HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարուշեն. դիմադրություն և կորուստ

2023-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախը շրջափակման մեջ պահելուց ինն ամիս հետո, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակում սկսեց շփման գծի ողջ երկայնքով։ Չնայած ծանր պայմաններին և անհավասար ռազմական կարողություններին` արցախցիները կարողացան ուժեղ դիմադրություն ցույց տալ հակառակորդին։ «Հետքը» սկսում է ներկայացնել Արցախի շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած վերջին մարտական գործողությունները։

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը դարձել էր սահմանամերձ։ Գյուղի շրջակայքում 4 դիրք կար՝ 309, 310, 311, 312։ Այս դիրքերում հերթապահում էր Սասուն Սահակյանի աշխարհազորային վաշտը։ 

Վաշտը 2021-ին էր կազմավորվել, մոտ 90 հոգի էին։ Դասակներից մեկը, որը հերթապաում էր 310 և 311 դիրքերում, կազմված էր Սարուշենի բնակիչներից։ Այս դասակի հրամանատարը Արարատ Իսրայելյանն էր։ 

«Որ վաշտը նոր էր կազմավորվում, եկա գյուղապետի՝ Կարենի մոտ, ասեցի՝ ո՞ւմ ես առաջարկում նշանակենք դասակի հրամանատար, ասեց՝ Արարատը կարա լինի։ Արարատը չէր ուզում սկզբում, բայց հետո համաձայնեց»,- պատմում է Սասուն Սահակյանը։ Մի քանի ամիս անց Սասունը որոշում է դասակի հրամանատար նշանակել Արմեն Առստամյանին։ 

Արմենը մինչև 2022 թվականը ապրում էր Ռուսաստանում։ Նա գյուղ էր եկել մորը տեսակցելու և, տեսնելով ստեղծված բարդ իրավիճակը, որոշել էր մնալ։ «Արոյին ասեցի, որ որոշել եմ Արմենին նշանակել դասակի հրամանատար։ Ինքն էլ շատ ուրախացավ։ Ըտենց Արմենը դարձավ դասակի հրամանատար»,- պատմում է Սասուն Սահակյանը։

Այս դասակի երկրորդ ջոկի հրամանատարը և 310 դիրքի ավագը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վալերի Իսրայելյանն էր։ 

«Լինում էր, որ մի շաբաթով բարձրանում էինք դիրքեր, այդ ժամանակ մեր փոխարեն մյուս ուսուցիչները կազմակերպում էին դասերը։ Նոր էր սկսվել սեպտեմբերը, չէինք գնում դիրքեր, որ դասերով զբաղվեինք։ Սեպտեմբերի 19-ին մեր պատմության դասատուն՝ Արտակը, որը նույնպես աշխարհազորում էր գրանցված, 11-ի կողմերը եկավ, ասեց՝ քեզ չի՞ զանգել գյուղապետը, համար մեկ ա»,- պատմում է Վալերին։

Սեպտեմբերի 19-ին Արմեն Առստամյանն իր դասակի մի ջոկի հետ 311 դիրքում էր։ Առավոտյան նկատելով հակառակորդի շարժը՝ նա միանգամից զեկուցել է վաշտի հրամանատարին։

«Առավոտը` ժամը 8։30-ին, զանգեց, ասում է՝ Սասուն, ձեր գյուղի (Սարգսաշենի) կողմից ադրբեջանցիք մի 70 հոգով շարժվում են դեպի «կետեն/գետի/ձյորը», մենք տենց էինք ասում էդ տեղամասին։ Ասեցի` Արմեն, սրանից լավ հոտ չի գալիս, կռիվ ա սկսվելու, զորքին տագնապ տուր, հավաքի։ Շրջափակման հետևանքով կար տրանսպորտի խնդիր դիրքեր հասնելու համար, մի կերպ կարողացանք կազմակերպել, հասնել դիրքեր, էնտեղ արդեն ամեն մեկը գիտեր` ինչ պետք է անի։ Խաղաղ ժամանակ շատ էինք քննարկել մեր գործողությունները հակառակորդի հարձակման դեպքում»,- պատմում է Սասունը։

Արմենը հակառակորդի շարժի մասին տեղեկացրել է նաև գյուղապետին՝ Կարեն Գասպարյանին։ 

«Ժամը 11-ի կողմերը դպրոցում էինք, պատմության ուսուցիչը էկավ, ասեց, որ զանգել է  գյուղապետը` Կարենը, ասել է` համար մեկ է (հեղ. ռազմական դրություն)։ Քիչ հետո գյուղապետը ինձ էլ զանգեց, ասեց՝ իրավիճակը լուրջ ա, ադրբեջանցիք ձորով գալիս են դեպի գյուղ»,- պատմում է Վալերին։ Գյուղի բնակչությունն արագ ինքնակազմակերպվել է։ Զենք են ստացել և գնացել այն ուղղությամբ, որտեղ Արմենը շարժ էր նկատել։

«Հասանք էդ ձորի բերան, ես էի, Անդրեյը, մեկ էլ՝ Արտակը։ Ընթացքում գյուղից էլ ավելացան։ Ես մի քանի հոգու հետ ձորում էի, որտեղ առաջ շարժվող հակառակորդին դիմավորեցինք։ Փամփուշտները ավարտվում էին, սկսեցինք մարտ վարելով բարձրանալ»,- ասում է աշխարհազորային ուսուցիչը։

311 և 312 դիրքերի միջև գտնվող ձորով, որտեղ չպահվող դիրք կար, ադրբեջանցիները փորձել են մտնել գյուղ։ Սակայն սարուշենցիները հասկացել են հակառակորդի մտադրությունները և մարտի մեջ են մտել։ Հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջել է և սկսել ինտենսիվորեն հրետակոծել տեղանքը։ Այդ ձորում զոհվել են Գեղամ Ղազարյանը, Արտակ Իսրայելյանը, Վրեժ Գասպարյանը, Արմեն Առստամյան, Վալերի Գասպարյանը և Ռոբերտ Ավետիսյանը։

Մինչ սարուշենցիները դիմադրում էին հակառակորդին ձորում, ադրբեջանցիների մի մասը գրավել էր 311 դիրքը։ «Պետք էր անցնել հակահարձակման։ Այլևս ուշացնել չէր կարելի: 4 հոգով էինք։ Ես էի, Դավիթը, Արտյոմը, Արմենն էլ հետո գյուղից եկավ»,- պատմում է  Սարուշենի դպրոցի զինղեկը` Վարդան Ավանեսյանը։

Երբ մոտեցել են խրամատին, խմբի անդամներին Ավանեսյանը հրահանգել է մնալ իր թիկունքում, իսկ ինքը մոտեցել է խրամուղուն։

«Տեսա երկու հոգի խրամուղում կռացած գնում են։ Իրանց տեսա, կրակեցի։ Հետո ինձ թվում էր՝ ես մենակ եմ, բայց Արմենը հետևիցս էր գալիս։ Որ դրանց վրա կրակեցինք, իրանց թիկունքից էլ սկսեցին մեր վրա կրակել»,- պատմում է Վարդան Ավանեսյանը։ Սկսվել է մերձամարտ։

Դիրքային պայքարի ընթացքում զոհվել է Արմեն Գասպարյանը, Վարդան Ավանեսյանը ծանր վիրավորվել է։ Ավանեսյանին և մյուս վիրավորներին դիրքից դուրս է բերել վաշտի հրամանատար Սասուն Սահակյանը։

Երբ Սասունը հասնում է 311 դիրք, ադրբեջանցիների մի մասը դեռևս դիրքերում էին։ Նա սկսում է կազմակերպել հակահարձակումը։ Իր վաշտից մեկին` Վալերիին, որը կարողանում էր կրակել ականանետից, հրահանգում է գնալ ականանետային դասակի դիրքը։ Ականանետերը տեղադրված էին 310 դիրքի հետևում։

«8 հատ կրակել ենք էդ օրը։ Դժվար ա ասել՝ կոնկրետ ինչքան վնաս ենք տվել, բայց գիտենք, որ հակառակորդը մեծ կորուստներ է կրել»,- պատմում է վաշտի հրամանատարը։

Մինչ դիրքերում ռազմական գործողությունները շարունակվում էին, գյուղի քաղաքացիական բնակչությունը թաքնվել էր մոտակա անտառում։ Մարտերի սկզբում դիրքերում գտնվող գյուղապետը վիրավորվելուց հետո վերադարձել էր գյուղ։ Հասնելուն պես սկսել է կազմակերպել բնակչության տարհանումը դեպի մոտակա գյուղ՝ Մսմնա։ Համոզվելով, որ գյուղի բնակչությանը վտանգ չի սպառնում՝ Կարենը սկսում է կազմակերպել վիրավորների տեղափոխումը Ստեփանակերտ։ Վիրավորներին տեղափոխելու ընթացքում Խաչմաչ գյուղի մոտ նրա մեքենան հայտնվում է կրակահերթի տակ։ Բայց, ճիշտ կողմնորոշվելով, նրանք կարողանում են անվնաս դուրս գալ այդտեղից։ Վիրավորներին Ստեփանակերտ հասցնելուց հետո Կարենը ավելի մեծ մեքենա է գտնում, վերադառնում Մսմնա և կազմակերպում բնակչության տարհանումը Ստեփանակերտ։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ մարտական գործողությունները դադարում են, աշխարհազորայինները դիրքերից իջնում են գյուղ։ Գիշերը մնում են Սարուշենում, առավոտյան գնում Ննգի։ Ննգիում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գալիս են, նրանց առաջարկում հանձնել զենքերը և գնալ Ստեփանակերտ։ Այլ ելք չունենալով՝ Սարուշենի աշխարհազորայինները հանձնում են զենքերը։

2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման ընթացքում Սարուշեն գյուղից մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 12 մարդ։ Նրանցից 10-ը՝ Իսրայելյան Անդրեյ, Իսրայելյան Արտակ, Գասպարյան Վրեժ, Գասպարյան Վալերի, Առստամյան Արմեն, Ղազարյան Գեղամ, Ավշարյան Արսեն, Ավետիսյան Ռոբերտ, Գրիգորյան Շաբո, Գասպարյան Արմեն, զոհվել են Սարուշենի պաշտպանական մարտերում, իսկ ժամկետային զինծառայող Վարդան Իսրայելյանն ու հատուկջոկատային Ռաֆիկ Հարությունյանը զոհվել են Մարտակերտի շրջանում։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի ՊԲ-ի և աշխարհազորայինների ցույց տված դիմադրության շնորհիվ բազմաթիվ բնակավայրերում խաղաղ բնակչությունը կարողացավ ապահով տարհանվել։

«Հետքը» առաջիկայում կանդրադառնա նաև Արցախի մյուս բնակավայրերում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերին։

Գլխավոր նկարը՝ Տիրայր Մուրադյանի

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter