HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա. օր 2 (թարմացվող)

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Ադրբեջանը կիրառում է հրետանային միջոցներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, ռազմական ավիացիա։ Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

Ադրբեջանական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով վերջին տվյալներով կա 27 զոհ։

Արցախի վրա հարձակման երկրորդ օրվա տեղեկատվությունն՝ ըստ ժամանակագրության

13։00

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել (13:00-ից) ռուս խաղաղապահների միջնորդությամբ, և Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին կհանդիպեն Եվլախում։

12։50

Վերջին 24 ժամերի ընթացքում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը վտանգավոր շրջաններից տարհանել է 2000 խաղաղ բնակչի, որոնցից 1049-ը՝ երեխաներ։ Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Թե կոնկրետ որ շրջաններից և որտեղ են տարհանվում մարդիկ, ՌԴ պաշտպական գերատեսչությունը չի հստակեցնում։

12։13

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

11։15

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը: Այս մասին հաղորդում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։

«Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

11։13

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

11:09

«Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը

11:04

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսաազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

10։23

«Հետքի» Ստեփանակերտի թղթակցի փոխանցմամբ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքից բացի հրետանային արկերի ձայներից, լսվում են նաև հրաձգային զենքերի կրակոցների ձայներ, ինչը նշանակում է, որ մերձակա մարտեր են ընթանում։

09։18

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ Ամարասն անցել է թշնամու վերահսկողության տակ։

09։07

Արցախի պաշտպանության բանակը հաղորդմամբ՝ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

08։24

Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

08։15

ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ 

Վիրավորվել է շտապօգնության վարորդը և չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter