HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը հարձակում է սկսել. Ստեփանակերտում օդային տագնապ է (թարմացվող)

22:25

Ստեփանակերտն այսօրվա ռմբակոծություններից հետո (տեսանյութ)

21:15

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի՝ Արցախի վրա հարձակումից հետո Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, մի քանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիային երեկոյան միացել են հարյուրավոր քաղաքացիներ։

21:11

Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ 

20:44

Օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր՝ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը (տեսանյութ):

20:35

Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

19:27

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

19:20

«Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։

Արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

18:19

Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստ է նախաձեռնում. Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույց

17:27

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։ 

17:24

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկով:

17:17

Ռազմական էսկալացիան չպետք է Արցախի բնակչության հարկադրված արտագաղթի պատճառ դառնա։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

17:15

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։

16:56

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հարկադրի Ադրբեջանին վերջ դնել ռազմական գործողությանը Լեռնային Ղարաբաղում։ «Հակառակ դեպքում պետք է հետեւեն պատժամիջոցներ։ Աշխարհը չպետք է լուռ մնա էթնիկ զտումների պարագայում»,- գրել է նա X միկրոբլոգի իր հաշվում։

16:49

Ստեփանակերտից «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Արցախի մայրաքաղաքը։

Մեր զրուցակիցը նշում է, որ տան պատշգամբում էր, երբ սկսվել է Ստեփանակերտի հրետակոծությունը, սկզբից գլխի չի ընկել, թե ինչ է կատարվում, բայց հարեւանների բղավոցներից հասկացել է, որ քաղաքը թիրախի տակ է։

«Էս պահին նկուղում ենք։ Արդեն երեք ժամից ավել ա՝ անդադար ռմբակոծում են, ԱԹՍ-ներ կիրառում»,- նշում է Ստեփանակերտի բնակիչը։ Նրա փոխանցմամբ՝ մայրը դպրոցում է աշխատում (զրույցի ընթացքում վերջինս կարողացել էր տուն հասնել), այնտեղ դեռ աշակերտներ կան: Նրանց ծնողների մի մասը մեծ դժվարությամբ է տուն տանում, քանի որ տրանսպորտ չկա, եւ ոտքով են գալիս տանում։ Իսկ նրանց երեխաները, ովքեր հեռու են ապրում դպրոցից, դեռ դպրոցում են։ 

 16:39

Ստեփանակերտը կոչ է անում անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու համար

16:34

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լուրերն, ըստ որի՝ ռուս խաղաղապահները տեղյակ են եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունների մասին»։

Զախարովան հայտնել է, որ տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։

16:21

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

16:18

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչը»՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ը ներգրավված չէ ռազմական գործողություններում:

16:18

Ադրբեջանի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն` կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, որոնցից 8-ը` երեխաներ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

16:09

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով խոսում է Արցախի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակումից։

15:55

Ադրբեջանի զինված ուժերի Արցախի դեմ հարձակումից հետո մի քանի տասնյակ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։

Քաղաքացիների թիվը հետզհետե ավելանում է։ Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում։

15:47

Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծությունների հետևանքով Արցախում երեխաներ են վիրավորվել։ Այս մասին «Հետքին» հայտնեցին Արցախի «Արևիկ» մանկակական բուժմիավորումից։

Բուժմիավորում տեղափոխված երեխաների քանակի, նրանց վիճակի մասին հրաժարվեցին պատասխանելուց՝ նշելով, որ թվերը անընդհատ կարող են փոխվել։

15:46

Ադրբեջանը հայտարարում է Արցախում ռազմական գործողության իր նպատակների մասին:

15:41

Լրագրող Սիրանուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանը հրետակոծել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերը։

«Սա մեր կողքին գտնվող շենքն է, որի մերձակայքում ռազմական թիրախ չկա»,- գրել է նա։

15:35

Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը. Արցախի ՊՆ

15:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ 

Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:

15:18

ԱԳՆ-ն կոչ է անում ՌԴ խաղաղապահ զորակազմին ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով:

14:58

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Արցախը (տեսանյութեր)

14:48

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ

«ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

14:44

Ստեփանակերտցիները նկուղներ են իջել. Արցախում իրավիճակը լարված է:

14:37

Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է համացանցում տեսանյութեր և լուսանկարներ չհրապարակել:

14:37

Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել:

14:22

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ ԱՀ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

14:19

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

-----

Ստեփանակերտում օդային տագնապ է։ Այս մասին հայտնում է «ՍիվիլՆեթ»-ի արցախյան թիմը։

Ըստ նրանց՝ քաղաքում լսվում են հրետանու ձայներ, սակայն հայտնի չէ, թե որ ուղղությամբ են կրակոցները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Արցախում զանգվածային հրետակոծություն է սկսվել։

«Հետք»-ը փորձում է կապ հաստատել Արցախի բնակիչների հետ, սակայն զանգահարել չի ստացվում, Արցախի հետ կապ չկա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը»։

Լուսանկարիչ Մարութ Վանյանը տեսանյութ է հրապարակել։

Stepanakert now… pic.twitter.com/2G8X6VO8my

— Marut Vanyan (@marutvanian) September 19, 2023

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter