HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էստոնիան, Չեխիան, Նիդերլանդներն ու Շվեդիան կոչ են անում ԵՄ-ին չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

Եվրամիության անդամ չորս երկիր՝ Էստոնիան, Չեխիան, Նիդերլանդները և Շվեդիան, Եվրամիության իշխանություններին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ, եթե այդ երկիրն ընդունի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը:

Ինչպես գրում է The Financial Times-ը, պատժամիջոցները ներառում են նաև Վրաստանի ու Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի դադարեցումը, ինչպես նաև եվրոպական հիմնադրամներից միջոցների հատկացման սառեցումը և կետային պատժամիջոցներ։

Պարբերականին իր աղբյուրը հայտնել է, որ սահմանափակող միջոցառումները նախատեսում են քննարկել Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մայիսի վերջին:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել էր մայիսի 14-ին, բողոքի ակցիաներ էր առաջացրել երկրի ներսում և քննադատություններ՝ արտասահմանում: Օրենքի դեմ բողոքող քաղաքացիները, մասնավորապես, նշում էին, որ այն նման է ռուսական համանման օրենքին։

Օրենքի դեմ հանդես են գալիս նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք պնդում են, որ այս օրինագծի ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը: Ավելին, Զուրաբիշվիլին արդեն իսկ վետո է կիրառել այս օրենքի վրա, սակայն իշխող քաղաքական ուժն ունի բավարար ձայներ՝ նախագահական վետոն շրջանցելու համար։

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն դեռ ապրիլի 3-ին հայտարարել էր, որ դարձյալ խորհրդարանի օրակարգ են բերում «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ Ընդ որում՝ ներկայացվել է 2023 թվականի գարնանը՝ բողոքի ակցիաներից հետո հետ կանչված նույն նախագիծը։

Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։

Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։

Առաջին անգամ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:

Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։ Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենսդրության դրույթները։

Ապրիլի 15-ին օրինագծի քննարկումն ընդհատվել էր խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ այն ընդունել էր ապրիլի 17-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունել էր մայիսի 1-ին։

Լուսանկարը՝ Kenzo TRIBOUILLARD / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter