HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հիվանդություններ, որոնց դեպքում դեղերը տրվում են անվճար. պետությունը 15-ից 10-ն է լիարժեք ապահովում

Կառավարության 2019թ որոշմամբ՝ սահմանվել է 15 հիվանդություն, որոնց դեպքում դեղերը տրվում են անվճար։ 2022թ.ին այդ հիվանդությունների դեղապահովման ծրագրի իրականացնման համար անհրաժեշտ է եղել մոտ 4 մլրդ դրամ, որից 3,7 մլրդը հատկացրել է պետությունը, մոտ 200 մլն դրամի չափով էլ Հայաստանը դեղորայք ստացել է՝ որպես մարդասիրական օգնություն։

Սակայն սահմանված 15 հիվանդությունից 10-ի դեպքում է պետությունը 100%-ով կարողանում է ապահովել հիվանդների կարիքները, 2-ի դեպքում էլ ապահովում է 85%-ով։ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանն ասում է, որ դեղապահովածությունը տարեցտարի ավելանում է, դեղերի որակը՝ լավանում, 2023-24թթ.ին էլ, հնարավոր է, նոր հիվանդություններ ընդգրկվեն այդ ցանկում։ 

Ինչ վերաբերում է չգրանցված, բայց կենսականորեն անհրաժեշտ դեղերին, ԱՆ-ն «ունի համապատասխան պահեստավորված քանակ»։

 

Կառավարության՝ 2019թ․ մայիսի 30-ին N 642-Ն որոշմամբ՝ սահմանվել է այն անձանց ցանկը, որոնք պետության կողմից կարող են անվճար կամ 50% համավճարով՝ կես գնով, դեղորայք ստանալ։ Սահմանվել է նաև այդ խմբերին տրվող դեղորայքի հիմնական ցանկը (մոտ 550 անուն դեղ, որոնք ԱՆ հատկացված բյուջեով իրականացված գնումների միջոցով ձեռք են բերում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները

Ըստ այդ որոշման, օրինակ, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին դեղորայքը տրվում է անվճար, իսկ 3-րդ կարգի հաշմանդամներին՝ կես գնով։

Բացի այդ, նույն որոշման համաձայն՝ կան հիվանդություններ, որոնց դեպքում, անկախ հաշմանդամության կարգից կամ խմբից, դեղերը տրվում են անվճար։

Առավել մանրամասն՝

Արտոնյալ կարգով տրամադրվող անվճար դեղեր
Infogram

Վերոնշյալ 15 հիվանդությունների համար դեղերը ձեռք են բերվում ԱՆ-ի կողմից և հատկացվում հիվանդներին անվճար։ 2022թ.-ին պետությունը ցանկի 12 հիվանդությունների մասով կարողացել է անվճար դեղորայք ապահովել, մասնավորապես, 10 հիվանդություն՝ 100%-ով, 2 հիվանդություն՝ 85%-ով։

Ծրագրի շահառուների թիվն այս պահին 171 000 է. նրանք Հայաստանում են և դեղ են ստանում։

«65 անվանում դեղից 70% եվրոպական արտադրության, բարձր որակի դեղեր են,- ասում է Մարինե Հարությունյանը։- Այն դեղերը, որոնք Հայաստանում տեղական արտադրողների դեղեր են, դրանք այն արտադրողներն են, որոնք ունեն պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ, GMP) միջազգային հավաստագրեր։ Այսինքն՝ այն 30%-ը, որն արտադրված է ՀՀ-ում և տրամադրվում է այս ծրագրի շրջանակներում քաղաքացիներին, դրանք բարձրորակ դեղեր են»,- նշում է բաժնի պետը։

Շահառուների ամենամեծ տոկոսը շաքարային դիաբետ ունեցող մարդիկ են, որոնց թիվը, հատկապես՝ կորոնավիրուսից և պատերազմից հետո ավելացել է։ Նրանց դեղապահովումը, ԱՆ տվյալներով, 100% է։

«Մենք ունենք ծրագիր՝ ինսուլինային դեղի մասով. մեծահասակներին 100%-ով ապահովում ենք սրվակային ինսուլինով, իսկ 0-18 տարեկան և մինչև 23 տարեկան շահառուներին ապահովում ենք ինսուլինային անալոգներով, արյան մեջ գլյուկոզային չափման թեստերիզներով և անհրաժեշտ սարքով։ Ընդհանուր ապահովումը կատարվում է եռամսյակային կտրվածքով։ Անվճար կարգով հիվանդներն անխափան ստանում են համապատասխան դեղերն ու թեստերիզները»,- ասում է նա։

Հարությունյանն ընդգծում է, որ հենց դեղերի ամբողջական ապահովվածության շնորհիվ է, որ այս շաքարային դիաբետի մասով նկատվում է դրական դինամիկա։ Մասնավորապես, 2010-2020թթ․ շաքարային դիաբետից մահացությունն է նվազել, օրինակ,  2010թ․ ընդհանուր մահերի մեջ շաքարային դիաբետով մահացությունը եղել է 6,6%, իսկ 2021թ․ տվյալներով՝ այդ թիվը 6 անգամ նվազել է՝ դառնալով 1,1%, ինչը ԱՆ-ից վստահ են՝ դեղապահովության բարձր մակարդակի արդյունքն է, քանի որ, ի տարբերություն 2022թ.-ի, 2010թ․ շաքարային դիաբետի դեղերի ապահովածությունը կազմել է մոտ 60%։

Չարորակ նորագոյացություններից՝ կրծքագեղձի քաղցկեղի 1-ին և 3-րդ փուլերում գտնվող քաղաքացիները նույնպես լիարժեք ապահովվում են դեղերով՝ հիվանդին անհրաժեշտ ամբողջ կուրսի չափով, և դեղերը տրվում են անվճար, ինչը Հարությունյանը «լրջագույն ձեռքբերում է համարում»։

«Կրծքագեղձի քաղցկեղի առաջնային և երրորդային փուլի պացիենտներին տրամադրվում է եվրոպական արտադրության բավականին թանկարժեք դեղ՝ տարեկան կտրվածքով՝ այդ քանակը կազմում է մոտ 17 սրվակ»,- ասում է նա։

Կրծքագեղձի քաղցկեղի՝ դեղերի անվճար տրամադրման ծրագիրը սկսվել է 2020թ․, մինչև այդ ԱՆ-ն այդ հիվանդների դեղերը չէր ապահովում։ Ըստ Մ. Հարությունյանի՝ դրա շնորհիվ է, որ վերջին տարիներին այդ հիվանդների մոտ գրանցվում է «ապրելիության բարձրացում, մահացության իջեցում, մետաստազների հնարավոր աճի նվազեցում, ինչպես նաև՝ հիվանդների կյանքի որակի լավացում»։

2023-24թթ. ԱՆ-ն առաջարկել է Կառավարության ծրագրերում ընդգրկել նաև կրծագեղձի քաղցկեղի 4-րդ փուլի համար նախատեսված դեղերը, որոնք նույնպես պետք է տրամադրվեն անվճար։ Հարությունյանը հույս ունի, որ այն ևս կհաստատվի։

Բացի այդ, չարորակ նորագոյացություններ ունեցողներին պետությունն անվճար տրամադրում է թմրադեղեր, ցավազրկողներ, ինչպես նաև՝ մանկական օնկոհեմատոլոգիական դեղեր, որոնցից այս տարի ձեռք է բերվել շուրջ 38 անվանում, այդ թվում՝ չգրանցված դեղեր։

100%-ով դեղեր տրամադրվում են նաև հոգեկան հիվանդությունների դեպքում. ապահովվում են առաջնային և երկրորդական ուղեցույցներում ընդգրկված դեղերը։

էպիլեպսիա ունեցող հիվանդները նույնպես 100%-ով ապահովվում են դեղերով։ Դրանք, Մ. Հարությունյանի խոսքով, 2020թ.-ից համալրվել են «նոր սերնդի դեղերով», որոնք տրամադրվում են 0-18 տարեկաններին։

Ֆենիլկետոնուրիա ունեցողներին ԱՆ-ն ամբողջությամբ տրամադրում է անհրաժեշտ մանկական կերը, անհաս նորածնային շնչառական խանգարումներ ունեցողներին՝ անհրաժեշտ բոլոր դեղերը։ Նույնը՝ տուբերկուլյոզի և ՄԻԱՎ-ի դեպքում. դեղերը տրվում են անվճար և ամբողջությամբ փակում են դեղորայքի պահանջը։

Քրոնիկ երիկամային անբավարարություն դեպքում պացիենտներին տրամադրվում է դեղերի ընդհանուր պահանջարկի 85%-ը։ Մ. Հարությունյանը սակայն, հույս է հայտնում, որ 2023-24թթ․ այդ հիվանդների դեղերի ապահովումը նույնպես կկարողանան հասցնել 100%-ի։

«85% մեզ համար ձեռքբերում է, որովհետև ընդհանուր ապահովվածությունը 30%-ից է դարձել 85%։ Սա նույնպես բավականին թանկարժեք դեղ է, և տարեցտարի մենք քանակային ավելացումներ ունենք»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հեմոդիալիզի համար նախատեսված դեղերը կկարողանան ապահովել ամբողջությամբ։

2020թ.-ից գործում է նաև վիրուսային հեպատիտ Ց ունեցող մարդկանց դեղահովման ծրագիրը, որի շրջանակներում ամեն տարի 1000 հիվանդ ստանում է «նորագույն սերնդի, թանկարժեք» դեղեր՝ ամբողջ կուրսի համար։

 

Դեղերի անընդհատության ապահովում. 15 ամիս 12 ամսվա փոխարեն

Դեղերի ձեռքբերման համար հատկացվող գումարը 2010թ․ համեմատ 2022թ.-ին կրկնակի ավելացել է, սրան զուգահեռ ավելացել է նաև հիվանդների թիվը, թանկացել են դեղերը, և Հայաստանն ունի չգրանցված` հակաուռուցքային, հակացնցումային, հակաէպիլեպսային, հոգեմետ, իմունաճնշիչ, հիպոգլիկեմիկ շոկի կանխարգելման, անզգայացնող, հեպատիտ С-ի բուժման համար նախատեսված (և այլ) դեղերի կարիք, որոնց ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2023թ․ փետրվարի 28-ը։

Այս ամենով հանդերձ, Մարինե Հարությունյանն ասում է, որ, պետությունը կկարողանա շարունակել 10 հիվանդության դեղեր ապահովել 100%-ով։ Իսկ «կենսական, կարևոր դեղերի պարագայում, ԱՆ-ն ունի համապատասխան պահեստավորված քանակ։

«Առողջապահության նախարարությունը երբևէ չի ունեցել բուֆերային՝ մնացորդային քանակներ, և տարվա վերջում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, քանի որ դեղապահովման անընդհատությունը խախտվել է, և պացիենտները դժգոհել են նաև այս առումով,- ասում է Մ. Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին ԱՆ-ն պլանավորումն իրականանցում է ոչ թե 12 ամսվա համար, այլ 15, ինչի շնորհիվ և կորոնավիրուսի, ինչպես նաև՝ պատերազմի պայմաններում դեղերի մատակարարման ընդհատման խնդիր ԱՆ-ն չի ունեցել։

Առաջիկայում նախատեսվում են նաև նոր ծրագրեր 4 այլ հիվանդությունների մասով։ Մ. Հարությունյանը համոզված է, Կառավարությունը 2023-24թթ.ին ֆինանսական միջոցներ կհատկացնի ԱՆ ծրագրերի իրականացման համար։

 

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter