HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թշնամին հայ ոստիկաններին դարանակալել էր իր առաջապահ դիրքերից 1 կմ հեռավորության վրա. «Հետքը» պարզել է հանցանքի վայրը

«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության 3 աշխատակցի ու վիրավորել մեկին:

Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Քիչ անց ՆԳՆ-ն հայտնեց ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հերթական հանցագործության հետեւում կանգնած պաշտոնական Բաքվին որոշ ժամանակ էր պետք՝ փաստերն իրեն հաճո ստով փաթեթավորելու եւ արտաքին ու ներքին լսարանին հրամցնելու համար: Ըստ ադրբեջանցիների՝ իրենք օպերատիվ տեղեկություններ ունեին իբր Հայաստանից Արցախ տեղափոխվող զենք-զինամթերքի եւ անձնակազմի մասին: Բայց ալիեւյան քարոզչամեքենան այնքան է շտապել, որ խճճվել է իր իսկ ստերի սարդոստայնում՝ ներկայացնելով, թե իբր Հայաստանից Արցախ եկող ռազմական բեռն ու անձնակազմը տեղափոխվում են «Խանքենդի (Ստեփանակերտ)-Խալֆալի-Տուրշսու (Լիսագոր) գրունտային ճանապարհով»:

Բանն այն է, որ ադրբեջանցի դիվերսանտների թիրախում հայտնված հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան հենց Ստեփանակերտից էր մեկնում դեպի Շուշիի շրջան (այսինքն՝ Արցախ-ՀՀ եւ ոչ թե ՀՀ-Արցախ ուղղությամբ), հետեւաբար անհնար էր դրանով ռազմական բեռի ու անձնակազմի տեղափոխումը Հայաստանից Արցախ: Ավելին՝ ինչպես նկատել է ՀՀ ԱԳՆ-ն, «Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել եւ չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում»: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ստեփանակերտից Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղեր (Բերդաձորի ենթաշրջան) մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը: 

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր վերը նշված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել եւ ստուգել հայկական տրանսպորտային միջոցները, սակայն հայկական կողմը կրակ է բացել, ինչի հետեւանքով երկու կողմից կան զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանցիները, բնականաբար, չունեն գեթ մեկ ապացույց նրա, որ մի քանի տրանսպորտային միջոց է անցել, կամ որ հայերն են առաջինը կրակել: Լինելու դեպքում Բաքվի քարոզչամեքենան առանց հապաղելու կտարածեր դրանք, սակայն այս պարագայում հանցագործ կողմին մնում է շարունակաբար ստելը:

Աչք է ծակում նաեւ այն սուտը, թե իբր ադրբեջանցիները հայկական տրանսպորտային միջոցը կանգնեցնելու փորձ են արել: Բացի նրանից, որ նրանք նման բան չեն արել, փոխարենն ուղղակի սպանել են հայ ոստիկաններին, այլեւ հայկական որեւէ տրանսպորտային միջոց կանգնեցնելու ու ստուգելու իրավասություն չունեն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն:

Ի տարբերություն ադրբեջանցիների՝ Արցախի ՆԳՆ-ն ներկայացրել է լուսանկարներ ու տեսանյութ, որոնցից վերջինը ցույց է տալիս, թե ինչպես են հայ ոստիկաններին սպանած ադրբեջանցի զինվորականները եւս մեկ անգամ կրակում մեքենայի մեջ, ապա հեռանում՝ դեն նետելով ինչ-որ թղթեր:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների եւ հարակից դիրքում գտնվող ՊԲ զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը եւս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր»,- հայտարարել է ՆԳՆ-ն:

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած տեսանյութում կարելի է տեսնել, որ հայկական կողմի կրակից հետո ադրբեջանցիները փախչում են՝ տալով զոհեր ու վիրավորներ, ապա կարողանում վերջիններիս էվակուացնել ՌԴ խաղաղապահների ժամանելուց հետո:

Համադրելով տեսանյութը տեղանքի քարտեզի հետ՝ «Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանցիների հանցագործությունը:

Նկատենք, որ մինչ այդ ՆԳՆ-ն ցույց էր տվել ոստիկանների անցած երթուղին՝ որպես միջադեպի վայր նշելով «Խայփալու» տեղանքը, որն այդ հոլովակում համընկնում է Շուշիի շրջանի Ղայբալիշեն (Ղայբալի) գյուղի հետ:

Իրականում, սակայն, Ղայբալիշենը որեւէ կապ չունի «Խայփալուի» հետ: Ադրբեջանցիների հանցագործությունը տեղի է ունեցել Շուշիի շրջանի նախկին Խալֆալի եւ Դյուքանլար բնակավայրերի մոտ՝ Ղայբալիշենից ուղիղ գծով 3,5 կմ, իսկ Ստեփանակերտի Քրքջան (Կրկժան) թաղամասից՝ 6 կմ հարավ-արեւմուտք:

Նշենք, որ հանցանքի վայրը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած գոտուց հեռու է ավելի քան 1 կմ: Գոտի ասելով՝ նկատի ունենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ձախակողմյան հատվածը Շուշի-Քարին Տակ խաչմերուկի մոտ: Այս անտառաշատ հատվածում է գտնվում «Իսահակի աղբյուրը»: Դրան հարեւան բլուրների վրա 2020 թ. պատերազմից հետո տեղակայվել է թշնամին: Նրանց առաջապահ դիրքերից մեկը հանցանքի վայրից հեռու է 1,05 կմ, մյուսը՝ 1,3 կմ:

Գրունտային ճանապարհն ու երթուղին, թշնամու դիրքերը, դիվերսիայի վայրը

Այսինքն՝ ադրբեջանցիները, դուրս գալով իրենց դիրքերից, առաջացել են դեպի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որն այս պահին կարելի է այլընտրանք համարել Բաքվի խամաճիկ «էկոակտիվիստների» կողմից արգելափակված Ստեփանակերտ-Քարին Տակ-Լիսագոր ասֆալտապատ մայրուղուն: Դիվերսանտներն իրենց դիրքերից իջել են Կարկառի վտակ Վարարակն գետի ձորը, ապա դուրս եկել գրունտային ճանապարհ եւ, ինչպես կարելի է տեսնել լուսանկարներից, դիմահար կրակով թիրախավորել հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան (թշնամին նաեւ կողային հատվածներից է կրակել մեքենայի սրահին՝ նպատակ ունենալով սպանել դրա մեջ գտնվող բոլոր անձանց):

Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ սա նախապես ծրագրված եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է:

Քարտեզն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ դիվերսանտներն ընտրել են հենց այն հատվածը, որտեղ գրունտային ճանապարհն առավելագույնս մոտենում է Վարարակն գետին, եւ դրանց հեռավորությունն ընդամենը 30 մետր է: Այսինքն՝ դիվերսիայից հետո կարելի էր արագ անցնել ձորակն ու մտնել անտառ, որտեղից իջել էին: Մյուս կողմից՝ այս հատվածում ճանապարհը (2) թեքվում է աջ, բայց անմիջապես դրա հարեւանությամբ գտնվող ժայռաբեկորը (1) փակում է վարորդի տեսադաշտը, ինչը լավ հնարավորություն է դարանակալողների համար: Իսկ ահա ճանապարհի ձախ կողմում՝ գետից այն կողմ գտնվող ժայռոտ (3, 4) տափարակը (5) թույլ է տալիս դիտարկել ու վերահսկել շարժը ճանապարհի այս հատվածով, ինչն էլ, ըստ էության, արել են ադրբեջանցիները մինչեւ հայկական «ՈւԱԶ»-ը խոցելը: 

Կադրեր տեսանյութից

Տեղանքը՝ ըստ «Google Earth»-ի 

Գլխավոր նկարում կարմիր շրջանի մեջ ադրբեջանցիների հանցանքի վայրն է, կապույտ ուղղանկյունները ցույց են տալիս թշնամու դիրքերը, կարմիր գիծը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակման վայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter