HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները

Տրակտորն անցնում է խաղողի այգու վազերի վրայով՝ անիվների տակ թողնելով երիտասարդ շիվերը: Տղամարդկանց մի խումբ արագ-արագ այգու մետաղական լարերն է հավաքում, մյուսներն օգնում են, որ տրակտորը բետոնե հենասյուները հողից դուրս բերի:

Նարեկ Փոլադյանը փոքր տրակտոր ունի և վճարովի հիմունքներով ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի Հացիկ և հարևան գյուղերի հողագործներին: Խաղողի բերքահավաքից հետո Նարեկի հիմնական զբաղմունքը դարձել է խաղողի այգիների քանդումը: Արդեն չի հիշում, թե քանի հեկտար այգի է քանդել ու քանիսն են հերթի մեջ սպասում: Ժամանակ չի ունենում, որ իր մեկ հեկտար այգին էլ քանդի:

Արդեն 15 օր է՝ գյուղացիները մեծ թափով սկսել են քանդման աշխատանքները: Նարեկն ասում է, որ այգին քանդելուց հետո մտածում է պտղատու ծառերի այգի հիմնելու կամ հողն օգտագործելու՝ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար: Հույս ունի, որ գոնե լոլիկը, վարունգը կիլոգրամով կկարողանա վաճառել, ինչը տեխնիկական սորտի խաղողի դեպքում հնարավոր չէ:

Նարեկը պատմեց, որ այգի քանդելը ևս ծախսատար է, և շատերը, գումար չունենալու պատճառով, չեն քանդում: Նշում է, որ 1 հեկտար խաղողի այգին քանդելու և տարածքը վարելահող դարձնելու համար առնվազն 500-600 հազար դրամ գումար է անհրաժեշտ: 

Դիզելային վառելիքը թանկացել է, բանվորական ուժը՝ նույնպես: Մոտ երկու շաբաթ է անհրաժեշտ 1 հեկտար այգին քանդելու համար: Իսկ բանվորի օրավարձը 10 հազար դրամ է:

«Ավելի լավ ա խաղողի այգի չմշակես, քան 80 դրամով խաղող հանձնես: Ժողովուրդը մեղք չե՞ն, բոլորը վարկերի ու տոկոսների տակ են: Ես էլ 5 մլն դրամ վարկ ունեմ, այգու հույսով էի վերցրել, բայց այգին մինուսով է աշխատում, ո՞նց փակեմ վարկը»,- ասում է Նարեկը:

Գյուղացիները քանդում են ոչ միայն «ծերացած», այլև երիտասարդ այգիները, որոնց վրա խոշոր գումարներ են ծախսել: Նույնիսկ այդ հանգամանքը հետ չի պահում գյուղացիներին այգիները քանդելու մտքից: Նարեկն ասում է, որ սեպտեմբերն ու հոկտեմբերը ամենատանջալից ամիսներն են խաղողագործների համար: Չգիտեն՝ որտեղ և ինչ գնով կկարողանան խաղողը վաճառել:

«Դրա համար ավելի լավ ա քանդենք, թափենք, չգանք, չտեսնենք, սրտներս չցավա: 5 տարեկան երեխուց բռնած ժողովուրդը գալիս, չարչարվում են հողերի մեջ, որ գոնե աշունը գա մի արդյունքի հասնի»,- ասում է Նարեկը:

Սակայն, մթերման հանձնելն էլ գյուղացիներին չի ոգևորում: Մթերող գործարանները խաղողի մթերման գումարները վճարում են 8-9 ամսվա ընթացքում: Գնաճի և դրամի արժեզրկման պայմաններում գյուղացիները այստեղ ևս վնասներ են կրում:

Նարեկի խոսքերով՝ ինչ հիշում է, ամեն տարի տարբեր պաշտնյաներ հույս են տալիս, որ լավ կլինի, մթերման հարցը կլուծվի, սակայն տարեցտարի վիճակը վատանում է: Նույնիսկ գործարանների հետ պայմանագրեր ունեցողները երաշխիք չունեն, որ ժամանակին կկարողանան բերքը մթերման հանձնել: Վերջին տարիներին նաև գործարաններն են խաղողագործների հետ խզել պայմանագրերը: Այս տարի այդ վիճակից օգտվեցին վերավաճառողները: Վերջիններս գյուղացիներից 80-100 դրամով մթերում էին խաղողն ու իրենք հանձնում գործարաններին:

Նարեկը նշում է, որ խաղողի 1 կգ-ի ինքնարժեքը 120-130 դրամ է: Գործարանները լավագույնն այդ գնով են մթերում, ինչը գյուղացուն եկամուտ չի ապահովում: Ասում է՝ առնվազն 170 դրամով պիտի մթերեն խաղողը, որ կիլոգրամի մեջ գոնե 40 դրամ օգուտ ստանան:

«Եթե մթերումը նորմալ լինի, իհարկե, ուզում ենք այգին մնա: Ոչ մեկ այգի դնելուց չի մտածում քանդելու մասին: Լուրջ ծախսեր ենք անում ու հիմա ստիպված ենք քանդել»,-հավելում է Նարեկ Փոլադյանը:

Դեռ խոսքը չէր ավարտել, երբ հիշեց, որ ոռոգման ջուրն էլ հեշտ չի տրվում: Ամառվա ամիսներին կռվելով են ջուր բերում:

«Ցանկացած մեկին կարող ես գնալ, հարցնել` գյուղացու վիճակը շատ վատ է: Գյուղացին չի ապրում, ուղղակի գոյատևում է: Ամեն ինչ թանկացել է՝ բացի գյուղացու տանջանքից»։

Արմավիր խոշորացված համայնքի համայնքապետի խորհրդական Կարեն Մկրտչյանը համակարգում է նաև գյուղատնտեսական ոլորտը: «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին մթերման տարին ավարտելուց հետո այգիները քանդելու ալիք է բարձրանում, սակայն հետո մարում է:

Կարեն Մկրտչյանը չթաքցրեց, որ խաղող մշակողները լուրջ դժվարություններ ունեն: Նշում է, որ խաղողի ինքնարժեքը տարբեր խաղողագործների մոտ տարբեր է՝ կախված հողատարածքի չափից, աշխատուժից և այլն: Սակայն բոլոր դեպքերում առկա են մթերման դժվարություններ:

«Մեր հիմնական սպիրտն արտահանվում է դուրս, իսկ այս պահին ունենք սպիրտի արտահանման խնդիր: Տեսնում ենք, թե Լարսում ինչ է կատարվում, արտահանող բեռնատարները գնում, օրերով կանգնում ենք այնտեղ»,- ասում է Կարեն Մկրտչյանը:

Համայնքապետի խորհրդականի խոսքերով` Կառավարությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում։ Գյուղատնտեսական հումք մթերողներին անտոկոս վարկ է տրամադրում, որպեսզի մթերեն խաղողը, սակայն շատ գործարարներ չեն մտնում այդ բեռի տակ: Ռիսկը մեծ է, որ չեն կարողանա սպիրտը վաճառել:

«Մարտ-ապրիլ ամսից խաղողագործն իր պայմանագիրը` իր երաշխիքներով պետք է ունենա, որ իմանա սեպտեմբերին մթերման խնդիր չի ունենա: Խաղողագործությունը շատ դժվար աշխատանք է պահանջում»,- ասում է Կարեն Մկրտյանը:

Համայնքային պաշտոնյան նշեց, որ խաղողն Արմավիրի մարզում ամենաբարձրարժեք կուլտուրան է: Դեռ վաղ է թվային տվյալներ ներկայացնել, թե քանի հեկտար այգի է քանդվել: Տվյալները հայտնի կլինեն ավելի ուշ: Հետևաբար չի էլ կարող ասել, թե քանդման ծավալներն ինչ ազդեցություն կարող են ունենալ:

Մեկնաբանություններ (1)

շատ ապսոս
առանց գինի ու կոնյակ կվնանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter