HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 7000 խաղաղ բնակիչ

Անցած տարվա փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով զոհվել է ավելի քան 7000 քաղաքացիական անձ։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հրապարակած նոր զեկույցում, որը տարածվել է հունվարի 16-ին։ Խաղաղ բնակչության մեծամասնության մահվան կամ վիրավորման պատճառը ծանր հրետանուց և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից ռմբակոծություններն են, ինչպես նաև հրթիռային և ավիացիոն հարվածները։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակից նշում են, որ խոսքը գնում է միայն փաստաթղթերով հաստատված դեպքերի մասին, իրականում այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինել։ «Այն բնակավայրերի շրջաններից, որտեղ եղել կամ շարունակվում են գրանցվել ինտենսիվ մարտեր, մասնավորապես՝ Մարիուպոլից, Լիսիչանսկից, Սևերոդոնեցկից, Սոլեդարից և Բախմուտից, նախկինի պես շատ բարդ է տեղեկատվություն ստանալ»,- նշում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակը։

Կազմակերպության տվյալներով՝ նախորդ տարվա փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում զոհվել է 7031 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 433 երեխա։ Վիրավորվել է 11327 քաղաքացիական անձ, որից 827-ը՝ երեխաներ։ Մահվան դեպքերի մեծամասնությունը՝ ավելի քան 90 %-ը, փաստաթղթավորվել են Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Միայն Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով, հունվարի 17-ի դրությամբ, զոհվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։ Շենքի ավելի քան 20 բնակիչ էլ շարունակում է մնալ անհետ կորած։

Պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայում գրանցվել է խաղաղ բնակիչների զանգվածային մահվան տասնյակ դեպքեր։ Այսպես, նախորդ տարվա մարտին, ուկրաինական բանակի կողմից Բուչայի ու Իրպենի ազատագրումից հետո, հայտնաբերվել է ավելի քան 700 սպանված խաղաղ բնակչի մարմին։ Նույն ամսվա ընթացքում ռուսական ավիացիայի ռմբակոծությունների հետևանքով Մարիուպոլի դրամատիկական թատրոնում, ըստ ուկրաինական իշխանությունների, զոհվել է մոտ 300 մարդ։

Ապրիլին Կրամատորսկի կայարանի հրթիռակոծության հետևանքով էլ զոհվել էր 50 խաղաղ բնակիչ, 48-ն էլ Չասով Յար քաղաքի բազմահարկ շենքի հրթիռակոծության հետևանքով։ Նույն ամսին Վինիցայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 27 մարդ։

Օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության օրը, Ռուսաստանը հրթիռակոծել էր Դնեպրոպետրովսկի մարզի Չապլինո երկաթուղային կայարանը, որը հանգեցրել էր 25 քաղաքացիականի մահվան։ Հոկտեմբերին էլ Ուկրաինայի տարածքի զանգվածային հրթիռակոծության հետևանքով զոհվել էր ավելի քան 30 խաղաղ բնակիչ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter