
Իջևանի քաղաքապետարանը հրաժարվեց «Հետքի» դեմ հայցից, բայց նախկին քաղաքապետը պնդում է իր համբավի արատավորման պահանջը
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում փետրվարի 1-ին շարունակվեց «Իջևանի քաղաքապետարանն ու Վարուժան Ներսիսյանն՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի» գործով դատական նիստը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ։
Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչ Ռուզաննա Սիրադեղյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որ քաղաքապետարանն ամբողջությամբ հրաժարվում է ներկայացված պահանջներից և միջնորդում է կարճել գործի վարույթը։ Սակայն Վարուժան Ներսիսյանը դեռևս պնդում է, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Դատական նիստին «Հետքի» թղթակիցը միջնորդություն ներկայացրեց՝ լուսանկարահանում իրականացնելու, սակայն Վարուժան Ներսիսյանն առարկեց՝ ասելով․ «Այս կազմակերպությունն ինձ հետ կապված խեղաթյուրող փաստեր է ներկայացնում, ես առարկում եմ»։
Նախկին քաղաքապետը ցանկանում էր ապացույցներ ներկայացնել, սակայն դատարանի սահմանած ժամկետը լրացել էր 2022-ի նոյեմբերի 2-ին։ Վարուժան Ներսիսյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում առողջական խնդիրների պատճառով Հայաստանում չի եղել։ Դատարանը Ներսիսյանին ժամանակ տրամադրեց ապացույցներ ներկայացնելու՝ ժամանակին ապացույց չներկայացնելու հարգելի պատճառների մասին։ Վարուժան Ներսիսյանն ապացույցների ներկայացման համար 2 շաբաթ ժամանակ խնդրեց։
Գործով հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 11-ին, ժամը 11։40։
Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթի 2008թ. մայիսի 5-ի համարում հոդված էր հրապարակվել՝ «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով: Նույն հոդվածը տպագրվել էր նաև «Ազգ» օրաթերթի 2008թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստև գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում էր այդ ժամանակվա քաղաքապետի՝ Վարուժան Ներսիսյանի անունը: Հետագայում հրապարակվել էր ևս մեկ նյութ՝ «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով, ինչից քաղաքապետը ևս վիրավորվել էր:
Լրագրողն իր ունեցած տեղեկությունները ստուգել էր տեղում, լուսանկարել էր ավազի արդյունահանման և տեղափոխման գործընթացը, խոսել ջրամբարում աշխատող բանվորների հետ, ապա փորձել էր գրավոր հարցումներով ստանալ պաշտոնական մեկնաբանություններ:
«Սպիտակ ջուրը» 1997թ. կառավարության որոշմամբ սահմանվել է իբրև Իջևանի համայնքային սեփականություն: Բայց ջրամբարի համար պատասխանատու Իջևանի քաղաքապետարանը ջրամբարի պատկանելության, ջրամբարի ավազն օգտագործելու իրավունքի եւ դրա համար մուծվող հարկերի մասին «Հետքի» հարցն անպատասխան էր թողել: Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունը հայտնել էր, թե ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի տրված չէ, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն կատարված չէ, և լիցենզիայի պայմանագիր կնքված չէ: Դատախազությունն էլ հոդվածում հրապարակված փաստերը ստուգելու փոխարեն հարցում էր կատարել Իջևանի քաղաքապետարան և «պարզել», որ լճի ավազանից քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար տեղափոխվել է միայն տիղմը` փաստորեն «հերքելով» ավազի արդյունահանման ակնհայտ փաստը:
2008թ.-ի հունիսի 18-ին Իջևանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին» հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հերքելու Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող լուրերը: Որպես փաստաբանի վարձատրության գումար քաղաքապետը պահանջել էր 930 հազար դրամ:
Երկու տարուց ավելի տևած դատավարության ընթացքում ջանում էին ապացուցել, որ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը քաղաքի հաշվեկշռում չէ, չնայած այդ մասին կար Կառավարության որոշում, և որ ջրամբարը որպես ավազահանք շահագործողը Վարուժան Ներսիսյանը չէ:
Վարուժան Ներսիսյանի՝ քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Սպիտակ լիճ» ջրամբարը, որը 40 տարով վարձակալության էր տրվել մասնավոր ընկերության, Վճռաբեկ դատարանի 2014թ. փետրվարի 19-ի որոշումով վերադարձվել է քաղաքապետարանին:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.07.2009թ. վճռով հայցը մերժվել էր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ վճիռը բեկանվվել, և գործն ուղարկվել էր նոր քննության: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.07.2010թ. վճռով հայցը բավարարվել էր:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2010թ. որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել էր դատարանի 09.07.2010թ. վճիռը, կազմակերպությունից հօգուտ քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել էր մասնակիորեն`450.000 ՀՀ դրամի մասով: Վճռաբեկ դատարանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքը վերադարձրել էր:
Սպառելով ներպետական բոլոր 3 ատյանները՝ «Հետաքննող լրագրողները» դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Դիմումից 10 տարի անց՝ 2021 թվականի մայիսի 18-ին, դատարանը հրապարակեց վճիռը՝ արձանագրելով, որ պետությունը խախտել է լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը կազմակերպությանը վճարեց 1500 եվրո` կատարած ծախսերի համար: Այլ փոխհատուցում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն չէր պահանջել։
ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա էլ գործը նորից ուղարկվեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։
Մեկնաբանել