HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ կապ ունի «Պատրոն Դավիթը» վկայական ստացած հայկական ավիաընկերության հետ

Հայկական «Սմարթ Էյրլայնզ» ՍՊԸ-ն հունվարի 12-ին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել 2 տարի ժամկետով, ինչը նրան թույլ կտա այդ ընթացքում իրականացնել առեւտրային փոխադրումներ: «Սմարթ Էյրլայնզի» («Smart Airlines») համար սա առաջին ՕՇՎ-ն չէ, եւ, ընդհանրապես, ավիացիայում սա նոր ընկերություն չէ: Սակայն իր տեսակով սա, թերեւս, եզակի ընկերություն է:

«Smart Airlines» դարձած «Atlantis Armenian Airlines»-ը

Այս ավիաընկերությունը հիմնադրվել է 2010 թ. ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե՝ ՔԱԿ) պետի նախկին տեղակալ Արամ Մարությանի մերձավորների կողմից, սակայն փաստացի սեփականատերը եղել է հենց Մարությանը: Ընկերությունն սկզբնապես կոչվել է «Էյր Ատլանտիս», ապա՝ «Ատլանտիս Գրուպ»: 2018-ից անվանակոչվել է «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» («Atlantis Armenian Airlines»): Հայկական ավիացիայի նորություններին հետեւող ընթերցողները կհիշեն, որ այս ընկերությունը ծրագրում էր իրականացնել Երեւան-Կապան-Երեւան ուղեւորափոխադրումներ:

Այդուհանդերձ, Արամ Մարությանը (ըստ փաստաթղթերի՝ նրա ընկերները) 2020 թ. հոկտեմբերին հիմնադրեց նոր ավիաընկերություն՝ «ՆովԷյր» ՍՊԸ-ն («NovAir»), որն էլ պետք է իրականացներ Երեւան-Կապան-Երեւան թռիչքները, ինչը, սակայն, տեղի չունեցավ: «NovAir»-ը ստեղծելուն զուգահեռ՝ Մարությանը «Atlantis Armenian Airlines»-ը 2020-ի հոկտեմբերին օտարեց նոր տերերի, որոնք էլ նույն տարվա դեկտեմբերին այն անվանափոխեցին՝ դարձնելով «Smart Airlines»:

Վերջինս դեռ Մարությանի օրոք ՕՇՎ էր ստացել, ուներ IATA-ի ու ICAO-ի կոդեր՝ TD եւ AEU, որոնք նրան իրավունք էին տալիս կատարել միջազգային փոխադրումներ: Մարությանի ղեկավարման ներքո «Atlantis Armenian Airlines»-ի հաշվեկշռում էր գտնվում Երեւան-Կապան ուղեգիծը շահագործելու համար 2018-ին Հայաստան բերված չեխական արտադրության «L-410UVP-E20» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-4117), որը ձեռք էր բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից: Սակայն երբ հիմնադրվեց «NovAir»-ը, օդանավն, ինչպես եւ դեպի Կապան թռիչքների ծրագիրը, անցավ նրան:

2020 թ. հոկտեմբերի 14-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը «Smart Airlines»-ի կազմում էր գրանցված «Իլ-76ՏԴ» տիպի բեռնատար օդանավ (ՀՀ գրանցումը՝ EK-76345), որը կարեւոր փոխադրումներ էր կատարում դեպի Հայաստան, մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին:

EK-76345-ը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, 28.12.2020, հեղ.՝ Պավել Ֆետիսով

2021 թ. հունվարի 1-ից «Smart Airlines»-ն այլեւս չուներ Հայաստանում գրանցված օդանավ: Նույն տարվա ապրիլին ՔԱԿ-ը կասեցրեց ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը, քանի որ օրենսդրության համաձայն՝ վկայական ստացած փոխադրողը պարտավոր է ունենալ (որպես սեփականատեր, վարձակալ կամ ենթավարձակալ) թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավ կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած պիտի լինի: Ու քանի որ «Smart Airlines»-ը չէր բավարարում այս օրենսդրական պահանջը, նրա ՕՇՎ-ի գործողությունը 2021 թ. ապրիլին կասեցվեց 3 ամսով, որի ընթացքում ընկերությունը հնարավորություն ուներ բավարարել օրենսդրական պահանջները: Դա տեղի չունեցավ, եւ 2021-ի օգոստոսին ՔԱԿ-ը ժամկետից շուտ դադարեցրեց «Smart Airlines»-ի ՕՇՎ-ի գործողությունը (այն նախատեսված էր մինչեւ 2022 թ. օգոստոս):

Եվ ահա 2021-ի օգոստոսից շուրջ 1,5 տարի անց «Smart Airlines»-ը կրկին ՕՇՎ է ստացել քաղավիացիայի կոմիտեի կողմից, որն, ինչպես ասվեց վերեւում, ուժի մեջ է մինչեւ 2025 թ. հունվար:

Ավիաընկերությունը գրանցված է Երեւանի Կոմիտասի 19/1 հասցեում:  

Ովքե՞ր են «Smart Airlines»-ի ներկա տերերը

Փոխադրողի նոր տերերին, որոնք 2020-ի հոկտեմբերին այն գնեցին Արամ Մարությանից, «Հետքը» նախկինում անդրադարձել է: Դրանք երկուսն են՝ աշտարակցի Էդուարդ Օհանյանը (1 %) եւ Երեւանում գրանցված «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն (99 %): Համենայն դեպս, նրանք են ավիաընկերության տերերը «թղթի վրա»:

37-ամյա Էդուարդ Օհանյանի անունն առնչվում է մի շարք կազմակերպությունների: 2021-ին գրել էինք, որ նա տնօրեն է մի քանի շինարարական ընկերություններում (Օհանյանը տնօրեն է նաեւ 2022-ի մայիսին հիմնադրված «Կարապի լիճ» ՍՊԸ-ում, որն, ըստ ՊԵԿ-ի, ներգրավված է հյուրանոցային բիզնեսում. ընկերության հիմնադիրներից մեկը 2016-2018 թթ. ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանն է): 2020-ի հոկտեմբերին էլ՝ մինչեւ «Atlantis Armenian Airlines»-ի ձեռքբերումը, նա հիմնել էր «Արմէյր Ավիա» անունով ընկերություն, որի գործունեության ոլորտը օդային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներն են: Այդուհանդերձ, ըստ ՊԵԿ-ի, ներկայում «Արմէյր Ավիայի» գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

2020-ի սեպտեմբերից մինչեւ 2021 թ. հունվար Էդուարդ Օհանյանը եղել է նաեւ «Smart Airlines»-ի տնօրենը: Այս պաշտոնում նրան փոխարինել է երեւանցի ավիատոր Իլլարիոն Ղարիբյանը, որը որպես օդաչու աշխատել է «Արմավիայում», իսկ հետո եղել «Atlantis European Airways»-ի (չշփոթել «Atlantis Armenian Airlines»-ի հետ) թռիչքային ծառայության ղեկավարը: 2022-ի օգոստոսին մի կարճ ժամանակահատված «Smart Airlines»-ի տնօրենը եղել է երեւանցի Հովհաննես Մելքոնյանը, որին կրկին փոխարինել է Ի. Ղարիբյանը: 2022 թ. նոյեմբերին «Smart Airlines»-ի գլխավոր տնօրեն է դարձել երեւանցի Աննա Չոբանյանը: Վերջինս 2017-2020 թթ. ՀՀ քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետն էր:

Ինչպես ասվեց, «Smart Airlines»-ի 99 %-ի տերը երեւանյան «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» («Innovation Technology Systems») ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ սրա գործունեության ոլորտը ոչ մասնագիտացված մեծածախ առեւտուրն է (նախկինում նշվում էր հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայությունների մատուցումը), սակայն ՍՊԸ-ի կանոնադրության մեջ ասվում է, որ «ընկերությունը հիմնականում զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ»: «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմսի» միակ սեփականատերը 42-ամյա երեւանցի Արթուր Պողոսյանն է: Ստացվում է, որ «թղթի վրա» հենց նա է «Smart Airlines»-ի 99 %-ի անուղղակի սեփականատերը: Այդուհանդերձ, 2021-ին, երբ գրում էինք «Smart Airlines»-ի նոր տերերի մասին, մեր աղբյուրի միջոցով Հայաստանում ԱԹՍ-ների ոլորտի ներկայացուցիչներից հետաքրքրվել էինք «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմսի» եւ Արթուր Պողոսյանի մասին, սակայն նրանք հայտնել էին, որ նման անունով ընկերություն եւ անձի չեն ճանաչում:

Ո՞վ է կանգնած «Smart Airlines»-ի թիկունքում

Իրականում Արթուր Պողոսյանը կապ ունի գործարար Դավիթ Գալստյանի հետ, որը հայ հանրությանն առավել հայտնի է իբրեւ «Պատրոն Դավիթ»: 2 տարի առաջ գրել էինք, որ Պողոսյանը տնօրեն ու բաժնետեր է այնպիսի ընկերություններում, որոնցում աշխատել կամ աշխատում են Գալստյանի գործընկերները: Նրանց անմիջական կապն արտահայտվում է նաեւ կառուցապատման ոլորտում ներգրավված (ըստ ՊԵԿ-ի՝ ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է) հետեւյալ ընկերության օրինակով, որի տնօրենը Արթուր Պողոսյանն է, իսկ վերջնական շահառու սեփականատերը՝ Դավիթ Գալստյանը: Ոչ պակաս կարեւոր ցուցիչ է այն, որ Պողոսյանի «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմսը» գրանցված է Երեւանի Բագրատունյաց 73 հասցեում: Սա «Նեյտրոն» գործարանի տարածքն է, իսկ «Նեյտրոնը» («Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ) պատկանում է Դավիթ Գալստյանին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հասցեում տարբեր ընկերություններ են գրանցված, եւ բոլորն էլ կապ ունեն «Պատրոն Դավիթի» հետ: Այդուհանդերձ, սրանք միակ հուշումները չեն, որ «Smart Airlines»-ի թիկունքում կանգնած է Դավիթ Գալստյանը:

Այսպես՝ միջազգային կանոնավոր չվերթեր կատարելու համար ավիափոխադրողները պետք է ունենան IATA-ի երկնիշ կոդ, իսկ ոչ կանոնավոր (սեզոնային, չարտերային, մեկանգամյա) չվերթերի համար բավարար է ICAO-ի եռանիշ կոդը: Վերեւում ասացինք, որ «Atlantis Armenian Airlines»-ն այդպիսի կոդեր ուներ՝ TD եւ AEU, որոնցից ընկերությունը զրկվեց ՕՇՎ-ն կորցնելուց հետո: Այս հունվարին նոր ՕՇՎ ստանալուց հետո «Smart Airlines»-ը դեռ չի ստացել IATA-ի կոդ, սակայն արդեն ունի ICAO-ի կոդ: Նկատենք, որ եթե IATA-ի երկնիշ կոդը տառերի ու թվերի ամենատարբեր համադրություն է, ապա ICAO-ի պարագայում այնպես է արվում, որ եռանիշ կոդում ներառվեն տվյալ ավիաընկերության կամ դրա տիրոջ անվան տառեր: Օրինակ՝ վերը հիշատակված «NovAir»-ի ICAO-ի կոդը NAI-ն է, այլ հայկական փոխադրողներից «Armenia Airways»-ն ստացել է AMW կոդը, «Shirak Avia»-ն՝ SHS, «Aircompany Armenia»-ն՝ NGT (վերջինս անմիջական կապ ունի վրացի ավիատոր Թամազ Գաիաշվիլիի հետ, որի հիմնադրած մեկ այլ ընկերություն՝ «Georgian Airways»-ը, ICAO-ից ստացել է TGZ կոդը):

Եվ ահա այս ֆոնին արդյոք պատահականություն է, որ «Smart Airlines»-ին տրվել է DGV կոդը, որը հիշեցնում է «Պատրոն Դավիթի» անունը՝ Դավիթ Գալստյան Վարազդատի: Բայց սա էլ ամենը չէ:

Ո՞վ է «Smart Airlines»-ի բեռնատար օդանավի սեփականատերը

Վերեւում նշեցինք, որ «Smart Airlines»-ն իր տեսակով, թերեւս, եզակի ընկերություն է: Խոսքն այն մասին է, որ սա այս պահին ՕՇՎ ունեցող միակ հայկական ավիաընկերությունն է, որի ավիապարկը բաղկացած է բեռնատար օդանավից: Հիշեցնենք՝ այդպես էր նաեւ 2020-ի տարեվերջին: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ ընկերության միակ ինքնաթիռը «Իլ-76ՏԴ» տիպի բեռնատար է: Ու չնայած ՊԵԿ-ի կայքում «Smart Airlines»-ի գործունեության ոլորտը նշված է «օդային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներ», կարծում ենք, որ դրա թիրախում լինելու են բեռնափոխադրումները:

Եթե 2020-ին «Smart Airlines»-ը («Atlantis Armenian Airlines»-ը) շահագործում էր ՀՀ-ում որպես EK-76345 գրանցված «Իլ-76»-ը, ապա հիմա նրա հաշվեկշռում է գտնվում մեկ այլ «Իլ-76»՝ EK-76074 գրանցումով: Ընդ որում՝ վերջինս 2020 թ. հոկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, կրելով նույն EK-76074 գրանցումը, գտնվում էր հայկական մեկ այլ փոխադրողի՝ «Atlantis European Airways»-ի ավիապարկում (չշփոթել «Atlantis Armenian Airlines»-ի հետ): 44-օրյա պատերազմի օրերին EK-76074-ը, մասնավորապես, հումանիտար նշանակության բեռներ էր տեղափոխում Հայաստան:

EK-76074-ը Մոսկվայից մարդասիրական բեռ է տեղափոխել Երեւան, 2020 թ. հոկտեմբեր, հեղ.՝ Նատալյա Սոլովյովա

1992 թ. արտադրության այս օդանավը նախկինում շահագործվել է Ղազախստանում, Ռուսաստանում, Հայաստանում («Ֆենիքս Ավիայի» կազմում՝ EK-76442, «Էյր Արմենիայի» կազմում՝ EK-76450), Մոլդովայում, Ուկրաինայում, Զամբիայում, Ղրղզստանում: 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված լինելուց ավելի քան 1,5 տարի անց այս «Իլ-76ՏԴ»-ն ռեգիստրում կրկին հայտնվել է 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին: Գրանցման համարը եղել է նույնը՝ EK-76074, իսկ գրանցողը եղել է հայկական «Լէյա» ՍՊԸ-ն, որն ինքնաթիռի սեփականատերն է: Սակայն այդ ընթացքում EK-76074-ը թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, այսինքն՝ երկինք բարձրանալու իրավունք չի ունեցել: Եվ միայն այս տարվա հունվարին, երբ զուգահեռաբար դրա շահագործող է դարձել «Smart Airlines»-ը, EK-76074-ը հայկական ռեգիստրում նոր գրանցում ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատ է ստացել:

Այստեղ ամբողջ հարցն այն է, որ օդանավի սեփականատեր «Լէյա» ՍՊԸ-ն պատկանում է Դավիթ Գալստյանի եղբորը՝ Ղազախստանի քաղաքացի Վարդան Գալստյանին: «Լէյան» հիմնադրվել է 2002-ին, Վ. Գալստյանն այն ձեռք է բերել 2019-ին գործարար Նաիրա Նահապետյանից (հայտնի է հէկերի բիզնեսով) եւ նրա գործընկեր Ադելաիդա Մարտիրոսյանից: Ընկերությունը 2004-ից գրանցված է Ծաղկաձորում, ՊԵԿ-ի համաձայն՝ գործունեության ոլորտը կառուցապատումն է:

Այսպիսով՝ «Smart Airlines»-ի գլխավոր սեփականատիրոջ անձը, անմիջական սեփականատեր հանդիսացող ընկերության հասցեն, ավիաընկերության ստացած միջազգային եռանիշ կոդը, ինչպես նաեւ դրա ավիապարկում գրանցված օդանավի սեփականատիրոջ ով լինելը հուշում են, որ փոխադրողն անմիջական կապ ունի «Պատրոն Դավիթ» անունով հայտնի Դավիթ Գալստյանի հետ: 

Առաջին լուսանկարում՝ EK-76074-ը՝ Ռուսաստանի երկնքում, 2020 թ., հեղ.՝ Յուրի Կակուրկին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter