HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 96 քաշային կարգի տղամարդիկ, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Արա Աղանյանն էլ դարձավ փոխչեմպիոն, ինչպես նախորդ տարի:

Պոկում վարժությունում Հովհաննիսյանն ու Աղանյանը առաջին մոտեցմամբ բարձրացրին 165 կգ: Երկրորդ մոտեցման համար հայ ծանրորդները պատվիրել էին 170 կգ. Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ պոկեց այն, իսկ Արա Աղանյանը չկարողացավ: Վերջինս չկարողացավ բարձրացնել նաև երրորդ մոտեցման համար պատվիրած 171 կիլոգրամը: Իսկ Դավիթ Հովհաննիսյանը երրորդ փորձից հաջողությամբ պոկեց նաև 172-ը՝ նվաճելով պոկում վարժության ոսկին՝ 2 կգ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած թուրք ծանրորդին: Պոկում վարժությունում Արա Աղանյանը երրորդն էր:

Հրում վարժությունում Արա Աղանյանը սկսեց 199 կիլոգրամից և հաջողությամբ հրեց: Դավիթ Հովհաննիսյանն էլ բարձրացրեց 200 կգ: Երկրորդ մոտեցմամբ Հովհաննիսյանը բարձրացրեց նաև 205 կգ: Այս քաշը բարձրացնելուց հետո Աղանյանը հրաժարվեց իր երկու մոտեցումներից, Հովհաննիսյանն էլ՝ վերջին մոտեցումից:

Արդյունքում, երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արա Աղանյանն էլ 364 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշում դարձել էր բրոնզե մեդալակիր, Անդրանիկ Կարապետյանն էլ 89 կգ քաշում՝ փոխչեմպիոն: Կանանց 55 կգ քաշում Իզաբելա Յայլյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ 74 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը հռչակվել էր Եվրոպայի փոխչեմպիոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter