HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հետքի» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Հայ պաշտոնյաների՝ Դուբայի շքեղ համալիրներում ձեռք բերած անշարժ գույքի վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա փետրվարի 12-ին քրեական գործ է հարուցվել: Այն, սակայն, վերաբերում է ոչ թե գույք ձեռք բերելուն, այլ դրա հայտարարագրմանը: Այս մասին մեզ տեղեկացրել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ե. Պետրոսյանը:   

Մեր հետաքննության մեջ անդրադարձել էինք ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, հետագայում ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ Բաբկեն Սեդրակյանի եւ նրա կնոջ ու պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի կնոջ կողմից ձեռք բերված եւ վաճառված բնակարաններին:

Հրապարակումից օրեր անց ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը «Հետքին» նամակ էր գրել, որով հայտնել էր հետեւյալը. «Նյութում հրապարակված անձինք եւ փաստերը հետաքրքրություն են ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության մարմինների համար, ուստի խնդրում ենք առկայության դեպքում մեզ տրամադրել վերը նշված նյութին վերաբերող լրացուցիչ եւ մանրամասն տվյալներ՝ բացահայտելու ՀՀ-ից դրամական միջոցների արտահոսքի մեխանիզմներն ու դրանց մեջ ներգրավված անձանց շրջանակը»: Քանի որ մենք հրապարակել էինք մեր ունեցած բոլոր տվյալները, ԱԱԾ-ին հայտնելու որեւէ ինֆորմացիա չունեինք: Դրանից ամիսներ անց մեզ նույն խնդրանքով դիմել էին նաեւ ՀՀ ոստիկանությունից, սակայն պատասխանը, բնականաբար, եղել էր նույնը:

Այնուհետ հարցում էինք ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք մեր նյութի հիման վրա հարուցվել է քրգործ: Դատախազությունից հայտնել էին, որ հրապարակման նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որտեղ կատարվում են լայնածավալ ստուգողական աշխատանքներ: Օրերս էլ կրկին դատախազությունից տեղեկացել էինք, որ «Հետքի» հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ինչը նշանակում էր, որ հնարավոր է՝ քրգործ հարուցվի: Այդպես էլ եղել է:

Գնդապետ Ե. Պետրոսյանի փոխանցմամբ՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրգործ ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս դրույթը սահմանում է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»: Նկատենք, որ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեականացվել է 2017-ի հուլիսի 1-ից եւ հետադարձ ուժ չունի:

Քանի որ վերը նշված պաշտոնյաներից Հ. Հակոբյանը ԱԺ պատգամավոր էր 1999-2007 թթ. (մինչեւ 2006 թ. անկուսակցական էր, ապա՝ ՀՀԿ-ական), հասկանալի է, որ քրգործը նրան չի վերաբերում:

Հիշատակված անձանցից պաշտոնյա է եղել Արթուր Աֆրիկյանը, ով ֆինանսների փոխնախարարն էր 2014-2016 թթ., ապա՝ 2016 թ., ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը: Աֆրիկյանը ՊԵԿ փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ է տվել 2016-ի հոկտեմբերին, մյուս կողմից, ինչպես նշեցինք, հայտարարագրի մեջ կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեորեն պատժելի արարք է համարվում 2017-ից:

Այդուհանդերձ, մեր ձեռք բերած տվյալներով, Աֆրիկյանը 2014-2015 թթ. անշարժ գույք է ձեռք բերել «Address Dubai Mall» (1 բնակարան) եւ «Address Downtown» (4 բնակարան) հյուրանոցներում, փոխարենը 2014 թ. 2 բնակարան է վաճառել արմավենու տեսքով «Palm Jumeirah» արհեստական կղզում: Այս հիշատակումը կարեւոր է նրանով, որ Աֆրիկյանը, 2014-ին դառնալով ֆինանսների փոխնախարար, հայտարարագրել էր ընդամենը մեկ բնակարան եւ ավտոտնակ, նույնն արել էր 2016-ին, երբ նախ նշանակվել էր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, ապա ազատվել պաշտոնից:

Մեր հետաքննության հերոսներից Բաբկեն Սեդրակյանը նյութը հրապարակելիս (06.11.2018) հայտարարատու անձ չէր, սակայն այդպիսին դարձել էր 2018-ի դեկտեմբերին, երբ նշանակվել էր ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ ու պաշտոնավարել մինչեւ 2019-ի սեպտեմբեր, երբ ազատվել էր ծառայությունից:

Պաշտոնի ստանձնման հայտարարագրում Սեդրակյանը նշել էր, որ ունի 1 առանձնատուն եւ 2 բնակարան: Ըստ մեր տեղեկությունների՝ քրգործի առանցքում Սեդրակյանը եւս չկա:     

Դուբայում գույք ձեռք բերած պաշտոնյաներից մյուսը՝ ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանը, ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 թթ.: 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նույն տարվա փետրվարին, Դավթյանը ԿԸՀ-ին ներկայացրել էր թեկնածուի հայտարարագիր, որում, սակայն, չէր նշել ԱՄԷ-ում ունեցած բնակարանի մասին, չնայած այն, իր խոսքերով, գնել էր շուրջ 15 տարի առաջ: Այդուհանդերձ, երբ 2018-ի ամռանը պատգամավորական աթոռից հրաժարված Մերուժան Սիմոնյանի մանդատը բաժին էր հասել Դավթյանին, վերջինս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել էր պաշտոնի ստանձման հայտարարագիր, որում հիշատակել էր Դուբայի բնակարանը (Հ. Դավթյանի լիազորությունները դադարել են 2019-ի հունվարին նոր գումարման խորհրդարանի կազմավորմամբ): Այն, որ Դավթյանը նշել է բնակարանի մասին, մեզ հայտնել էին հանձնաժողովից՝ գաղտնազերծելով գույքի հասցեն: 

Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, սակայն, նշել է, որ քրգործը հարուցվել է հենց Հրանտ Դավթյանի դրվագով: 

Քրեական ոստիկանությունից մեզ հայտնել են, որ քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՔԾ: Վերջինիս մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքին» տեղեկացրել է, որ գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ առայժմ չկա:   

Առաջին լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանություններ (4)

Lucineh
...sad.....and these are our fellow Armenians....
HAGOP
JAIL JAIL JAIL JAIL
barseghian
Դուք իրական աշխատանք եք կատարում, որպես ազատ լրագրող, լուրջ հետաքննություններ անցկացնելով ՝ ի շահ հայրենիքի, այս բոլոր պետական ​​գողերի, հանցագործների դեմ: Շատ շնորհակալ եմ, ցավոք, առայժմ դեռևս քիչ հանցավոր արդյունք կա
Zoya shaikh
Hey, I'm Zoya, I live in dubai and work as an application consultant at Dubaitransitevisa.com . Your article is so informative and good.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter