HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մարտին Գալստյան. «Ֆինանսական համակարգի հետ աշխատում ենք, որ հնարավոր սանկցիոն ռիսկերից զերծ մնանք»

Բանկերի կողմից ռիսկերի ճիշտ կառավարման և ԿԲ-ի օժանդակության արդյունքում Հայաստանի ֆինանսական համակարգը կարող է զերծ մնալ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Հետք»-ի հարցին ի պատասխան նշել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հետևանքով ի՞նչ սպառնալիքներ կան Հայաստանի ֆինանսական համակարգի համար։

«Մենք բանկային ու ֆինանսական համակարգի հետ աշխատում ենք, որպեսզի պոտենցիալ, հնարավոր սանկցիոն ռիսկերից զերծ մնանք։ Կան որոշակի դեպքեր, որ կազմակերպությունները հաշիվներ են ունեցել բանկերում, իրականացրել են ռիսկային գործառնություններ, բայց դրանք եզակի դեպքեր են, չեն կրում տարերային բնույթ։ Ուստի՝ ես կարծում եմ, որ մեր գործընկերների կողմից իրենց ռիսկերի ճիշտ կառավարման արդյունքում, մեր կողմից էլ որոշակի օժանդակության, նյութերի տրամադրման, խորհրդատվության տրամադրման արդյունքում Հայաստանը զերծ կմնա այդ պոտենցիալ ռիսկերից, և այդ ռիսկերը չեն ազդի Հայաստանի ֆինանսական շուկայի և տնտեսական զարգացումների վրա»,- նշեց ԿԲ նախագահը։

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թականին Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումն աճել է 2.9 անգամ կամ 187%-ով։ Երեկ՝ հունիսի 12-ին, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ նշված 187%-ի միայն 47 տոկոսային կետն են ապահովել հայկական ծագման ապրանքները։ Դա նշանակում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման կտրուկ աճը հիմնականում վերաարտահանման հաշվին է։

Դա ապացուցվում է նաև ապրանքախմբերի վերլուծության արդյունքում։ 2022 թվականի փետրվարից սկսված՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար։ Եվրոպական մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, արգելել են իրենց երկրի տարածքներից ապրանքների արտահանումը Ռուսաստան։ 2022 թվականին Հայաստանից արտահանվել են այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Արտահանող ընկերությունների մի մասն էլ տեխնիկա ներմուծող և վաճառող հայտնի ընկերություններ են, որոնք նաև խոշոր հարկատուներ են։

Մարտին Գալստյանը կարծում է, որ այս տարվա տարեկան տվյալներով Հայաստանը ներմուծման և արտահանման անկում է գրանցելու. 2022 թվականին ցուցանիշները իրենց «գագաթնակետին» են հասել։

«Գործընկեր երկրներում կան կազմակերպություններ, որոնք երբ վաճառում են ապրանք, հավաստիացում են քեզնից ուզում առ այն, որ ապրանքը չի վերաարտահանվելու։ Կարծում եմ՝ այդ տեսանկյունից որքան ավելանա նման գործարքների կամ նման վերահսկողական մեխանիզմների տեսակարար կշիռը, այնքան մենք կտեսնենք, որ վերաարտահանման գործառնությունները ծավալային, քանակական նվազում են»,- ասում է ԿԲ նախագահը։

Հարցին՝ արդյոք վերաարտահանման ժամանակ ֆինանսական ռիսկային փոխանցումներ եղե՞լ են, որ անհանգստացրել են Կենտրոնական բանկին, Մարտին Գալստյանը նշեց, որ եղել են քիչ դեպքեր, որոնք համակարգային բնույթ չեն ունեցել։

«Մենք քննարկել ենք միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում ձեռնարկվել են գործողություններ։ Բայց այդ դեպքերը չափազանց փոքր են և չափազանց իզոլացված։ Այդ տեսանկյունից համակարգային խնդիր, որ Կենտրոնական բանկին այս պահին պետք է մտահոգի, չունենք»,- նշեց նա։

Հունիսի 7-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված հրապարակեց այն մասին, որ Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը, ելնելով պատժամիջոցների ռիսկերից, Ռուսաստանի իրավաբանական անձանց համար սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի մատակարարումների վճարումները։ Այսինքն՝ թույլ չեն տալիս, որ Ռուսաստանի իրավաբանական անձինք էլեկտրոնիկա գնեն նշված երկրներից։ «Մատակարարները փորձում են Էլեկտրոնիկա ներմուծել այլ ապրանքային կոդերի ներքո և վճարման այլ եղանակներ են փնտրում»,- գրել է թերթը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հավաստիացնում է, որ ԿԲ-ն բանկերին չի ուղղորդում որևէ գործողության։ Միայն հորդորում է աշխատել միջազգային լավագույն փորձի շրջանակներում։ «Այսինքն՝ ճանաչեն իրենց հաճախորդին, ճիշտ կարողանան գնահատել ռիսկի ախորժակը և բնականաբար, ճիշտ կարողանան իրականացնել այն գործառնությունները, որոնք բնորոշ են բանկային համակարգին»,- ասաց ԿԲ նախագահը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի «հակառակ խոսակցությունները» կային՝ հայկական բանկերը հիպերակտիվ են հաճախորդներ ներգրավելու հարցում, արդյոք դա չի՞ հանգեցնելու պատժամիջոցների տակ հայտնվելու էական ռիսկերի։ Այդ ժամանակ ևս, ըստ ԿԲ նախագահի, բանկերին հորդորել են ճիշտ կառավարել իրենց ռիսկերը։

«Հիմա գործողությունները, որոնք ուղղված են ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել նաև որոշակի կոնտրագենտների (պայմանագիր կնքողների) հետ հարաբերությունների խզման, հարաբերությունները կարող են հանգեցնել նրան, որ որոշակի փոխանցումներ չարվեն։ Դա կարող է պայմանավորված լինել ոչ միայն բանկերի ինքնուրույն որոշմամբ, այլ նաև՝ այն թղթակից բանկերի որոշմամբ, որոնց հետ իրենք աշխատում են։ Օրինակ՝ փոխանցումը գնում է արտասահմանյան բանկի միջոցով, և արտասահմանյան բանկի կողմից կա պահանջ, որը պիտի հայկական բանկը կատարի։ Որոշակի գործընկերային հարաբերություններ հաճախորդների հետ կարող են խզվել, փոխվել, մեծանալ կամ փոքրանալ՝ կախված իրադարձությունների զարգացումից։ Կարող են դեպքեր լինել, որ դա կապված լինի պատժամիջոցների հետ։ Կարող են դեպքեր լինել, որ կապված չլինի պատժամիջոցների հետ, ուղղակի կոնտրագենտը չկարողանա ներկայացնել փաստաթղթերի այն ամբողջական շրջանակը, որը պետք է բանկին լիակատար համագործակցության տեսանկյունից»,- նշեց Մարտին Գալստյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter