HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լրացումներ օրենքներում՝ հանուն նոր խաղատան

Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ գյուղի մոտակայքում կառուցվող «Մայլեռ» լեռնային համալիրում խաղատուն հիմնելու հնարավորություն ստեղծելու նպատակով կառավարությունը նախատեսում է լրացումներ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։

Այս օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» գործող օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան և Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում։ Այժմ էկոնոմիկայի նախարարության առաջարկում է լրացնել «ա» ենթակետը՝ խաղատնային գործունեություն թույլատրելով նաև Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով ստեղծվող՝ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող հանգստի գոտիներում։

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելով էլ՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է զբոսաշրջային ուղղվածություն ունեցող հանգստի գոտիներում հիմնվող խաղատների համար որպես տարեկան պետական տուրք սահմանել 150 միլիոն դրամը, ինչպես Սևանի դեպքում է։ Գործող օրենքով Ծաղկաձորի դեպքում տարեկան տուրքը՝ 180 միլիոն է, Ջերմուկում՝ 100 միլիոն, Մեղրիում՝ 35 միլիոն։

Screenshot_4.jpg (346 KB)
Համալիրի տեղանքի քարտեզը

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման ընդունումը պամանավորված է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը։

Հիշեցնենք՝ լեռնային համալիրում խաղատուն հիմնելու հարցը բավական երկար քննարկվել է նաև կառավարության 2021թ․ հուլիսի 29-ի նիստում, որի ընթացքում էլ ներկայացվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը։ Քննարկման ընթացքում խաղատուն հիմնելու նախաձեռնությանը դեմ էր հանդես եկել ֆինանսների այն ժամանակվա նախարար Ատոմ Ջաջնջուղազյանը՝ նշելով, թե կառավարությունը պետք է կողմնորոշովի՝ առաջնորդվում է խաղային ոլորտում իր որդեգրած քաղաքականությամբ, թե համակերպվում է ներդրողների պահանջներին։

Արձագանքելով Ջանջուղազյանի դիտարկումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կարող են փոխել իրենց քաղաքականությունը և որոշել կոնկրետ ներդրումային ծրագրի առկայության դեպքում կոնկրետ վայրում խաղատան թույլտվություն տալ, ինչը և փաստորեն արվում է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընգդծել էր, որ ընդհանուր 60 մլն դոլար ներդրումից 7 մլն դոլարն է լինելու խաղատան համար, բացի այդ Քերոբյանի խոսքով՝ Եղիպատրուշ գյուղի մոտակայքում ստեղծվելու է նոր փոքր քաղաք, որը տվյալ տարածաշրջանի զարգացման նոր հնարավարություններ է բացելու, ինչպես օրինակ՝ Ծաղկաձորի դեպքում։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2021թ․ մայիսի 3-ին, երբ ներդրումային ծրագիրը նախագիծը հրապարակվեց e-draft.am-ում։ 2021թ․ հունիսի 29-ին կառավարությունը հավանության արժանացրեց ծրագիրը, ըստ որի՝ կատարվելու է 60 մլն դոլարի ներդրում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային համալիր կառուցելու համար։ Նախատեսվում է ստեղծել 1500 մշտական աշխատատեղ՝ միջինը 180 հազար դրամ ամասական աշխատավարձով։

Screenshot_1.jpg (207 KB)
Անտառահատման ենթակա հատվածները

Հիշեցնենք, որ ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության համար առաջինը չէ։ 2018 թվականին այս ընկերությունը, որն այդ ժամանակ կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, նախատեսում էր լեռնադահուկային համալիր կառուցել։ 2018 թվականի մարտի 6-ին կառավարության որոշմամբ՝ «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել էր 584 հեկտար մակերեսով տարածքում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

Սակայն մեկուկես տարի անց՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց 2018թ․ մարտի 6-ի որոշումը, քանի որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության և պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Բացի այդ, ծրագրի իրականացմանը դեմ էին հարակից Անտառամեջ գյուղի բնակիչները։ Արդյունքում, Մայմեխ լեռան լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը այդպես էլ չիրականացավ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։

«Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։

Լուսանկարում՝ Ապարան քաղաքը / © «Հետք»

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Ի՜նչ ա եղել, իհարկե լավ ա: Կխաղանք, կտանենք ու կհարստանանք, երկիր կպահենք: Հեշտ, հաճելի ժամանց ու օգտավետ զբաղմունք: Որոշ անմիտներ էլ տեխնոլոգիա ներդնելու, արտադրություն կազմակերպելու եւ արտահանելու մասին են խոսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter