HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տարեցներին կացարանով ապահովելու ծրագիրը տապալվել է. 3 պաշտոնյայի գործը դատարանում է

Խնամքի կարիք ունեցող տարեցների համար առանձնատների գնման ժամանակ թույլ տրված չարաշահումների համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 3 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքին օժանդակելու մեղադրանքներով քրեական վարույթն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար: 

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով նաև գույքային հայց է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթով ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ունի Ստեփան Մաչյանը: Վերջինս 2019թ. հունիսի 3-ից մինչև 2020թ. օգոստոսի 5-ը զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատարի ու միևնույն ժամանակ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի պաշտոնները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետ Կարեն Բաբախանյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Էդուարդ Ստեփանյանը ևս մեղադրյալի կարգավիճակում են:

Խարդախությամբ՝ խաբեության եղանակով, հափշտակության մեջ են մեղադրվում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տներ վաճառած «Լեքսհաբ» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Պավել Թադևոսյանն ու վերջինիս մորաքրոջ որդին՝ Գևորգ Մարկոսյանը:

Նշենք, որ Պավել Թադևոսյանն այդ ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է: Դատավորն այժմ կենսաթոշակային տարիքի է և չի աշխատում:

«Հետքը» դեռևս 2020թ. գրել էր նախարարության գնած տների մասին: 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, նախատեսվում էր փորձնական ստեղծել խնամքի համայնքային 5 փոքր տուն՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար: Ծրագրի պատվիրատուն եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Առանձնատները պետք է գնվեին Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: Շինության տեսակը՝ կապիտալ, քարե կամ մոնոլիտ, իսկ բնակելի մակերեսն առնվազն 250 քմ, 2 սանհանգույցով և պիտանի՝բնակության համար։ Դրանք նաեւ տնամերձ հողատարածք պետք է ունենային՝ առնվազն 300 ք, մ: Մեկ առանձնատան առավելագույն արժեքը սահմանվել էր 27 մլն դրամ, իսկ բնակարանների համար՝ 15 մլն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարեցների համար ձեռք էր բերել 3 տուն, սակայն դրանք պիտանի չէին բնակության համար: Ընդ որում՝ նախարարությունը շուկայականից թանկ գներով էր ձեռք բերել առանձնատները եւ դրանց վերանորոգման համար կրկնակի գումար պետք է ծախսեր:

Կառավարությունը 2021թ. հոկտեմբերի 21-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 3 մլն 600 հազար դրամ էր հատկացրել` Ակնաշեն և Մրգաստան համայնքներում գնված փոքր տների վերանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով։ Ըստ այդմ՝ Ակնաշեն գյուղում գնված երկհարկանի տան վերանորոգման նախահաշվային գումարը կազմել է 63 մլն 331 հազար դրամ, իսկ Մրգաստանի տան վերանորոգումը՝ մոտ 67 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ Ակնաշեն գյուղում տունը գնվել է 26 մլն 950 հազ. դրամով, իսկ Մրգաստանում՝ 26 մլն 730 հազար դրամով:

Գեղակերտ համայնքում գտնվող առանձնատան գնման պայմանագիրը կնքվել էր Աննա Երիցյանի հետ՝ 15 մլն 974 հազար դրամ: Գեղակերտի տան վերանորոգման պայմանագիրը կնքվել է 2022թ. մարտի 21-ին` 44 մլն 280 հազ. դրամ արժեքով: Նշված գումարից 27 մլն դրամը հատկացրել է «Ավոնդգլանս» հիմնադրամը, մնացած գումարը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տուն-ինտերնատներում բնակվող տարեցների և անապահով անձանց համար գնված առանձնատները դեռ չեն շահագործվում: Արմավիրի մարզի Ակնաշեն, Մրգաստան և Գեղակերտ գյուղերում 2019թ. դեկտեմբերին գնված 3 առանձնատներից միայն մեկում են վերանորոգման աշխատանքներ կատարվել, մյուսների վերաբերյալ դեռ վերանորոգման մրցույթներ չեն հայտարարվել:

Այդ տները դեռ շահագործման չհանձնած նախարարությունը 2022թ. դեկտեմբերի 27-ին հրատապ կարգով Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարից կիսակառույց առանձնատուն էր ձեռք բերել: Գնման պայմանագիրը կնքելուց ամիսներ անց նախարարությունը պարզել է, որ առանձնատունը չի համապատասխանել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին:

Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելուց առաջ իրականացվել է գույքի գնահատում՝ հաշվի առնելով մեր նախորդ հրապարակումներում արծարծված հարցերը: «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատման հաշվետվության համաձայն՝ Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող անշարժ գույքի արժեքը 2022թ. հունիսի 20-ի դրությամբ գնահատվել է 10 մլն 334 հազ. դրամ: Սակայն տունը վաճառող միջնորդ ընկերությունը չէր ընդունել այդ առաջարկը (սկզբնական գինը եղել է 20 մլն 160 հազ. դրամ): Պայմանագիր չի կնքվել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույն տունը գնել էր սեփականատիրոջից՝ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանից՝ 13 մլն 750 հազ. դրամով:

Անշարժ գույքը երկհարկանի տուն է՝ նկուղային հարկով: Այն 50-80% ավարտվածությամբ կիսակառույց է: Կառուցված էին հարկերը, առկա էր տանիք, տեղադրված չէին դռներն ու պատուհանները, կատարված չէին ներքին հարդարման աշխատանքները: Կիսակառույց տանը կից 598քմ հողամասը ցանկապատված չէր և գտնվում էր անբարեկարգ վիճակում:

Անհասկանալի էր նախարարության շտապողականությունը հրատապ կարգով մեկ անձից գնում կատարելու հարցում, քանի որ տունը կիսակառույց է եւ այս պահին պիտանի չէ բնակության համար։ Ավելին, կառավարությունը դեռ գումար պետք է հատկացներ շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար: Ինչը ենթադրում էր, որ մոտ ապագայում այս առանձնատունը ևս հնարավոր չէր լինելու օգտագործել ըստ գնման նպատակի:

Մեր հրապարակումից ամիսներ անց նախարարությունը ևս «համոզվել» է, որ այն չի համապատասխանում պայմաններին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի խոսքով՝ պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված էր, որ առանձնատունը պետք է միացված լինի ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման ցանցերին, իսկ տվյալ բնակավայրում ջրահեռացման (կոյուղու) համակարգի բացակայության դեպքում սեպտիկ հոր կառուցելու հնարավորություն պետք է լիներ։

Նախարարության աշխատակազմը պարզել է, որ առաջադրված պայմանները կատարված չեն եղել, բացակայել են նշյալ ցանցերին միացված լինելու վերաբերյալ փաստաթղթային ձևակերպումները։ Ըստ էության, գնման ենթակա առանձնատունը չի համապատասխանել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին, ուստի նախարարությունն ընդունել է որոշում՝ պայմանագիրը միակողմանի լուծելու և Արամ Հովհաննիսյանին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ։

Գլխավոր լուսանկարում Արմավիր քաղաքի կիսակառույց տունն է

Լուսանկարները՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter