
Տարեցների խնամքի համար «հրատապ» կարգով գնված տները ո՛չ վերանորոգվում են, ո՛չ՝ շահագործվում
Տարեցների խնամքի կազմակերպման համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Հրատապ» կարգով գնած 3 տներից և ոչ մեկը բնակեցված չէ: Ավելին, բոլոր տները կապիտալ վերանորոգման կարիք ունեն, սակայն դրանցից ոչ մեկի վերանորոգման աշխատանքները չեն սկսվել:
«Հետքը» դեռ 2020թ.-ին է անդրադարձել այս տների պատմությանը: 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, նախատեսվում էր փորձնականորեն խնամքի համայնքային 5 փոքր տուն ստեղծել՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արմավիրի մարզի Մրգաշատ, Ակնաշեն գյուղերում և Արմավիր քաղաքում 3 տուն է ձեռք բերոել «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգերով։ Իսկ Գեղակերտի տունը բարեգործական կազմակերպության հետ համատեղ ձեռք է բերվել գնանշման հարցումով: Այժմ վերանորոգվում է միայն այդ տունը:
Գնված տները թեև պետք է լինեին բնակության համար պիտանի, սակայն դրանց շահագործումն առանց հիմնանորոգման հնարավոր չէ:
Մեր հրապարակումների հիման վրա խոշոր չափի խարդախության և փաստաթուղթ կեղծելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել տները վաճառած միջնորդ ընկերության՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրեն և բաժնետեր Պավել Թադևոսյանին: Տարեցների համար ձեռք բերված փոքր տների գործով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեք պաշտոնյա ևս մեղադրյալի կարգավիճակ ունի:
Որոշվել է տները վերանորոգել, 2-ի վերաբերյալ պայմանագրերը կնքվել են, սակայն 4 ամսից ավելի է՝ աշխատանք չի իրականացվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 3 անգամ ավելի շատ գումար է հատկացրել գնած տների վերանորոգման համար, քան այդ տների արժեքն է:
Մրգաստան գյուղի տան վերանորոգման համար պետական բյուջեից նախատեսվել է 94 մլն դրամ, այն դեպքում, երբ տան արժեքը 26 մլն 730 հազար դրամ էր: Ակնաշենի տան վերանորոգման արժեքը 90 մլն դրամ է, տան գնման արժեքը՝ 26 մլն 950 հազար դրամ:
Գեղակերտի տան վերանորոգման պայմանագիրը կնքվել է 2022թ. մարտի 21-ին` 44 մլն 280 հազ. դրամ արժեքով: Նշված գումարից 27 մլն դրամը հատկացրել է «Ավոնդգլանս» հիմնադրամը, մնացած գումարը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Միայն այստեղ են իրականացվում վերանորոգման աշխատանքներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022թ. դեկտեմբերի 27-ին հրատապ կարգով Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանից կիսակառույց տուն է գնել՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքը համայնքային փոքր տներում կազմակերպելու նպատակով:
2022թ. ապրիլին հայտարարված գնման ընթացակարգին մասնակցության հայտ էր ներկայացրել միջնորդ կազմակերպությունը՝ «Տեխպրոֆշին» ՍՊԸ-ն: Վերջինս առաջարկել էր Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող կիսակառույց երկհարկանի մի տուն՝ 20 մլն 160 հազ. դրամ գնով:
Ձեռք բերվելիք անշարժ գույքի տեխնիկական բնութագրում պահանջ է սահմանվել, որ մինչև առուվաճառքի պայմանագրի կնքումը վաճառողի առաջարկած առանձնատան արժեքը պետք է գնահատվի անկախ փորձագետի կողմից: Նման պահանջի անհրաժեշտությունն առաջացել էր «Հետք»-ի՝ 2020թ. հրապարակումից հետո:
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատման հաշվետվության համաձայն՝ Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող անշարժ գույքը 2022թ. հունիսի 20-ի դրությամբ գնահատվել է 10 մլն 334 հազ. դրամ:
Ընկերությունը չի համաձայնել իջեցնել գինը, և գնման ընթացակարգը համարվել է չկայացած: Նախարարությունը նույն տունը հրատապ կարգով գնել է սեփականատեր Արամ Հովհաննիսյանից՝ 13 մլն 750 հազ. դրամով:
Պարզվում է՝ Ֆինանսների նախարարությունը չի հասցրել 2022թ. վճարել գնված տան արժեքը: Կառավարությունը 2023թ. ապրիլի 27-ին որոշում է կայացրել Շարժայի բարեգործական հիմնադրամի փոխանցած, 2023թ. պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից հատկացնել 13 մլն 750 հազ. դրամ:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 2-ին նախարարության և Շարժայի բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով համանքային փոքր տան գնման նպատակով հատկացվել է 150 հազ. ԱՄԷ դիրհամ։ Տվյալ օրվա դրությամբ, Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով այն կազմել է մոտ 20 մլն 164 հազ. դրամ: Հենց այդ գումարի մնացորդից էլ գնման օրվանից 4 ամիս անց որոշվել է վճարել տան արժեքը:
Այս պարագայում անհասկանալի է նախարարության շտապողականությունը հրատապ կարգով մեկ անձից գնում կատարելու հարցում, քանի որ տունը կիսակառույց է եւ այս պահին պիտանի չէ բնակության համար: Ավելին, Կառավարությունը դեռ պետք է գումար հատկացնի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար, ինչը ենթադրում է, որ մոտ ապագայում այս առանձնատունը ևս հնարավոր չի լինի շահագործել ըստ նպատակի:
Գլխավոր լուսանկարում՝ Մրգաստանի տունը
Մեկնաբանել