HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Եսայանների «Թիմ Սոլյուշնս» ընկերությունը երկուսուկես տարում պետությունից 3 մլրդ դրամի պատվեր է ստացել

«Թիմ» ընկերությունների խմբի սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ Սոլյուշնս» ընկերությունը հիմնադրման օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերից՝ ծառայությունների մատուցման խոշոր գործարքներ է կնքում պետական գերատեսչությունների հետ՝ մեծ մասամբ Պետական եկամուտների կոմիտեի։ Այս ՏՏ ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ, վերջին 2,5 տարիների ընթացքում պետությունից ավելին քան 3 միլիարդ դրամի պատվեր է ստացել։

«Թիմ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին։ Ըստ ընկերության իրական շահառուների հայտարարագրի՝ ՓԲԸ-ում 50-ական տոկոս բաժնեմաս ունեն եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները։ Նրանք այս ընկերությունը հիմնել են «Յուքոմից» դուրս գալուց և «Բիլայնը» (ներկայում՝ «Թիմ Տելեկոմ») ձեռք բերելուց հետո։

Հիշեցնենք՝ Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմում» 2,97-ական տոկոս բաժնեմաս են ունեցել, Հայկ Եսայանը զբաղեցրել է ընկերության տնօրենի պաշտոնը, սակայն 2020 թվականին Եսայանների և ընկերության մյուս բաժնետերերի, մասնավորապես Գուրգեն, Արտյոմ (ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները) և Արամ (Գագիկ Խաչատրյանի եղբորորդին) Խաչատրյանների միջև տարաձայնություններ եղան, ինչից հետո Եսայանները լքեցին «Յուքոմը» և իրենց հիմնած «Թիմ» ՍՊԸ-ով 2020թ․ հոկտեմբերի 29-ին գնեցին «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ «Բիլայն») 100 տոկոս բաժնետոմսերը։ Հետագայում «Բիլայնը» դարձավ «Թիմ Տելեկոմ», որն այժմ պատկանում է 2023թ․ ապրիլի 11-ին հիմնված «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին («ՎԵՈՆ Արմենիայի» իրավահաջորդ), որի սեփականատերերը Հայկ և Ալեքսանդր Եսայաններն են։

«Թիմ Սոլյուշնս» ՓԲԸ-ն հիմնադրվելուց հետո ակտիվորեն ներգրավվում է պետական գնումների գործընթացում և ընդամենը մեկ ամիս անց՝ 2020թ․ դեկտեմբերին ՊԵԿ-ից ստանում է իր առաջին խոշոր պայմանագիրը, արժեքը՝ 100 միլիոն դրամ։ Այս գումարի դիմաց ընկերությունը ՊԵԿ-ում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի էլեկտրոնային հարթակի ներդրման խորհրդատվական ծառայություններ է մատուցել։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընդհանուր առմամբ վերջին երկուսուկես տարիների ընթացքում «Թիմ Սոլյուշնսը» կնքել է 17 պայմանագիր, որից 13-ը՝ Պետական եկամուտների կոմիտեի, իսկ 4-ը Ֆինանսների նախարարության հետ, իսկ պայմանագրերի ընդհանուր արժեք կազմել է 3 մլրդ 150 մլն դրամ։

Այդ պայմանագրերից ամենախոշորը կնքվել է մեկ ամիս առաջ։ 2023 թվականի մայիսի 4-ին կնքված գնման պայմանագրի համաձայն՝ «Թիմ Սոլյուշնս» ընկերությունը պարտավորվել է ՊԵԿ-ում ներդրված «Հարկատու 3» համակարգի և դրա ենթահամակարգերի սպասարկման խորհրդատվական ծառայություններ մատուցել, ինչի դիմաց ստանալու է 1 մլրդ 290 մլն դրամ գումար։ Գնումն իրականացվել է «հրատապ բաց մրցույթ» ընթացակարգով, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Թիմ Սոլյուշնս» ՓԲԸ-ն։

Կնքված խոշոր պայմանագրերից մեկի արժեքն էլ կազմել է 414 մլն դրամ, մյուսինը՝ 383 մլն դրամ։

Եսայանները 2023 թվականի ընթացքում կարողացել են ընդլայնել իրենց բիզնեսը։ Այս տարվա մարտի 6-ին հայտնի դարձավ, որ «Թիմ» ընկերությունների խումբը գնել է Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը։ Մայիսի 31-ին էլ «Թիմը» հայտարարեց վրացական հեռահաղորդակցության օպերատոր SkyTel-ի 30 տոկոս բաժնեմասի ձեռքբերման մասին։ 

Լուսանկարում՝ Ալեքսանդր և Հայկ Եսայանները / © Տելեկոմ Արմենիա

Մեկնաբանություններ (1)

Խաչատուր Շաբոյան
Բարև Ձեզ հարգելի գործընկերներ:Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ,որի իրավաբանական հասցեն ք. Ստեփանակերտ է իսկ գործունեությունը ք. Երևան Շիրակի 47 կարող եմ դուրս գրել արդյոք??? Նշեմ,որ զանգել եմ ՊԵԿ թեժ գիծ ուղորդել են զանգահարել սպասարկման կենտրոն,որտեղից չկարողացան ինձ տալ ստույգ պատասխան ասեցին չեն կարող պատասխանել իմ հարցին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter