HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի

Այսօր Կառավարության հերթական նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը։

Առաջարկվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։

«Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն»,- ասաց Քերոբյանը։ Նա հավելեց նաև, որ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ և 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ և ընդհանուր առմամբ՝ ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։

Վահան Քերոբյանի խոսքով, այս ծրագիրը ներկայացվել է քննարկման դեռևս 2018 թվականի նոյեմբերին և դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռման հուշագիր, սակայն պատերազմով, կորոնավիրուսով և մրցակցային այլ ծրագրերի առկայության պատճառով 2021 թվականի օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշել է հավանություն տալ հենց այս նախագծին․ «Մեր աշխատանքը ներդրողների հետ հիմա հասել է տրամաբանական սկզբին, այսինքն՝ նախագծի հաստատման փուլին ենք հասել»,- նշեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագրերի ռիսկերը կառավարելու են խոշոր քառյակի մեջ մտնող աուդիտորական ընկերություններին ներգրավելով, ովքեր պետք է հետևեն ծրագրի ներդրումային փուլին և փուլային հաշվետվություն ներկայացնեն կառավարությանը կատարման ընթացքի վերաբերյալ։ «Մենք նաև տուգանային համակարգ ունենք պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»,- ասաց նա։

Կառավարությունը համաձայնություն է տալու հողատարածքի ուղղակի վաճառքին Ապարան համայնքին, բայց, միևնույն է, Ապարան համայնքն ինքն է որոշում կայացնելու հողատարածքի վաճառքի վերաբերյալ։ «Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ և 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի մասին համաձայնություն ենք տալու, որ Ապարան համայնքը կնքի»,- նշեց Քերոբյանը։

Նրա խոսքով՝ անցած շաբաթ Ֆրանսիայում հայ-ֆրանսիական բիզնես ֆորումի շրջանակներում հանդիպել է այն ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների հետ, որը պետք է լիներ մրցակից ծրագրի օպերատորը։ «Ես համոզել եմ, որպեսզի նրանք դիտարկեն նաև այս ծրագրի ներքո օպերատորությունը, և եթե դա հաջողությամբ պսակվի, մենք կունենանք առաջնակարգ օպերատոր նաև լեռնադահուկային համալիրի համար»,- ասաց Վահան Քերոբյանը։

Նախագծով առաջարկվում է Ապարան համայնքին որոշ հողատարածքներ արոտավայրերի նշանակությունից տեղափոխել խառը բնակավայրերի կառուցապատման նշանակության, ապա օտարել այդ հողակտորները՝ այս ծրագրի իրականացման նպատակով։

Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter