
Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին
Ավստրիան հայտնել է ռուսաստանցի 4 դիվանագետի «անցանկալի անձ» հայտարարելու մասին։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նրանք մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր կլինեն լքել Ավստրիան։
Համաձայն ավստրիական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ արտաքսումը վերաբերում է ռուսական դեսպանության երկու աշխատակիցների։ Նրանք մեղադրվում են գործողություններում, որոնք համատեղելի չեն նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ։ Բացի այդ, անցանկալի անձ են հայտարարվել նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության երկու դիվանագետ։ Ավստրիական կողմի պնդմամբ՝ նրանք իրականացրել են գործողություններ, որոնք ևս անհամատեղելի են նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ։
Statement of the Austrian Foreign Ministry on four Russian diplomats in Vienna https://t.co/LBmOMNzHeU pic.twitter.com/W0hdqsbP97
— MFA Austria (@MFA_Austria) February 2, 2023
Ռուսաստանցի դիվանագետները պետք է Ավստրիան լքեն մինչև փետրվարի 8-ը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը իրավիճակը դեռևս չի մեկնաբանել։
Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ հետաքննող լրագրող և Bellingcat-ի ղեկավար Խրիստ Գրոզևը ստիպված լքել է Վիեննան, որտեղ ապրում էր 20 տարի՝ անվտանգության հնարավոր սպառնալիքներից ելնելով։ Նրա խոսքով՝ «քաղաքում ավելի շատ ռուսաստանցի գործակալներ ու իրազեկիչներ կան, քան ոստիկաններ»։
2022 թվականի ապրիլին Ավստրիան արտաքսել էր Վիեննայում ռուսական դեսպանության երեք և Զալցբուրգում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակցի։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն արտաքսել էր Մոսկվայում Ավստրիայի դեսպանության 4 դիվանագետի։
2023 թվականի հունվարի վերջին Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ԵՄ երկրներին կոչ էր արել արտաքսել Ռուսաստանի դեսպաններին։ Մինչ այդ, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցրել էին Էստոնիան և Լատվիան։ Լիտվան դա արել էր դեռևս 2022 թվականի ապրիլին։
Լուսանկարը՝ perild.com-ից
Մեկնաբանել