HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստեփանավանի օդանավակայանը հանձնվել է ՊՆ-ին, իսկ դրա վերագործարկման ծրագրերն անորոշ են

Հուլիսի 13-ին Կառավարությունը որոշել է Ստեփանավանի օդանավակայանը հանձնել ՊՆ-ին: Որոշումը գործադիրը կայացրել է չզեկուցվող կարգով, այսինքն՝ Կառավարության նիստի ժամանակ սրա վերաբերյալ քննարկում չի ծավալվել: Սակայն որոշման նախագծային փաստաթղթերը որոշ լույս են սփռում մանրամասների վրա:

Որոշման նախագիծը մշակել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Ըստ ՏԿԵՆ-ի՝ նախագծի հիմքը եղել է այս տարվա փետրվարին ՊՆ-ի գրությունը իրենց, ինչպես նաեւ ՀՀ-ում փոքր ավիացիայի եւ հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը:

Հետաքրքիր է, որ ՊՆ-ն դիմել է հենց ՏԿԵՆ-ին, չնայած, որ օդանավակայանը գտնվում էր ԱԻՆ-ի հաշվեկշռում: Այս տարվա փետրվարին՝ ՊՆ-ի դիմումի ժամանակ, արդեն հայտնի էր, որ ԱԻՆ-ը շուտով դադարեցնելու է գործունեությունը, քանի որ 2022 թ. դեկտեմբերին ԱԺ-ն փոփոխություն էր կատարել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում՝ նախարարությունների կազմից հանելով ԱԻՆ-ը եւ փոխարենն ավելացնելով ՆԳՆ-ն, սակայն միեւնույնն է՝ ԱԻՆ-ը փետրվարին կար, ավելին՝ օդանավակայանի գույքի ուղղակի սեփականատեր հանդիսացող «ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»» ՓԲԸ-ի կանոնադրության մեջ որեւէ փոփոխություն չի արվել, մինչեւ հիմա դրա բաժնետոմսերը «պատկանում են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը»:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին ուղղված մեր հարցին, թե ինչու է ՊՆ-ն դիմել իրենց եւ ոչ թե ԱԻՆ-ին, Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պատասխանել է, թե հարցը դուրս է իրենց լիազորության տիրույթից:

Հարցրել էինք նաեւ, թե ինչու է Կառավարության որոշման նախագիծը կազմել ոչ թե ԱԻՆ-ը, այլ ՏԿԵՆ-ը, ինչին փոխնախարար Հարությունյանը պատասխանել է, որ դա պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի այն դրույթով, ըստ որի՝ «նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը»: Բայց հարկ է նկատել, որ Կառավարության այդ որոշումը չի հանդիսանում որեւէ նորմատիվ իրավական ակտի փոփոխություն կամ լրացում, ՏԿԵՆ-ն էլ ԱԻՆ-ի իրավահաջորդը չէ:

ՏԿԵՆ-ի հիմնավորման մեջ նշված չէ նաեւ, թե Ստեփանավանի օդանավակայանն ինչպես պիտի զարգանա՝ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվելով:

Դրա համար էլ նախարարին հարցրել էինք, թե ինչպես է ՏԿԵՆ-ը տեսնում «փոքր ավիացիայի եւ հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը» ՊՆ-ին հանձնված Ստեփանավանի օդանավակայանի պարագայում: Արդյոք դա նշանակում է, որ Ստեփանավանի կառույցը դառնալու է համատեղ բազավորման ռազմական աերոդրոմ, որտեղ կարող են բազավորվել թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օդանավեր: Երկրորդ տարբերակն այն է, որ սա դառնա համատեղ օգտագործման աերոդրոմ, ինչը նշանակում է, որ այն լինելու է ռազմական նշանակության, որտեղ բազավորվելու են ռազմական օդանավեր, իսկ քաղաքացիական օդանավերը կարող են օգտվել դրանից՝ առանց բազավորման իրավունքի: Իրականում այլ տարբերակն անիրատեսական է թվում, քանի որ եթե օդանավակայանի գույքը հանձնվել է ՊՆ-ին, ենթադրելի է, որ պետք է առաջին հերթին կիրառվի ՊՆ-ի կարիքների համար, իսկ օդանավակայանի պարագայում այդ կարիքը ռազմական աերոդրոմն է, ինչպիսին են Երեւանի «Էրեբունին», Արզնու, Սիսիանի, Գորիսի, Մեղրու աերոդրոմները (Բերդի աերոդրոմը եւս ՊՆ-ինն է, բայց ավիացիայի համար չի կիրառվում, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին անմիջապես կից է): Այդուհանդերձ, ՏԿԵՆ-ում այս պահին հստակ տեսլական չունեն, թե ինչ է լինելու Ստեփանավանի օդանավակայանի ապագան: Նախարարությունից նշել են, որ այդ մասով քննարկումներ են ընթանում ՊՆ-ի հետ:

Հատկանշական է, որ այս օդանավակայանը 2001 թվականից մինչ օրս ձեռքից ձեռք է անցել, ու, կարծես, պետությունն այդպես էլ չի կողմնորոշվում, թե ինչպես պիտի վերակենդանացնի այն:

Օդանավակայանը՝ վայրիվերումների մեջ

1980-ականների սկզբին շահագործման հանձնված Ստեփանավանի օդանավակայանը ՀՀ անկախությունից հետո տեղական ավիագծերի մյուս օդանավակայանների նման մտցվել էր ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշիռ, սակայն 2001-ին Կառավարությունը որոշեց Ստեփանավանի կառույցն առանձնացնել եւ 36 մլն դրամ կանոնադրական կապիտալով ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ ստեղծել: Բաժնետոմսերի տնօրինումը հանձնվեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությանը (ՔԱԳՎ, ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե, ՔԱԿ): Այդուհանդերձ, 2006-ից օդանավակայանն այլեւս չշահագործվեց:

2008-ին ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն ընդգրկվեց պետգույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրում, 2010-ին էլ Կառավարությունը որոշեց դրա բաժնետոմսերի տնօրինումը հանձնել Պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ Պետգույքի կառավարման կոմիտե): 2012-ին վերջինս դիմեց ՔԱԳՎ-ին, ՊՆ-ին ու ԱԻՆ-ին՝ ՓԲԸ-ի կառավարումը նպատակային իրականացնելու առաջարկներ ստանալու համար: Այսինքն՝ օդանավակայանը վերագործարկելու հարց էր դրվել: ԱԻՆ-ն առաջարկեց իրեն փոխանցել ընկերությունը՝ հայտնելով, որ ՔԱԳՎ-ի հետ ուսումնասիրել է օդանավակայանի շահագործման ու տնօրինման նպատակահարմարությունը, եւ եզրակացրել են, որ նախարարության աշխատանքներն արդյունավետ ու առավել օպերատիվ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ օդանավակայան: Առաջարկությունն ընդունվել էր:

Սրա արդյունքում 2013-ին Կառավարությունը ՓԲԸ-ի բաժնետոմսերը հանձնեց ԱԻՆ-ին, իսկ հաջորդ տարի այն հանվեց մասնավորեցման ծրագրից: Պաշտոնապես նշվում էր, որ օդանավակայանի գործարկման շնորհիվ կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների վերացման, երկրի ներսում եւ արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը: 

ԱԻ այն ժամանակվա նախարար Արմեն Երիցյանը հավակնոտ ծրագրեր ուներ Ստեփանավանի օդանավակայանի վերաբերյալ:

«Այս օդանավակայանը անհրաժեշտություն է ԱԻՆ-ի համար,- 2013-ի սեպտեմբերին օդանավակայան կատարած այցի ժամանակ հայտարարել էր Արմեն Երիցյանը,- դրա գործարկման շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման, երկրի ներսում եւ արտերկրում փրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Այն ունի նաեւ ռազմավարական մեծ նշանակություն, օդանավակայանի վերագործումը կխթանի փոքր ավիացիայի զարգացումը: Օդանավակայանում կլինեն ուղղաթիռներ եւ փոքր ինքնաթիռներ, ինչպես նաեւ հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիան: Կարծում եմ՝ արդեն 2014 թվականին մեր ուղղաթիռներն ու ինքնաթիռները կիրականացնեն իրենց թռիչքները հենց այս օդանավակայանից, որը կլինի լավագույններից մեկը: Մենք այստեղից կիրականացնենք շրջակայքի մշտադիտարկում, հետախուզական-հետազոտական, որոնողափրկարարական աշխատանքներ, կարձագանքենք անտառային հրդեհներին, ամենակարեւորը՝ մենք հստակ տեսնում ենք նաեւ ավիացիայի դերը հակակարկտային պայքարն առավել արդյունավետ դարձնելու գործում: Մենք տեսնում ենք դժվարությունները, հստակ պատկերացնում ենք հսկայական խոչընդոտները, մասնավորապես՝ ֆինանսական, սակայն մեզ ոգեւորում է աղետակայուն, նաեւ հզոր ավիացիայով երկրի տեսլականը: Եվ ամեն ինչ պիտի անենք՝ այն կյանքի կոչելու համար»:

2014-ին Կառավարությունը որոշում կայացրեց օդանավակայանը վերակառուցող շինարարական ընկերության մասով, բայց ընդամենը 1,5 տարի անց՝ 2015-ին, այդ ընկերությունը սնանկ ճանաչվեց:

Ավելի ուշ՝ 2019-ին, Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց շինարարության ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: Չնայած շինարարություն ասվածը հարաբերական է, քանի որ կատարվել էին միայն քանդման ու ցանկապատման աշխատանքներ:

2014-ին ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն վերանվանվել էր՝ դառնալով «ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»» ՓԲԸ: Սակայն 2016 թ. նախկին նախարար Արմեն Երիցյանի մահից հետո օդանավակայանի վերագործարկման ծրագիրը մնաց անկատար:

2017-ին ՓԲԸ-ն ընդգրկվեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում: ԱԻՆ-ից «Հետքին» հայտնել էին, որ որոշել են գույքը մասնավորեցնել՝ ներդրումների միջոցով օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու եւ հետագայում շահագործելու նպատակով:

Այսպիսով՝ ՔԱԳՎ-ի, Պետգույքի կառավարման վարչության ու ԱԻՆ-ի ձեռքի տակով անցնելուց, 2 անգամ պետգույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկվելուց հետո բազմաչարչար օդանավակայանը հիմա էլ տրվել է ՊՆ-ին:

ՓԲԸ-ի լուծարման հարցն առկախվել է

Հուլիսի 13-ին Կառավարությունը որոշել է որպես նվիրատվություն ընդունել «ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»» ՓԲԸ-ին պատկանող 8 միավոր գույքը եւ որպես պետական սեփականություն ամրացնել ՊՆ-ին: Դրա համար պաշտպանության նախարարին հանձնարարվել է ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր:

Կառավարության որոշման՝ ՏԿԵՆ-ի կազմած նախագծում սկզբնապես նշվել էր նաեւ ՓԲԸ-ն լուծարելու մասին, սակայն դրան դեմ է արտահայտվել ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունը՝ նշելով, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ պետական եւ տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու կամ վերակազմակերպելու՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Ու չնայած ՏԿԵՆ-ը չի ընդունել այս փաստարկը, այդուհանդերձ, Կառավարության որոշման տեքստում ՓԲԸ-ն լուծարելու կետ չկա:

Փոխարենը գործադիրը ՏԿԵ նախարարին հանձնարարել է ներկայացնել առաջարկություն վերոնշյալ օրենքով ամրագրված մասնավորեցման ցանկից «ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»» ՓԲԸ-ն հանելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ ՓԲԸ-ի գույքը ՊՆ-ին հանձնելուց հետո Կառավարությունն ԱԺ-ին առաջարկելու է փոփոխություն կատարել օրենքում եւ ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից, ինչից հետո այն, ենթադրաբար, կլուծարվի: Մեր հստակեցնող հարցին, թե արդյոք օրենքում փոփոխություն անելուց հետո ՓԲԸ-ն լուծարվելու է, ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը հայտնել է, թե Կառավարության հանձնարարականի մասով քննարկումներ են ընթանում ՊՆ գործընկերների հետ:

Չեխ ներդրողների ծրագրից նորություն չկա

2021-ի հուլիսին ՏԿԵՆ-ում կայացած հանդիպման ժամանակ չեխական «Balus Tech» ընկերության ներկայացուցիչները հայտնել էին Ստեփանավանում ներդրումներ անելու ցանկության մասին (այս պարագայում եւս հետաքրքիր է, որ չեխերը գնացել են ՏԿԵՆ, ոչ թե ԱԻՆ, որն այն ժամանակ կար, գործում էր ու օդանավակայանի մասով, ըստ էության, թիվ մեկ պատասխանատուն էր): Ծրագիր կար այդտեղ փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնել եւ վերագործարկել օդանավակայանը: 2022 թ. փետրվարին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն Օլոմոուց քաղաք կատարած այցի շրջանակներում եղել էր նաեւ քաղաքում տեղակայված «TechProAviation» եւ «Balus Tech» ընկերություններում, ծանոթացել Հայաստանում փոքր ինքնաթիռներ արտադրելու վերջիններիս ծրագրերին։ Ծավալուն քննարկումներ էին կայացել «TechProAviation» ընկերության հիմնադիր Մարտին Պլախիի, «Balus Tech» ընկերության տնօրեններ Իվո Բալաշի ու Վլադիմիր Նյեմեցի եւ այս ընկերությունների հայաստանյան գործընկեր «AM Pro Avia»-ի ներկայացուցիչ Գրիգոր Բաբայանի հետ՝ արդեն իսկ մեկնարկած բիզնես ծրագրի առաջմղման հնարավորությունների շուրջ։ Նույն տարվա մայիսին թեման քննարկվել էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի եւ ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիի հանդիպման ժամանակ: Այս տարվա մայիսի 4-ին էլ Պրահայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, մասնավորապես, ասել էր. «Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում»:

Գ. Սանոսյանին հարցրել էինք, թե այս ծրագրի վերաբերյալ ինչ զարգացումներ են եղել 2021-ից հետո, եւ արդյոք հայ-չեխական համագործակցությունը դեռ կա, թե՞ չեխ ներդրողները կամ հայկական կողմը հրաժարվել են դրանից: Ի պատասխան՝ փոխնախարար Հարությունյանը հայտնել է, որ «Balus Tech»-ը կազմակերպել է ՀՀ 4 քաղաքացիների վերապատրաստումը Չեխիայում՝ գործարանային պայմաններում (ըստ առկա տեղեկությունների՝ դա եղել է 2022-ին): Դրանից հետո այլ գործողություններ չեխական ընկերության կողմից չեն եղել, սակայն ո՛չ հայկական, ո՛չ չեխական կողմը համագործակցությունից հրաժարվելու մասին միմյանց չեն հայտնել: Փոխնախարարը չի պատասխանել հարցին, թե արդյոք օդանավակայանի գույքը ՊՆ-ին հանձնելը համադրելի է չեխական ծրագրի իրագործման հետ:

ՀԳ. Օգոստոսի 26-ին Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ու ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպել էր «Air Fest IV Stepanavan» փառատոնը: Նմանատիպ առաջին 3 փառատոները կազմակերպվել էին Արցախում՝ Ստեփանակերտի օդանավակայանում, 2017-2019 թթ.՝ «Artsakh Airfest» անունով

Լուսանկարները՝ «Air Fest IV Stepanavan» փառատոնից. աղբյուրներ՝ Air Fest, Արթուր Թումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter