HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 31-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ընթանում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: 

Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: 

Դատախազության ներկայացուցիչն էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Պատասխանող կողմը, թեև ծանուցվել էր, չէր ներկայացել նիստին, փոխարենը նրանց ներկայացուցիչն էր դատարանի դահլիճում՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը։

Գևորգ Քոչարյանը նախորդ դատական նիստին ներկայացրել էր հայցի առարկայի փոփոխման միջնորդություն և պատասխանողի ներկայացուցիչը խնդրել էր ժամանակ, որպեսզի ծանոթանա միջնորդությանը և դիրքորոշում ներկայացնի։

Դատախազը ներկայացրեց հայցի առարկայի փոփոխությունը՝ նշելով, թե սկզբում ինչ պահանջ է եղել և թե ինչ են առաջարկում փոփոխել։

Դատախազությունը Ա կետով պահանջում է Սուրիկ Խաչատրյանից և Լորետա Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ք․ Երևան, Այասի փողոց 10/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել նույն հասցեով գույքի արժեքի 99,25%-ը։ Այսինքն՝ փոփոխությունը տվյալ դեպքում այն է, որ փոփոխված տարբերակում չկա նշված գույքի տոկոս և նշված է անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքի բռնագանձման խնդրանքը։ 

Հաջորդիվ Դատախազությունը նույն անձանցից պահանջեց բռնագանձել Երևանի Ուլնեցու փողոց թիվ 32/11 հասցեով գույքը, իսկ անհնարինությա դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 946 մլն 320 հազար դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 18,21%-ը։ Նշենք, որ այս գույքի ապօրինի ձեռքբերման մասին «Հետքը» գրել էր 2018 թվականին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Ավելի ուշ քրեական գործը կարճվել էր։

Նույն անձանցից պահանջվում է բռնագանձել նաև «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնեմասում 100% մասնակցությունը։ Նախկինում ներկայացված է եղել ընկերության 99,87% բաժնեմասը։ Բռնագանձել նաև մեկ այլ օտարերկրյա ընկերությունում կատարված 10 մլրդ 250 մլն դրամի չափով ներդրման 100%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ ներդրման չափով գումար։ Նախկինում ներկայացված է եղել նույն ընկերությունում ներդրված գումարի 98,52%-ը։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող ևս մեկ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 165 մլն 422 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 99,22%-ը։

Բ կետով դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից, իսկ օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Գորիս քաղաքում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 77 միլիոն 367 հազար 500 դրամ: Նախկինում ներկայացված պահանջով դատախազությունը դատարանին խնդրել էր որոշել տվյալ գույքի ապօրինի ծագում ունեցող բաժինը, ճանաչել դրա նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը։

Գ կետով Տրդատ Խաչատրյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել քաղաք Երևան, Ուլնեցու փողոց թիվ 32/23 հասցեով գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 130 մլն 910 հազար դրամ։ Ըստ նախկինում ներկայացրած հայցադիմումի՝ պահանջվում էր բռնագանձել տվյալ գույքի 58,72%-ը։

Դատախազությունը պահանջում է նաեւ Տրդատ Խաչատրյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, բռնագանձել «Լեռ-էքս խումբ» ընկերության 100 % բաժնեմասը: Այս պահանջի մասով փոփոխություն տեղի չի ունեցել։

Դ կետով Վարդան Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Lexus մակնիշի 2014 թվականի արտադրության ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 24 միլիոն 750 հազար դրամ: 

Վարդան Բարսեղյանից բռնագանձել Toyota Camry մակնիշի 2012 թվականի արտադրության ավտոմեքենան, ինչպես նաև բռնագանձել ընկերություններից մեկում 100 տոկոս բաժնեմասով մասնակցությունը: 

Ե կետով Մանվել Մալինցյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից, բռնագանձել Porsche մակնիշի 2012 թվականի արտադրության ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 15 միլիոն 180 հազար դրամ:  

Գևորգ Քոչարյանը հայտնեց, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես փոխառություն՝ գումար է տվել, որոնց վերադարձի մասին տվյալներ չունեն։ Այսինքն՝ այդ փոխառությունները տրամադրված են, և քանի որ այդ գումարները, դատախազության հաշվարկներով, տրամադրվել են ապօրինի գումարների հաշվին, ուստի այդ փոխառության պահանջի իրավունքը նույնպես ենթակա է բռնագանձման՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Զ կետով՝ դատախազը թվարկեց ֆիզիկական անձանց անունները՝ Աշոտ Մինասյանին՝ 40 մլն դրամ, իսկ նախկինում նշված է եղել տվյալ անձից 612 հազար 66 դրամ, Հրայր Առաքելյանին՝ 40 մլն դրամի չափով, Առուշ Առուշանյանին՝ 3 մլն 350 հազար դրամի չափով, Էրիկ Համբարձումյանին՝ 56 մլն դրամի չափով, Հայկազ Բաղմանյանին՝ 10 մլն դրամի չափով, իսկ նախկինում ներկայացված է եղել 9 մլն 839 հազար 841 դրամ, Հովիկ Աբրահամյանին՝ 40 մլն դրամի չափով, նախկինում ներկայացված է եղել 39 մլն 983 հազար 695 դրամ, Սպարտակ Սիմոնյանին՝ 7 մլն 297 հազար 788 դրամի չափով, Գարեգին Լազարյանին՝ 1 մլն դրամի չափով։

Իսկ իրավաբանական անձինք, որոնց, ըստ դատախազության, Սուրիկ Խաչատրյանը որպես փոխառություն գումար է տվել, հետևյալն են՝ «Լեռ էքս» ՍՊԸ-ին՝ 12 մլն 260 հազար դրամի չափով, «Լեռ էքս խումբ» ՍՊԸ-ին՝ 2 մլն 10 հազար դրամի չափով, «Սիսիանի ճանշին» ընկերությանը 15 մլն դրամ, «Քարաշեն ցեմենտ» ընկերությանը՝ 2 մլն դրամ, «Սյունիք-Զանգեզուր» ընկերությանը՝ 3 մլն դրամ, «Գեղի Գօլդ» ընկերությանը՝ 1 մլրդ 672 մլն 203 հազար 783 դրամ, իսկ նախկինում ներկայացված է եղել 1 մլրդ 631 մլն 569 հազար 231 դրամ և ևս մեկ իրավաբանական անձից՝ 9 մլն դրամի չափով։ 

Է կետով՝ Վարդան Բարսեղյանից, օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել փոխառությունների նպատակով տրամադրված գումարը` ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ըստ դատախազության` այդ գումարը տրամադրվել է Վարդան Բարսեղյանի անվամբ, իր հաշվեհամարից, բայց Սուրիկ Խաչատրյանին պատկանող ապօրինի դրամական միջոցների հաշվին։

Էրիկ Համբարձումյանին՝ 20 մլն դրամի չափով, Արամ Բաբայանին՝ 10 մլն դրամի չափով, Հրաչիկ Մելիքթունյանին՝ 6 մլն 20 հազար դրամի չափով, «Սյունիք-Զանգեզուր» ընկերությանը՝ 17 մլն դրամի չափով, «Գեղի Գօլդ» ընկերությանը՝ 657 մլն դրամի չափով, որը հայցի սկզբնական տարբերակում նշված է եղել 638 մլն 669 հազար 700 դրամ, նաև «Մետալգրուպ» ընկերությանը՝ 30 մլն դրամի չափով, «Գորիս հյուրանոց» ընկերությանը՝ 1 մլն 200 հազար դրամի չափով և ևս մեկ ընկերության՝ 10 մլն դրամի չափով։

Ը կետով՝ Սուրիկ Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 913 մլն 643 հազար 780 դրամ։ Պահանջն այն է, որ Վարդան Բարսեղյանին պատկանող, սակայն օրենքի իմաստով Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Լեռ էքս» ՍՊԸ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև կա պայմանագիր: Դատախազության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են, որ այնքան, ինչքան պետք է վճարվեր՝ ըստ պայմանագրի, նշված գումարի չափով պակաս է վճարվել, և քանի որ այդ բաժնեմասը, ըստ դատախազության, ապօրինի է, դրանից գոյացած միջոցը նույնպես ապօրինի է, և այդ գումարը ենթակա է բռնագանձման։

Թ կետով Սուրիկ Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 614 մլն 544 հազար 139 դրամ՝ որպես ապօրինի եկամուտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման արդյունքում առաջացած գումար։ Եվ 2 մլրդ 410 մլն 463 հազար 523 դրամ, որը ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Ժ կետով դատախազությունը խնդրում է դատարանից սույն հայցադիմումի դրամական պահանջը բավարարել ինչպես Սուրիկ Խաչատրյանին պատկանող օրինական գույքերի կամ այդ գույքերի օրինական եկամուտներով հիմնավորվող մասերի, այդ թվում՝ խնդրամասի Զ կետում նշված փոխառությունների տրամադրումից ծագող պահանջի իրավունքներից, այնպես էլ այլ անձանց անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով՝ Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքերի հաշվին։ 

Դատարանը հարց ուղղեց Գևորգ Քոչարյանին, այն մասին, որ եթե նախկինում պահանջի իրավունքը եղել է X գումարի չափով, հիմա դարձել է ավելի շատ, ինչո՞վ է սա պայմանավորված, հատկապես եթե հայցի հիմքը չի փոխվել։

Դատախազը հայտնեց, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է․ «Պահանջը փոփոխված ներկայացնում ենք տվյալ գույքի ամբողջ մասով այն ենթադրությամբ, որ դա կբավարարվի այնքանով, որքանով որ դատաքննության ընթացքում կապացուցվի դրա ապօրինությունը»։

Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդության դեմ առարկում է ամբողջությամբ։

Նա նշեց, որ առարկությունը վերաբերում է բացառապես փոփոխության թույլատրելիությանը։ Գրիգորյանի խոսքով՝ սկզբնապես ներկայացված հայցի առարկայի և միջնորդության մեջ ներկայացված հայցի առարկայի համադրումից ակնհայտ է, որ իրավասու մարմնի կողմից փորձ է կատարվում փոխել առարկան՝ պահանջների չափն ավելացնելու միջոցով։ Ներկայացուցչի խոսքով՝ իրավասու մարմնի կողմից ներկայացվող հայցի առարկան չի կարող ունենալ ավելի մեծ ծավալ, քան ուսումնասիրության արդյունքների մասին եզրակացության մեջ մատնանշված և անձին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակն է։

Ի պատասխան ներկայացուցչի հարցի՝ դատախազն ասաց, որ փաստաթղթերից յուրաքանչյուրն ունի իր նպատակը, բովանդակությունն ու տրամաբանությունը, և դրանցից որևէ մեկը չի կարող նույնականանալ հայցադիմումի հետ։

«Ընդունում եմ, որ եզրակացությամն մեջ որոշակի հանգամանքներ, վերլուծություն կամ տվյալներ պետք է ողջամտորեն և տրամաբանորեն ներկայացված լինեն նաև հայցադիմումում։ Ուղղակի ի տարբերություն եզրակացության՝ հայցադիմումը պարունակում է լրացուցիչ մասեր։ Այսինքն՝ եթե եզրակացություն կազմվում է որոշակի գույքերի ենթադրյալ ապօրինության մասին, և դա արդեն հիմք է վարույթը շարունակելու համար, հայցադիմումի մեջ դրանից հետո առկա է նաև շարունակությունը՝ եզրակացության մեջ ներկայացված վերլուծությունների փաստական տվյալների հիման վրա՝ դատախազությունը ներկայացնում է պահանջը՝ ուղղված դատարանին, ինչը, բնականաբար, եզրակացության մեջ չկա և չէր էլ կարող լիներ»,- ասաց Գևորգ Քոչարյանը։

Դատարանը հայտնեց, որ հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։ 

Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 3-ին՝ ժամը՝ 15։00-ին։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter