

Մեր բոլոր հարցերին ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տվել է մեկ ընդհանուր, լղոզված պատասխան՝ խուսափելով կոնկրետ արձագանքից:

Այսօր՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից 8 օր անց, ՊՆ ներկայացուցիչը «Հետքին» հայտնել է. «Ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:

Փաստն այն է, որ ո՛չ 44-օրյա պատերազմի ժամանակ, ո՛չ 2021-ի մայիսին, ո՛չ 2021-ի նոյեմբերին, ո՛չ դրանցից հետո թշնամու ռազմական ագրեսիաների հետեւանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիայի ծավալների, այսինքն՝ մեր տարածքային կորուստների մասին ՊՆ-ն կոնկրետ ու համապարփակ ինֆորմացիա չի տրամադրել հանրությանը: Այնպես որ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի պատասխանը կարող ենք գնահատել ընդամենը որպես խուսանավման փորձ գերատեսչության կողմից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter