Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահական վետոն
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված վետոն։ Այդ մասին հայտնում է Paper Kartuli-ն։ Խորհրդարանի նիստի հեռարձակումն իրականացվել է խորհրդարանի յութուբյան ալիքում։
Վետոյի հաղթահարման օգտին քվեարկել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության 84 պատգամավոր: Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր առնվազն 76 ձայն։
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ այժմ օրենքը 3 օրվա ընթացքում պետք է ներկայացվի նախագահին։ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից օրենքի ստորագրումից հրաժարվելու դեպքում այն կարող է ստորագրել արդեն վրացական խորհրդարանի նախագահը։ Վերջինիս կողմից ստորագրումից 5 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի։ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Շալվա Պապուաշվիլին:
Խորհրդարանական նիստի ժամանակ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կրկին սկսել էին հավաքվել ցուցարարները: Paper Kartuli-ն հաղորդում է, որ ոստիկանությունը նրանց հեռացրել է շենքի մոտից։
Եվրամիությունը «խորը ափսոսանք» է հայտնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված նախագահի վետոն հաղթահարելու Վրաստանի խորհրդարանի որոշման կապակցությամբ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովը: Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ այդ օրենքը հակասում է ԵՄ հիմնարար սկզբունքներին և արժեքներին, իսկ դրա ընդունումը «բացասական ազդեցություն կունենա Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա: Եվրոպական կողմը հայտարարել է, որ Եվրամիությունն ու անդամները «դիտարկում են այդ որոշմանը արձագանքելու բոլոր տարբերակները»։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել էր մայիսի 14-ին, բողոքի ակցիաներ էր առաջացրել երկրի ներսում և քննադատություններ՝ արտասահմանում: Օրենքի դեմ բողոքող քաղաքացիները, մասնավորապես, նշում էին, որ այն նման է ռուսական համանման օրենքին։
Օրենքի դեմ հանդես են գալիս նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք պնդում են, որ այս օրինագծի ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը: Զուրաբիշվիլին պահեց իր խոստումը և վետո կիրառեց օրենքի վրա։
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն դեռ ապրիլի 3-ին հայտարարել էր, որ դարձյալ խորհրդարանի օրակարգ են բերում «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ Ընդ որում՝ ներկայացվել է 2023 թվականի գարնանը՝ բողոքի ակցիաներից հետո հետ կանչված նույն նախագիծը։
Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։
Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։
Առաջին անգամ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:
Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։ Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենսդրության դրույթները։
Ապրիլի 15-ին օրինագծի քննարկումն ընդհատվել էր խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ այն ընդունել էր ապրիլի 17-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունել էր մայիսի 1-ին։
Լուսանկարը՝ Andrey Rudakov/Bloomberg
Մեկնաբանել