HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զորանոցի հրդեհից զոհվածների ծնողները հիասթափված են Փաշինյանի հետ հանդիպումից

2023թ․ հունվարի 19-ին Ազատ գյուղի զորանոցում հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել։ Նա ներկայացրեց, թե գործով ինչ նոր իրադարձություններ են եղել նախորդ մամուլի ասուլիսից հետո։

Մարտի 30-ին զոհված զինծառայողների ծնողները փաստաբանի հետ հանդիպել են ՀՀ զինվորական դատախազին, ապրիլի 18-ին դեպքի վայրում, այսինքն՝ Ազատ գյուղում, ծնողների ներկայությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն։ Նույն օրը ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին, պահանջել են հանդիպել վարչապետի հետ։ Ապրիլի 21-ին ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի առաջ՝ կրկին պահանջելով հանդիպել ՀՀ վարչապետին։

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել փակ հանդիպում զոհվածների ծնողների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաստաբանի խոսքով՝ այդ հանդիպմանը ինքը չի մասնակցել, քանի որ այդպիսի պայման է դրվել ծնողների առջև։

Նորիկյանի խոսքով՝ ապրիլի 30-ին իրենց կողմից ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝

  • զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել,
  • եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաննեում չթունավորվել շմոլ գազով,
  • հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը,
  • զինծառայողները միաժամանա՞կ են ստացել այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են եղել ժամանակային առումով։ Եթե այո, խնդրել ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, դրանից հետո թունավորվել։

Վարույթն իրականացնող մարմինը ներկայացված միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ, և մայիսի 25-ին նշանակվել է դիակների լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները մինչ այս պահը ստացված չեն։

Մայիս ամսին զինծառայողների ծնողները հանդիպել են նաև Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրինության հետ, որտեղ այս պահին ընթանում են նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական համալիր փորձաքննությունները։

Հուլիսի 7-ին ծնողները և փաստաբանը հանդիպել են ՆԳՆ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին, հանդիպմանը մասնակցել է նաև Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի տնօրենի տեղակալ Արսեն Սարոյանը, որը դեպքի հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությունում հայտարարել էր, թե զոհված 15 զինծառայողից 14-ը ծխահարվել է, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել է մահճակալներին պառկած։

Հունիսի 12-ին դեպքի վայրում ծնողների ներկայությամբ և մասնակցությամբ դարձյալ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն։

Հունիսի 28-ին դարձյալ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և զոհվածների ծնողների միջև փակ հանդիպում, որին փաստաբանը չի մասնակցել։

Վարչապետի հետ հանդիպումների բովանդակության մասին փաստաբանը կոռեկտ չհամարեց խոսել, քանի որ անձամբ ներկա չի եղել, հորդորեց այդ մասին հարցնել ծնողներին։

Նորայր Նորիկյանը հայտնեց միայն, որ Փաշինյանի հետ հանդիպումից 1 ժամ հետո հանդիպել են իրեն։

«Ծնողների ընդհանուր տպավորությունը շատ հիասթափեցնող է եղել, հիասթափված տրամադրություն եմ ես տեսել»,- ասաց Նորիկյանը։

Զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը հայտնեց, որ Փաշինյանին 20 հարց են տվել, առաջին հանդիպմանը վարչապետը հայտնել է, որ դեպքի մանրամասներից տեղյակ չէ, ու խոստացել է, որ 2 ամիս անց դեպքի մանրամասների հետ կապված ասելիք կունենա։

«Երկրորդ հանդիպումը սկսվեց նրանով, որ սկսեցինք կարդալ Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքը, որը տվել էր դեպքից մի քանի օր անց։ Երկար, տևական ժամանակ նստեցինք, լսեցինք, ու դրանից ավել մեզ բան չունեցան իրենք ասելու»,- ասում է Գաբրիել Կիրակոսյանը։ Նա հարցնում է՝ թե այդ 2 ամսում ի՞նչ էին արել, ինչո՞վ էին զբաղվել, ինչու՞ ուզեցին այդ 2 ամիս ժամանակը։

Անդրադառնալով իրենց կողմից հնչեցված հարցերին՝ զոհվածի հայրը ասաց․ «Ասում էինք՝ Ա, ինքը հասկանում էր Բ»։ Նա նշեց, որ նույնիսկ որոշակի ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել Փաշինյանը։

Ծնողները հայտնեցին նաև, որ Փաշինյանը հանդիպման ժամանակ իրենց ասել է․ «Ընենց տպավորություն է, որ ձեզ սովորեցրել են»։ Ծնողների համոզմամբ՝ վարչապետը նկատի է ունեցել փաստաբան Նորայր Նորիկյանին։

Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնեց, որ նշանակված 2 փորձաքննության եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Նա հնարավոր համարեց, որ հուլիս ամսին կլինեն այդ եզրակացությունները, որից հետո հավանականությունը մեծ կլինի, որ վարույթն իրականացնող մարմինը կավարտի նախաքննությունը և գործը կուղարկի դատարան։

Փաստաբանի խոսքով՝ տուժողներն այս ժամանակահատվածում տվել են ցուցմունքներ, որոնցում, Նորիկյանի համոզմամբ, առկա են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին պնդումներ, սակայն թե դրանց վերաբերյալ ինչպիսի քննություն է տարվել, և ինչ է պարզվել ու հերքվել, դեռևս հայտնի չէ։

Նորայր Նորիկյանն ասաց, որ տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելու և ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված՝ չիրականացրեց օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն, որի հետևանքով ծնողների մոտ առկա կասկածներն այդպես էլ չեն փարատվել։

Ըստ փաստաբանի՝ վարկածների շարքում կարող էին լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի համագործակցության և թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։

Նորիկյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ ուղարկել դատարան նույնիսկ այն դեպքում, երբ իր կողմից առաջ քաշված պաշտոնական վարկածի շրջանակներում անգամ պարտավոր է քրեական հետապնդում հարուցել մի շարք այլ պաշտոնյաների վերաբերյալ։

Նորայր Նորիկյանը հրապարակեց նաև ՆԳ նախարարին ուղղված հարցերը, որոնցից պարզ է դարձել, թե կոնկրետ որ ժամին և ում կողմից է ստացվել ահազանգ նշված հրդեհի մասին, կոնկրետ որ ստորաբաժանումներն են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին, արդյոք իրականացվել է լուսանկարահանում և տեսանկարահանում զոհվածների դիերի վայրի, դիրքի, տեղափոխման մասին։

Փաստաբանն ասաց, որ 3 ամիս շարունակ պնդել են, թե լուսանկարահանում չի իրականացվել, սակայն հետագայում Փրկարար ծառայությունից ստացել են շուրջ 10 և ավել լուսանկարներ, որոնք կիսատ են, ամբողջական չեն, սակայն փաստում են, որ դեպքի վայրում լուսանկարահանում իրականացվել է։

«Այն պահից է նկարահանված, որ պահից որ իրենք ենթադրաբար հարմար են համարել մեզ տրամադրել, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ եթե այդքանը լուսանկարել են, բացառված է, որ դրա նախորդ ժամանակահատվածում լուսանկարահանում, տեսանկարահանում իրականացված չլինի»,- ասաց փաստաբանը։

Նա հայտնեց նաև, որ հրդեհի մասին ակտ չի կազմվել։ Գնդապետ Սարոյանի կողմից Հանրային Հեռուստաընկերությունում արված հայտարարության վերաբերյալ ևս որոշակի պարզաբանումներ ստացել են։

Նորիկյանի խոսքով՝ Դատախազությանը հաղորդում է ներկայացնելու որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար։ Նրա այս որոշման համար հիմք է հանդիսացել ՊՆ-ից ստացված պատասխանները որոշ հարցերի շուրջ։

«Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինվորական դատախազի հետ ունեցած հանդիպումից հետո մեզ համար վերջնականապես պարզ է դարձել, որ դեպքի վայրը խախտվել է, որովհետև իրենք նույնպես այդ փաստը չեն հերքել»,- ասաց Նորիկյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter