HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ 

Կալանքի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը ավարտվել էր կեսգիշերին։ Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ դատարանից ակնկալիք չունի. «Դատարանը չի Արմենին ազատողը, հետևաբար` նիստից ակնկալիք լինել չի կարող»,- ասել էր նա:

Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը սկսվել էր շաբաթ օրը` օգոստոսի 12-ին: Այնուհետև հետաձգվել էր, քանի որ քննիչը միջնորդությանը կից 9 ձայնասկավառակ էր ներկայացրել՝ ընդհանուր 23 ժամ տևողությամբ։

Միջնորդության քննությունը վերսկսվել էր օգոստոսի 14-ին` 12:30-ից, ապա նորից հետաձգվել մինչև 18:30-ը: Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնել էր, որ հարցաքննությունների տեսաձայնագրությունների միայն կեսին էր Արմեն Աշոտյանը հասցրել ծանոթանալ: Աշոտյանը հայտնաբերել էր լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև և անհրաժեշտություն կար մինչև վերջ դիտելու դրանք, այդ պատճառով էր հետաձգվել նիստը:

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց միջնորդության քննության մեկնարկից մինչև հիմա հավաքվել են Աշոտյանի աջակիցները, որոնց թվում են նաև մի շարք քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter