HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը դեռևս ժամկետներ չի նշում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման վերաբերյալ

Կրեմլը դեռևս հստակ ժամկետներ չի նշում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ, որոնք հրավիրվել են Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Հավելյալ կհայտնենք»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով եռակողմ բանակցությունների ժամկետների վերաբերյալ հարցին։ Ընդ որում, պարբերականը, հղում անելով Երևանի և Բաքվի իր աղբյուրներին, գրում է, որ գագաթնաժողովը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու եռակողմ հերթական գագաթնաժողովին, որպեսզի քննարկի եռակողմ և երկկողմ հարցերի ողջ համալիրը։ 

Այս ձևաչափով եռակողմ վերջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերին Սոչիում։ Այն տեղի էր ունենում Սյունիքում ակտիվ ռազմական գործողություններից հետո, երբ կողմերն սկսել էին կիրառել հրետանի և զրահատեխնիկա։ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ սկսում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։

Նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը եռակողմ հանդիպում կունենան նաև Բրյուսելում, այս անգամ արդեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ժամանակ։ Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, որ «կողմերը մոտենում են խաղաղությանը»։

«Հուսով եմ, որ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Ես գնահատում եմ այս ոլորտում Շառլ Միշելի աշխատանքը։ Որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ կայացել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք մոտ ենք խաղաղությանը»,- ասել էր Ալիևը։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter