HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Երասխում գործարանի շինարարությունը անորոշ ժամանակով դադարեցված է. ԵՄ դիտորդներն արձանագրել են վիճակը

Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքները անորոշ ժամանակով դադարեցվել են Ադրբեջանի կողմից այսօրվա կրակոցներից հետո, որոնց թիրախում կառուցվող գործարանի տարածքն է եղել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց գործարանը կառուցող ընկերության ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը։

Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորվել են  գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Երկու քաղաքացիների վիրավորումից հետո օրվա ընթացքում ևս մի քանի կրակոց է եղել ադրբեջանական կողմից։

«Ադրբեջանցիները թիրախավորել են հենց աշխատող տեխնիկան ու աշխատակիցներին։ Երկու աշխատակիցները հիվանդանոցում են, վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Տիրան Հակոբյանը։

Ըստ նրա՝ այսօրվա կրակոցներից հետո ԵՄ դիտորդներ են եղել կառուցվող գործարանի տարածքում և արձանագրել իրավիճակը։

«Մենք դեռ չգիտենք, թե երբ կվերսկսենք շինարարական աշխատանքները, քանի որ դեռ երաշխիքներ չունենք, որ կրակոցները չեն շարունակվելու»,- նշեց նա։ 

Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բոլոր փուլերը։ Կառուցող ընկերությունը պատկանում է ազգությամբ հնդիկ, ԱՄՆ քաղաքացի Բոբբի Կանգին և ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսային՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին։

Օրեր առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել է, որ մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Ի պատասխան այս հայտարարությունը՝ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունից հայտնել են, որ ՀՀ բնապահապանության նախարարության կողմից տրված եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։

Լուսանկարները տրամադրել է Տիրան Հակոբյանը

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter