HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործի քննությունը։ Նա մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

Դատարանից դուրս գալուց հետո շենքի առաջ վերջինիս պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Գայանե Հակոբյանը հրաժարվել է իր պաշտպաններից։

«Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս, և վստահորդի միջև, որի կապակցությամբ մեր պաշտպանությունն այլևս չի իրականացվելու Գայանե Հակոբյանի նկատմամբ։ Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը»,- ասել է Հովսեփ Սարգսյանը։

Պաշտպանը հայտնել է, որ իրենց դիրքորոշումը արդարացման հիմքով պաշտպանությունը շարունակելն է եղել, սակայն Գայանե Հակոբյանն այլ կարծիքի է եղել։ Լրագրողների հարցին, թե Գայանե Մարտիրոսյանն ընդունե՞լ է մեղադրանքը, փաստաբան Գեորգի Մելիքյանը պատասխանել է. «Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»։

Գործով պաշտպաններ էին ներգրավված՝ Վարդուհի Էլբակյանը, Գեորգի Մելիքյանը և Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողները նշում էին, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ չի եղել։

Նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր։

Մայիսի 20-ին դատարանը որոշում էր կայացրել մեկ ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին, որից հետո ծնողները Կառավարության շենքի առջև նստացույց էին սկսել, որը մայիսի 23-ի երեկոյան դադարեցվեց։

Հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի՝ մայիսի 20-ի որոշումը և Գայանե Հակոբյանի կալանավորումը փոխարինվել էր տնային կալանքով։ Բայց նույն օրը Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նախնական դատական նիստին առաջին ատյանի դատարանը կրկին կալանավորման որոշում կայացրեց՝ ընդունելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter