
Ճոպանուղի, հյուրանոց, խաղատուն․ հաստատվեց նախկին պատգամավորին փոխկապակցված ընկերության ծրագիրը
Կառավարության այսօվա նիստում հավանության արժանացավ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի հետ փոխկապակցված «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար տարածքում (Եղիպատրուշ գյուղի մոտակայքում) կառուցել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։
Ըստ նախագծի՝ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրը իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 հազար դրամ աշխատավարձով։ Ակնկալվում է, որ լեռնային համալիրը կկարողանա սպասարկել տարեկան մինչև 500 հազար հաճախորդի։
Ներկայացված ծրագրով նախատեսվում է կատարել 30 միլիարդ դրամի ներդրում, որից 15 միլիարդը՝ ճոպանուղիների և սահուղիների կառուցման համար, իսկ մնացած 15 միլիարդը՝ հյուրանոցային հատվածում։ Ինչպես նշված է նախագծում, համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Արդյունքում պետական բյուջե կվճարվեն ավելի քան 1,2 մլրդ դրամ հարկեր:
Կառավարությունը պատրաստ է փոխել քաղաքականությունը խաղատան կառուցման համար
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն նախատեսում է նաև համալիրի տարածքում խաղատուն հիմնել, և հենց այս հանգամանքն էլ մեծ քննարկման առարկա դարձավ կառավարության նիստի ընթացքում։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խաղատունը կառուցվելու է ոչ այն քաղաքականության տրամաբանությամբ, որը որդեգրել է կառավարությունը։ Ուստի Ջանջուղազյանը շեշտեց՝ պետք է կողմնորոշվել՝ կառավարությունն առաջնորդվում է խաղային ոլորտում իր որդեգրած քաղաքականությամբ, թե համակերպվում է ներդրողների պահանջներին։
Մասնավորապես, ֆինանսների նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց այն կարգավորումը, ըստ որի 40 մլրդ դրամից ավել ներդրման դեպքում, երբ ծրագիրը արժանանում է կառավարության հավանությանը, ապա կարող է կազմակերպվել նաև խաղատնային գործունեություն տվյալ տարածքում՝ տարեկան 5,5 մլրդ պետական տուրք վճարելով։
Զբոսաշրջային քաղաքներ համարվող Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում առկա խաղատների դեպքում ինչպես հայտնեց Ջանջուղազյանը, չկա այդ ներդրման չափի պահանջը և 5,5 մլրդ պետական տուրքը։ Եվ ըստ Ջանջուղազյանի՝ սա նշանակում է, որ կառավարությունը հիմա այդ վայրերի ցանկը ավելացնում է մեկով, որտեղ կարող է կամզակերպվել խաղատնային գործունեություն։ Նա հարց բարձրացրեց՝ եթե սրանից հետո այլ ներդրողներ այսպիսի նախաձեռնություններով հանդես գան, ապա որն է լինելու կառավարության դիրքորոշումը, և սա մտահոգության տեղիք է տալիս ֆինանսների նախարարի պաշտոնակատարի։
Արձագանքելով Ջանջուղազյանի դիտարկումներին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարող են փոխել իրենց քաղաքականությունը և որոշել կոնկրետ ներդրումային ծրագրի առկայության դեպքում կոնկրետ վայրում խաղատան թույլտվություն տալ։
Ներդրումային ծրագրի նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կոչ արեց չկենտրոնանալ խաղատան առկայության վրա, որովհետև ըստ նրա՝ խաղատունը լեռնադահուկային համալիրի մի փոքր հատվածն է կազմելու միայն։ Քերոբյանը նշեց, որ 27 մլն դոլար ներդրվելու է ճոպանուղիների կառուցման վրա, 8 մլն դոլար՝ արհեստական ձյան համակարգի վրա, իսկ ընդհանուր 60 մլն դոլարանոց ներդրումից 7 մլն դոլարն է լինելու խաղատան համար։ Վահան Քերոբյանը շեշտեց՝ կարևոր է այն փաստը, որը Եղիպատրուշ գյուղի մոտակայքում ստեղծվելու է նոր փոքր քաղաք, որը տվյալ տարածաշրջանի զարգացման նոր հնարավարություններ է բացելու, ինչպես Ծաղկաձորի դեպքում։
Հավելենք, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում էկոնոմիկայի նախարարությունը պետք է մշակի և կառավարության հաստատմանը ներկայացնի ծրագրով նախատեսված՝ խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթ։
Հակասություններ Էկոնոմիկայի նախարարության և Արագածոտնի մարզպետարանի միջև
Հաջորդ հարցը վերաբերում էր համալիրի տարածքին։ Վահան Քերոբյանը նշեց, որ ընկերությանը հաջողվել է ձեռք բերել տարածքի մի մասը, սակայն մյուս մասի ձեռքբերման համար կառավարությունը պետք է օգնի ներդրողին։ Բացի այդ, ներկայացված նախագծում ասվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում նարավոր չի լինելու խուսափել անտահառահոտւմներից, սակայն ընկերությունը խոստանում է հետագայում իր հատած ծառերի մի քանի անգամ ավել ծավալով անտառի տնկում ֆինանսավորել։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց նաև էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

Անտառահատման ենթակա հատվածները
Ըստ ներկայացված նախագծի՝ նախաձեռնվելու է ծրագրով նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և նպատակային նշանակության փոփոխման գործընթաց։ Այս առնչությամբ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, թե ներկայացված պահանջները հակասում են օրենսդրությանը, և հնարավոր չէ մարզպետի կամ համայնքի ղեկավարի որոշումներով ուղղակի վերցնել և տարածքը փոխանցել ներդրողին։
Բացի այդ, Դավիթ Գևորգյանը հայտնեց նաև, որ Ապարան խոշորացված համայնքի և նրա մեջ մտնող Եղիպատրուշ գյուղի բնակիչները որոշ մտահոգություններ ունեն այդ ծրագրի հետ կապված, և Արագածոտնի մարզպետարանը էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել է տեղում հանրային քննարկումներ կազմակերպել և լսել բնակիչների դժգոհությունները, սակայն ըստ Գևորգյանի՝ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է այդ առաջարկները։ Դավիթ Գևորգյանի խոսքով՝ նախագծի հաստատումից հետո բնակիչների դժգոհություններն էլ ավելի կխորանան։ Բացի այդ, Արագածոտնի մարզպետը նշեց, թե չէր ցանկանա, որ մարզը խաղատնային համբավ ձեռք բերի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սա ներդրումային միակ ծրագիրը չէ։
Լսելով Արագածոտնի մարզպետի մտահոգությունները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հորդորեց վերջ տալ խուճապային տրամադրություններին, ինչից հետո որոշման նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց։
Երկրորդ փորձը՝ Լոռիում ձախողված ծրագրից հետո
Այս ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության համար առաջինը չէ։ 2018 թվականին այս ընկերությունը, որն այդ ժամանակ կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, նախատեսում էր լեռնադահուկային համալիր կառուցել։ 2018 թվականի մարտի 6-ին կառավարության որոշմամբ՝ «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել էր 584 հեկտար մակերեսով տարածքում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:
Սակայն մեկուկես տարի անց՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց 2018թ․ մարտի 6-ի որոշումը, քանի որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության և պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Բացի այդ, ծրագրի իրականացմանը դեմ էին հարակից Անտառամեջ գյուղի բնակիչները։ Արդյունքում, Մայմեխ լեռան լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը այդպես էլ չիրականացավ։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։
«Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։
Ինչպես արդեն նշեցինք, 2021 թվականի փետրվարի 12-ից «Մայմեխ սկի ռեզորթը» վերանվանվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի»։ Ընկերության կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է։ Ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» 1000plus.am կայքի՝ 2017թ․ հիմնադրված ընկերությունը ընդամենը մեկ վճարում է կատարել՝ 2020թ․ հունվարին, այն էլ միայն մեկ աշխատողի համար։
Պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում լեռնադահուկային համալիր կառուցելու մեկ ներդրումային ծրագիր էլ ներկայացրել է ռուսաստանաբնակ հայ գործարար, Լիոնում ՀՀ նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը։ Այդ նախագիծը դեռևս կառավարությա նիստի օրակարգում չի ընդգրկվել։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել