
16 տարի անց դատարանը մերժեց Իջևանի նախկին քաղաքապետի հայցն՝ ընդդեմ «Հետքի»
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գրիգորի Վարդանյանի, որոշել է Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հայցն՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի մերժել: Վարուժան Ներսիսյանը պահանջում էր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել ու վնասը հատուցել։
Դատարանը եկել է այն համոզման, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն նպատակ է ունեցել հանրությանը իրազեկել Աղստև գետի «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի օգտագործման/արդյունահանման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ ամենին ոչ պատշաճ արձագանքելու մասին՝ միաժամանակ փորձելով բացահայտել իրականացնողներին, շահույթ ստացողներին, ինչպես նաև այդ գործողություններին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ պատշաճ արձագանքման պատճառները:
«Հետևաբար, հրապարակումները չեն կարող գնահատվել որպես Վարուժան Ներսիսյանի պատվի, արժանապատվության և/կամ համբավի արատավորում, այլ պատասխանողն իր մտահոգությունը, քննադատությունը, հետևաբար՝ գնահատողական դատողությունն է արտահայտել տիրող իրավիճակի մասին՝ ունենալով բավարար փաստական հիմք և գործելով բարեխիղճ»,- նշել է դատարանը։
Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթի 2008թ. մայիսի 5-ի համարում հոդված էր հրապարակվել՝ «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով: Նույն հոդվածը տպագրվել էր նաև «Ազգ» օրաթերթի 2008թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստև գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում էր այդ ժամանակվա քաղաքապետի՝ Վարուժան Ներսիսյանի անունը: Հետագայում հրապարակվել էր ևս մեկ նյութ՝ «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով, ինչից քաղաքապետը ևս վիրավորվել էր:
Լրագրողն իր ունեցած տեղեկությունները ստուգել էր տեղում, լուսանկարել էր ավազի արդյունահանման և տեղափոխման գործընթացը, խոսել ջրամբարում աշխատող բանվորների հետ, ապա փորձել էր գրավոր հարցումներով ստանալ պաշտոնական մեկնաբանություններ:
Դատարանը կարևոր է համարել, որ հրապարակման պահին Վարուժան Ներսիսյանը հանդիսացել է Իջևանի քաղաքապետը, որի նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում:
Դատարանը որոշել է գործի վարույթը կարճել, իսկ Իջևանի քաղաքապետարանից ու Վարուժան Ներսիսյանից հօգուտ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բռնագանձել 10,000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձել 150,000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Պետական բյուջեից Իջևանի քաղաքապետարանին վերադարձնել 18,600 դրամ՝ որպես ավել վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:
«Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»,- նշվում է վճռում։
Նշենք, որ «Սպիտակ ջուրը» 1997թ. Կառավարության որոշմամբ սահմանվել է իբրև Իջևանի համայնքային սեփականություն: Բայց ջրամբարի համար պատասխանատու Իջևանի քաղաքապետարանը ջրամբարի պատկանելության, ջրամբարի ավազն օգտագործելու իրավունքի եւ դրա համար մուծվող հարկերի մասին «Հետքի» հարցն անպատասխան էր թողել: Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունը հայտնել էր, թե ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի տրված չէ, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն կատարված չէ, և լիցենզիայի պայմանագիր կնքված չէ: Դատախազությունն էլ հոդվածում հրապարակված փաստերը ստուգելու փոխարեն հարցում էր կատարել Իջևանի քաղաքապետարան և «պարզել», որ լճի ավազանից քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար տեղափոխվել է միայն տիղմը` փաստորեն «հերքելով» ավազի արդյունահանման ակնհայտ փաստը:
2008թ.-ի հունիսի 18-ին Իջևանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին» հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հերքելու Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող լուրերը: Որպես փաստաբանի վարձատրության գումար քաղաքապետը պահանջել էր 930 հազար դրամ:
Երկու տարուց ավելի տևած դատավարության ընթացքում ջանում էին ապացուցել, որ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը քաղաքի հաշվեկշռում չէ, չնայած այդ մասին կար Կառավարության որոշում, և որ ջրամբարը որպես ավազահանք շահագործողը Վարուժան Ներսիսյանը չէ:
Վարուժան Ներսիսյանի՝ քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Սպիտակ լիճ» ջրամբարը, որը 40 տարով վարձակալության էր տրվել մասնավոր ընկերության, Վճռաբեկ դատարանի 2014թ. փետրվարի 19-ի որոշումով վերադարձվել է քաղաքապետարանին:
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.07.2009թ. վճռով հայցը մերժվել էր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ վճիռը բեկանվվել, և գործն ուղարկվել էր նոր քննության: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.07.2010թ. վճռով հայցը բավարարվել էր:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2010թ. որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել էր դատարանի 09.07.2010թ. վճիռը, կազմակերպությունից հօգուտ քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել էր մասնակիորեն`450.000 ՀՀ դրամի մասով: Վճռաբեկ դատարանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքը վերադարձրել էր:
Սպառելով ներպետական բոլոր 3 ատյանները՝ «Հետաքննող լրագրողները» դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Դիմումից 10 տարի անց՝ 2021 թվականի մայիսի 18-ին, դատարանը հրապարակեց վճիռը՝ արձանագրելով, որ պետությունը խախտել է լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը կազմակերպությանը վճարեց 1500 եվրո` կատարած ծախսերի համար: Այլ փոխհատուցում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն չէր պահանջել։
ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա էլ գործը նորից ուղարկվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։
Մեկնաբանել