HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գայանե Հակոբյանի պատիժը պայմանականորեն չի կիրառվի․ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի համար, սակայն, դատարանի վճռով՝ նրա նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կնշանակվի 1 տարվա փորձաշրջան։

Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվել է զոհված զինծառայող Գայանե Հակոբյանի գործի քննությունը։ Վերջինս հրաժարվել էր իր պաշտպաններից։ Դատարանի որոշմամբ՝ Գայանե Հակոբյանն իրեն մեղսագրվող արարքում մեղավոր է ճանաչվել։ Սակայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվի։ Դատարանի վճռով վերացվել է Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքն, ու նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Ըստ դատարանի վճռի՝ Գայանե Հակոբյանն առանց վերահսկող համապատասխան մարմնի թույլտվության չի կարող լքել Հայաստանի տարածքը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողները նշում էին, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ չի եղել։

Նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր։

Մայիսի 20-ին դատարանը որոշում էր կայացրել մեկ ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին, որից հետո ծնողները Կառավարության շենքի առջև նստացույց էին սկսել, որը մայիսի 23-ի երեկոյան դադարեցվեց։

Հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի՝ մայիսի 20-ի որոշումը և Գայանե Հակոբյանի կալանավորումը փոխարինվել էր տնային կալանքով։ Բայց նույն օրը Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նախնական դատական նիստին առաջին ատյանի դատարանը կրկին կալանավորման որոշում կայացրեց՝ ընդունելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter