HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը հաստատել է Եղիպատրուշ գյուղում լեռնային համալիրի կառուցման ժամանակացույցը

Կառավարության փետրվարի 3-ի նիստում հաստատվեց Ապարանի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաններում լեռնային համալիր կառուցող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը, որը կնքվելու է ընկերության և էկոնոմիկայի նախարարության միջև։

Թեպետ ըստ հաստատված ժամանակցույցի՝ լեռնային համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակում, սակայն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցի զեկուցման ժամանակ հայտնեց, որ թե՛ ներդրողը, թե՛ էկոնոմիկայի նախարարությունը անելու են ամեն ինչ, որպեսզի լեռնային համալիրը 2023 թվականից սկսի աշխատել։

Քերոբյանի խոսքով՝ այսօր կայացած հայ-ավստրիական բիզնես-ֆորումի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի և ճոպանուղիներ կառուցող ավստրիական «Դոպելմայեր» ընկերության միջև կնքվել է պայմանագիր՝ լեռնային համալիրում ճոպանուղի կառուցելու վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ կազմել է 24 միլիոն եվրո։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության ներդրումային ծրագիրը կառավարությունը հաստատել է դեռ 2021թ․ հուլիսի 29-ին։ Լեռնադահուկային համալիրի տարածքում բացի ճոպանուղուց կառուցվելու է նաև հյուրանոց և խաղատուն։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 միլիոն դոլար է։ Նախատեսվում է ստեղծել 1500 մշտական աշխատատեղ՝ միջինը 180 հազար դրամ ամսական աշխատավարձով։

Հիշեցնենք՝ այս ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության համար առաջինը չէ։ 2018 թվականին այս ընկերությունը, որն այդ ժամանակ կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, նախատեսում էր լեռնադահուկային համալիր կառուցել։ 2018 թվականի մարտի 6-ին կառավարության որոշմամբ՝ «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել էր 584 հեկտար մակերեսով տարածքում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

Սակայն մեկուկես տարի անց՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց 2018թ․ մարտի 6-ի որոշումը, քանի որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության և պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Բացի այդ, ծրագրի իրականացմանը դեմ էին հարակից Անտառամեջ գյուղի բնակիչները։ Արդյունքում, Մայմեխ լեռան լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը այդպես էլ չիրականացավ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն (այժմ արդեն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ») ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։

«Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։


Կարդացե՛ք նաև՝

Լուսանկարում՝ Ապարան քաղաքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter