HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին պատգամավորի եւ որդու դեմ հարուցված քրգործը կքննի հակակոռուպցիոն դատարանը

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի եւ նրա որդու դեմ հարուցված քրեական գործը, դատարանից դատարան է տեղափոխվում:

2012-2017 եւ 2018-2019 թթ. օրենսդրի պաշտոն զբաղեցրած Դավթյանն ու նրա որդին՝ Արսեն Դավթյանը, մեղադրվում են այն բանի մեջ, որ լինելով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք, հայտարարագրերում թաքցրել են իրենց գույքին ու եկամուտներին վերաբերող մի շարք տվյալներ: Սա քրեորեն պատժելի արարք է:

Նախկին Քրեական օրենսգրքի համաձայն, որով շարունակում է քննվել գործը, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ժամկետով ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: 

Այս պատմությունն սկսվել էր 2018 թ. նոյեմբերին «Հետքի» հետաքննությունից հետո, որում անդրադարձել էինք Դուբայում անշարժ գույք գնած հայ պաշտոնյաներին ու գործարարներին:

Քրեական ոստիկանությունը, ուսումնասիրելով մեր հրապարակումը, որտեղ գրել էինք նախկին պատգամավորի հայտարարագրած ընդհանուր (նաեւ հայաստանյան) գույքի մասին, պարզել էր, որ Հ. Դավթյանը չի հայտարարագրել Հայաստանում ունեցած մի քանի միավոր գույք, ինչն էլ 2020-ի փետրվարին քրգործ հարուցելու պատճառ էր դարձել:

Հետո գործը քննել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) եւ մեղադրանք առաջադրել Հրանտ ու Արսեն Դավթյաններին:

Ըստ ՀՔԾ-ի՝ նախկին պատգամավորը չի հայտարարագրել 7 միավոր անշարժ գույք եւ բանկերում ունեցած դրամական միջոցները, իսկ նրա որդին՝ 1 միավոր անշարժ գույք, մեքենան վաճառելու եւ եկամուտ ստանալու փաստն ու բանկին ունեցած ֆինանսական պարտավորությունները:

2021-ի ապրիլին դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը եւ քրգործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Գործը դատարան էր մտել նույն տարվա մայիսին ու ընդունվել դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթ:

2021-ի նոյեմբերին դատավոր Մելիքսեթյանը տարօրինակ որոշում էր կայացրել: Այսպես՝ նոյեմբերի 10-ին Դավթյանների պաշտպանը միջնորդել էր դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով «իրադրության փոփոխությունը»։ Նախկին ՔՕ 74-րդ հոդվածը սահմանում էր․ «Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետեւանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»: Պաշտպանը ներկայացրել էր նաեւ այս հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծությունը, ըստ որի՝ անձը կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե իրադարության փոփոխության հետեւանքով ա) ինքն է դադարել վտանգավոր լինել հանրության համար, բ) արարքն է դադարել վտանգավոր լինել հանրության համար։ Ընդ որում՝ այս տարբերակներից մեկի առկայությունը բավարար է քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ 

Դավթյանների պաշտպանի գնահատմամբ՝ իրադրության փոփոխություն է եղել այն հանգամանքը, որ Հրանտ Դավթյանն ու նրա կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», 2021-ի հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքով չեն անցել խորհրդարան, այսինքն՝ Դավթյանն ու նրա որդին ընտրությունների արդյունքում չեն դարձել հայտարարատու անձ՝ նախկին ՔՕ 314.3 հոդվածով (որով մեղադրանք էր առաջադրվել) սահմանված հանցագործության սուբյեկտ։ Ու քանի որ սա եղել է Դավթյաններին վերագրվող առաջին հանցանքը, այն էլ՝ միջին ծանրության (նախատեսվող առավելագույն պատիժը 4 տարվա ազատազրկումն է), պաշտպանը միջնորդել էր քրեական հետապնդումը դադարեցնել (իրականում Հրանտ Դավթյանը նախկինում դատապարտված եղել է, բայց դատվածությունը մարված է եղել, իսկ մարումից հետո անձի կողմից քրեորեն պատժելի նոր արարք կատարելը եւս գնահատվում է որպես առաջին անգամ կատարված)։

Դատախազը դատարանում հայտարարել էր, որ պաշտպանը նման միջնորդություն ներկայացրել էր նաեւ նախաքննության ժամանակ, սակայն ինքը դա մերժել էր այն հիմնավորմամբ, որ պաշտոնատար անձ չլինելը (այս դեպքում՝ 2021-ին պատգամավոր չվերընտրվելը) չի կարող գնահատվել որպես իրադրության փոփոխություն:

Այդուհանդերձ, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանական միջնորդությունը նույն օրը՝ 2021 թ. նոյեմբերի 10-ին, Երեւան քաղաքի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել էր. «Դատարանն արձանագրում է ամբաստանյալ Հրանտ Դավթյանի հանրային վտանգավորությունը դադարած լինելու հանգամանքը՝ կապված իրադրության փոփոխությամբ, հետեւաբար դատարանի գնահատմամբ առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանք»: Նույն հիմնավորումը դատավորը կիրառել էր Դավթյանին փոխկապակցված անձի՝ որդու նկատմամբ։

Անդրադառնալով Արմինե Մելիքսեթյանի որոշմանը՝ անցյալ տարի գրել էինք, որ եթե այն օրինական ուժ, ապա, ըստ էության, կստացվի, որ տարբեր ծավալների ունեցվածք չհայտարարագրած պաշտոնյաները պաշտոնը թողնելուց հետո կարող են իրենց ապահովալ զգալ՝ նախաքննության ժամանակ կամ դատարանում հպարտ հայտարարելով, որ այլեւս պաշտոնյա չեն, ինչն «իրադրության փոփոխություն է», եւ դրա հետեւանքով իրենք կամ իրենց կատարած արարքն այլեւս հանրության համար վտանգավոր չեն։ 

Նկատենք, որ հայր եւ որդի Դավթյանները չէին առարկել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի իրադրության փոփոխության եւ ոչ թե արդարացման հիմքով։

Սակայն գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Մելիքսեթյանի որոշումը, եւ վերաքննիչ ատյանը (Անդրանիկ Մնացականյան, Մխիթար Պապոյան, Մհեր Արղամանյան կազմով) 2022 թ. հունիսի 3-ին բավարարել էր բողոքը եւ գործը նորից ուղարկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Վերաքննիչ ատյանը առաջին ատյանի որոշումը համարել է սխալ, վերջինիս թույլ տված խախտումները՝ էական. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգում է կատարել առ այն, որ իրադրության փոփոխման հետեւանքով ամբաստանյալներ Հրանտ Դավթյանի եւ Արսեն Դավթյանի անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Այլ կերպ ասած՝ առաջին ատյանի դատարանն այդ մասով ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, այն է՝ ամբաստանյալներ Հ. Դավթյանի եւ Ա. Դավթյանի նկատմամբ կիրառել է Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Նշված խախտումն իր հերթին հանգեցրել է Քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի խախտման, ինչպես նաեւ անօրինական եւ չհիմնավորված դատական ակտի կայացման, ինչի արդյունքում ամբաստանյալներ Հ. Դավթյանը եւ Ա. Դավթյանն անհիմն ազատվել են քրեական պատասխանատվությունից: Նշված խախտումներն իրենց բնույթով էական են եւ, Քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են կայացված դատական ակտն ամբողջությամբ բեկանելու եւ գործն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար: Նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է օրենքով սահմանված կարգով ամբաստանյալներ Հ. Դավթյանի եւ Ա. Դավթյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ հանգի համապատասխան հետեւության»:

Վերաքննիչի այս որոշումը պաշտպանական կողմը չի բողոքարկել Վճռաբեկ ատյանում, հետեւաբար այն սեպտեմբերի վերջին ուղարկվել է Երեւանի դատարան: Գործն այս անգամ մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին, սակայն վերջինս վարույթ ընդունելու փոխարեն սեպտեմբերի 30-ին որոշել է, որ քրգործը պետք է քննի ոչ թե Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, այլ նորաստեղծ հակակոռուպցիոն դատարանը: Դատավոր Շահվերդյանն իր որոշման մեջ նշել է, որ Դավթյաններին մեղսագրված արարքները թե՛ նախկին, թե՛ ներկա Քրեական օրենսգրքերում համարվում են կոռուպցիոն հանցագործություններ, հետեւաբար նրանց գործն ընդդատյա է բացառապես հակակոռուպցիոն դատարանին:

Այսպիսով՝ Հրանտ եւ Արսեն Դավթյանների քրեական գործը պետք է որ քննի ու վերջապես վճիռ կայացնի հակակոռուպցիոն դատարանը: 

Լուսանկարում՝ Հրանտ Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter