HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զոհված զինծառայողի մոր կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը․ բողոքի ակցիա դատարանի դիմաց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ 

Այն սկսվել էր երեկ ուշ գիշեր և տևել մինչև լուսադեմ։ Ինչպես նախորդ օրը, այսօր ևս դատարանի դիմաց հավաքվել էին զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ, քաղաքական և հանրային դեմքեր՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով։

Միջնորդության քննությունից հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 15։00-ին, իսկ մինչ այդ Գայանե Հակոբյանը կշարունակի մնալ անազատության մեջ։

Այս հայտարարությունից հետո ակցիայի մասնակիցները զոհվածների ծնողների առաջնորդությամբ երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան՝ «ազատություն» վանկարկումներով։

Երբ ակցիային միացան Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Արա Պապյանը, զոհված զինծառայողների ծնողները վրդովվեցին և կոչ արեցին նրանց հեռանալ՝ պատճառաբանելով, որ ակցիային չեն ցանկանում քաղաքական երանգ հաղորդել։

Գայանե Հակոբյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ խափանման միջոցը որպես կալանք ընունելու համար քննչական մարմինը ներկայացրել էր երեք հիմնավորում՝ փախուստը, նոր հանցանքի կատարումը և դատավարությամբ իր վրա դրված պարտականությունների չկատարելը, որը կարող է դրսևորվել վկաների վրա անօրինական ազդեցությամբ։ Ըստ փաստաբանի՝ միջնորդության քննության ընթացքում փախուստի հիմքից հրաժարվել են դատախազը և քննիչները։ «Իմ պրակտիկայում աննախադեպ երևույթ էր, երբ միջնորդություն ներկայացնող անձը քննության ընթացքում միջնորդության հիմքերից մեկից հրաժարվում է»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանը խոսեց նաև Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև տեղի ունեցած առերեսման մանրամասներից։ Նրա խոսքով՝ Աշոտ Փաշինյանը խիստ պատրաստված է գնացել առերեսման։ «Նա կանխատեսել և հաշվի էր առել մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը։ Օրինակ՝ երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթին» հասնելը չկային արդյոք այլ լուսացույցներ, Փաշինյանը հայտարարեց, թե՝ ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեև լուսացույցներ եղել են, բայց կանաչ լույս է եղել, հետևաբար՝ չէի կարող իջնել»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակը» երեկ՝ մայիսի 17-ին, գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Ծնողները սակայն պնդում են, որ Փաշինյանն իր կամքով է նստել մեքենան։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որից հետո ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ Աշոտ Փաշինյանի առեւանգման դեպքի առիթով ձերբակալվել է մեկ անձ։ Ձերբակալվածը զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանն էր։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի  «ռեպլիկներ» են հնչեցնել:

Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով՝ կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter