HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը հեռացել է առանձին սենյակ` Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշում կայացնելու

Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ ավարտեց Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Նա հայտնեց, որ դատարանը հեռացել է առանձին սենյակ` դատական ակտ կայացնելու, իսկ թե երբ կհրապարակվի դատարանի որոշումը, պաշտպանը չգիտի. «Հրապարակման ժամը չի նշվել. կարող է 1 ժամից, 5 ժամից: Սպասում ենք»,- ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ դատարանից ակնկալիք չունի. «Դատարանը չի Արմենին ազատողը, հետևաբար` նիստից ակնկալիք լինել չի կարող»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը սկսվել էր շաբաթ օրը` օգոստոսի 12-ին: Այնուհետև հետաձգվել էր, քանի որ քննիչը միջնորդությանը կից 9 ձայնասկավառակ էր ներկայացրել՝ ընդհանուր 23 ժամ տևողությամբ։

Միջնորդության քննությունը վերսկսվել էր օգոստոսի 14-ին` 12:30-ից, ապա նորից հետաձգվել մինչև 18:30-ը: Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ հարցաքննությունների տեսաձայնագրությունների միայն կեսին էր Արմեն Աշոտյանը հասցրել ծանոթանալ: Աշոտյանը հայտնաբերել էր լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև և անհրաժեշտություն կար մինչև վերջ դիտելու դրանք, այդ պատճառով էր հետաձգվել նիստը:

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց միջնորդության քննության մեկնարկից մինչև հիմա հավաքվել են Աշոտյանի աջակիցները, որոնց թվում են նաև մի շարք քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Լուսանկարը` Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter