HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Սա ուղղորդված քաղաքական հետապնդում է»․ պաշտպանը պահանջում է արդարացնել Ռուբեն Վարդազարյանին

Հակակոռուպցիոն դատարանում ապրիլի 25-ին շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի քննությունը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել միջնորդությունը՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան արդարացնելու վերաբերյալ։ Վերջինս միջնորդության ներկայացումը սկսել էր նախորդ նիստին։ 

Արամ Օրբելյանը փաստական հանգամանքներ ներկայացրեց՝ ապացուցելու համար, որ Վարդազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պաշտպանի խոսքով՝ Վարդազարյանը իշխանության ուշադրության կենտրոնում հայտնվել է 2020թ․ նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, որով Վարդազարյանը կոչ էր արել դատավորներին առաջնորդվել օրենքով և Սահմանադրությամբ։ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- ասված էր Վարդազարյանի հայտարարության մեջ։

Օրբելյանը ընթերցեց Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությունից հատվածներ, որտեղ Ջհանգիրյանը Վարդազարյանին է ներկայացնում իշխանության պահանջը՝ հրաժարական տալու մասին, հակառակ պարագայում սպառնում է վերջինիս նկատմամբ հետապնդումներ սկսել։ Ջհանգիրյանը Վարդազարյանին ասում է, որ մինչև մարտի 1-ը կարող է այնպես անել, որ քրգործ չհարուցվի, և եթե մինչև այդ Վարդազարյանը չներկայացնի հրաժարականը, ապա էլ ոչինչ չի կարողանա անել։

Պաշտպանի խոսքով՝ Վարդազարյանի նկատմամբ քաղաքական իշխանության դիրքորոշումը ցայտուն է դառնում հատկապես 2021թ․ մարտի 2-ին և 3-ին ԱԺ-ում տեղի ունեցած նիստերի ժամանակ, երբ Վարդազարյանը փորձում է խորհրդարանին ներկայացնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին։ Նա ընթերցեց պատգամավորների հնչեցրած մի շարք հարցեր։ Օրբելյանի խոսքով՝ գրեթե բոլոր հարցերը եղել են օրակարգից դուրս և առնչվել են Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ին արված հայտարարությանը։ Նրա խոսքով՝ Վարդազարյանի հայտարարությունը ԱԺ-ում շարունակել են քննարկել նաև մարտի 4-ին, նաև ԱԺ-ից դուրս ճեպազրույցների, սոցիալական ցանցերի միջոցով են իշխանության ներկայացուցիչները անդրադարձել Վարդազարյանին և նրա հայտարարությանը։

Օրբելյանը նշեց, որ պատգամավորներից ոմանց հարցերը վերաբերել են այս քրեական գործին, որը այն ժամանակ հարուցված չի եղել, նույնիսկ հնչել են այնպիսի բառեր և բառակապակցություններ, որոնք այժմ համապատասխանում են այն մեղադրանքին, որն առաջադրված է Վարդազարյանին։ «Պատգամավորները իրավունք և հնարավորություն չունեին ի պաշտոնե որևէ կերպ իմանալ դրա մասին։ Սա ուղղորդված քաղաքական հետապնում է»,- ասաց Օրբելյանը։ 

Պաշտպանի խոսքով՝ հենց այս իրադարձություններից հետո է հարուցվում այս քրեական գործը, և Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում։ Այնուհետև Գլխավոր դատախազը դիմում է ԲԴԽ-ին, և կասեցվում են Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանը իր նկատմամբ քրեական հետապնում իրականացնելու և որպես մեղադրյալ ներգրավելու որոշումները Վերաքննիչ բողոք է ներկայացնում։ Օրբելյանի խոսքով՝ բողոքը տանելուց մեկ օր առաջ այլ քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից դատարանից առգրավվում են համակարգիչները, որոնցով իրականացվում էին գործերի ավտոմատ բաշխումները և մակագրումները։ Եվ այդ պայմաններում գործերի բաշխումն իրականացնում է դատարանի նախագահը՝ Վարդազարյանի գործը մակագրելով արձակուրդում գտնվող դատավոր Մհեր Արղամանյանին։ «Էն Արղամանյանին, ում տղան ակտիվ քաղաքական դիրքորոշում է ունեցել «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ և թմբուկ է նվագել միտինգների ժամանակ, ու նրան դրանից հետո նշանակել են դատավոր»,- ասաց Օրբելյանը։

Պաշտպանը պնդեց, որ եղած նյութերի հիման վրա՝ կարելի է եզրակացնել, որ տվյալ քրեական գործը ի սկզբանե նախաձեռնվել է Ռուբեն Վարդազարյանին ԲԴԽ-ի նախագահի պաշտոնից հանելու համար։ «Եթե քրեական վարույթը ուղղված չէ քրեական հետապնդման նպատակներին, ապա այդ գործը չի կարող շարունակվել»,- ասաց Արամ Օրբելյանը։ Նա կրկնեց, որ այս ամբողջ գործընթացը կապված է Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության հետ, և եթե դատաքննության վերջում մեղադրանքը հաստատվի, ապա Ռուբեն Վարդազարյանը պատասխանատվության է ենթարկվելու ոչ թե այս քրեական գործում առկա հանցանքի համար, այլ իր հայտարարության համար։

Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ գործի նյութերում կա քրեական գործ հարուցելու առիթի մասին տեղեկություն, ապա հարցրեց Օրբելյանին՝ ո՞րն է այս քրեական գործը հարուցելու առիթը։ Դատավորի պնդմամբ՝ միջնորդության մեջ ամբողջությամբ ներառված են քաղաքական գործընթացների մասին տեղեկություններ, սակայն այս քրեական գործում պատգամավորների ելույթների, Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության և Օրբելյանի կողմից նշված այլ փաստերի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Օրբելյանը դատավորին ասաց, որ վատ տպավորություն կազմեց, թե դատարանը քաղաքական հետապնդման կոնցեպտին լավ ծանոթ չէ։ «Հարգելի դատարան, քաղաքական հետապնդման բացառիկ դեպքեր են լինում, երբ քաղաքական հոդված են ունենում։ Մնացած բոլոր դեպքերում քաղաքական հետապնդման գործընթացները ենթադրում են ձևական առումով իրավաչափ գործընթացներ»,- ասաց Արամ Օրբելյանը։

Նա հիշատակեց Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի գործը, որով ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ կալանավորման հիմքը կա, սակայն կալանավորումն ապօրինի է, քանի որ ամեն ինչ ֆորմալ դասավորված է, սակայն քրեական գործի նպատակն այլ է եղել։ ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածը, այն է՝ Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են:

Օրբելյանը հիշատակեց  նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործը, որտեղ ՄԻԵԴ-ի որոշումից հետո Վճռաբեկ դատարանը արդարացրել է Փաշինյանին, քանի որ խախտվել է նրա խոսքի ազատությունը։ «Սա այն պարագայում, երբ վերջինս հրահրել էր զանգվածային անկարգություններ, որոնց հետևանքով մահացել էր 10 մարդ»,- նշեց պաշտպանը։ Օրբելյանը հորդորեց դատարանին նույն ստանդարտները կիրառել այս գործում․ «Ցույց տվեք, որ չեք մնացել դատախազի կաղապարի մեջ և դարձել եք դատավոր»,- ասաց Արամ Օրբելյանը։

Միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հաջորդ դատական նիստին կներկայացնի Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզել, խնդրանքի եղանակով նրանից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոց կալանավորումը։ 

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա համոզմամբ՝ մեղադրանքի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն էր:

Լուսանկարները՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter