HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով որևէ պոչամբար չի վնասվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան վստահեցրել է, որ Լոռու մարզի պոչամբարներն աղետից հետո կայուն են, պատվարները վնասված չեն, և որևէ խնդիր չի առաջացել:

«Պարբերաբար մշտադիտարկում է իրականացվում, որևէ վնասում, որևէ վտանգ պոչամբարների պատվարների մասով չկա»,- նշեց Սոնա Հարությունյանը:

Լոռին պոչամբարներով հագեցած երկրորդ մարզն է` Սյունիքից հետո, այստեղ 9 պոչամբար է հաշվարկվում: Մետաղական հանքավայրերին կից պոչամբարների ներկայիս վիճակի մասին փորձել ենք պարզաբանումներ ստանալ ընկերություններից կամ վարչական ղեկավարներից:

Գործող հանքավայրերից և լեռնահարստացման կոմբինատներից մեկը «Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործած Թեղուտի հանքավայրն ու դրա կոմբինատն է: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն մեր հարցերին ի պատասխան հայտնել է, որ տեղի ունեցած աղետը պոչամբարի ամբարտակի մարմնի վրա որևէ ազդեցություն չի գործել: Ամբարտակն անփոփոխ վիճակում է: Սակայն տնօրենը տեղեկացրել է, որ դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը:

«Պոչամբարում աշխատող գործառնական անձնակազմը վարարման ժամանակահատվածում ձեռնարկել է սպառիչ օպերատիվ միջոցառումներ, որոնք միտված են եղել կանխելու վարարված ջրերի հոսքը պոչամբար: Այս պահին ամբարտակն ամրացված է լրացուցիչ ժայռային գրունտով: Աշխատանքն իրականացվել է վերջին 2 տարիների ընթացքում և այս պահին ևս շարունակվում է»,- նշել է Վ. Նալիվայկոն։

Բացի դրանից, գլխավոր տնօրենը հայտնել է, որ ներկայում «Միգրուպ» նախագծային ընկերությունը Ստավրոպոլի հետազոտական կազմակերպության մասնակցությամբ «Ապարաժ» ընկերության սարքավորումների միջոցով իրականացնում է պոչամբարից հանուկների ընտրություն՝ դրանց լրացուցիչ ուսումնասիրության համար: Դրանց ուսումնասիրությունից հետո կկատարվի պոչանքների կոնսոլիդացիայի դինամիկայի հաշվարկ, պոչամբարի ամբարտակի կայունության աստիճանի վերահաշվարկ և, հնարավոր է, պոչամբարի ամբարտակի` ժայռային գրունտով բարձման աշխատանքների ծավալների հստակեցում:

Հիշեցնենք` Թեղուտի պոչամբարի ամրության և կայության վերաբերյալ հակասական կարծիքներ էին հնչեցրել միջազգային փորձագետները, Թեղուտը նախորդ տարի դադարեցրել էր աշխատանքները պոչամբարի կայությունն ապահովելու նպատակով: Վերագործարկվել էր անցյալ տարվա հուլիսին:

Թեղուտի վարչական ղեկավար Մհեր Մելքոնյանը մեզ հետ զրույցում նույնպես հավաստիացրեց, որ պոչամբարի հետ ամեն ինչ նորմալ է, եթե ինչ-որ բան պատահած լիներ, ինքն անպայման տեղյակ կլիներ: Ավելին, Մհեր Մելքոնյանը նշեց, որ թեկուզ ջրերը շատ են եղել, բայց իրենց գյուղն աղետից չի տուժել:

Այս պահին կասեցված գործունեություն, սակայն վավեր ընդերքօգտագործման իրավունք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն, որն էլ Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով իրար կողքի կուտակել է 3 պոչամբար:

Ալավերդի համայնքի Մղարթ բնակավայրի վարչական ղեկավար Վրեժ Ղազարյանը, պոչամբարի պահակակետի աշխատակիցների հետ զրուցելուց և ճշտումներ անելուց հետո, մեզ հայտնեց, որ պոչամբարին ոչինչ չի պատահել, այնտեղ ամեն ինչ նորմալ է:

Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրում են գտնվում «Սագամար» ՓԲԸ-ի շահագործած Արմանիսի ոսկու հանքավայրը, վերամշակման գործարանն ու պոչամբարները: Հիշեցնենք` հանքավայրը չի գործում 2015 թվականից: Արմանիս գյուղի անմիջական հարևանությամբ կուտակված պոչերը չոր են, սակայն մշտապես ահազանգեր են եղել դեպի Ձորագետի Չքնաղ վտակ պոչամբարից հոսող տարօրինակ գույնի ջրերի մասին:

Արմանիսի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը պատմեց, որ անձամբ է տարածքը զննել, որևէ խնդիր չի նկատել պոչամբարներում: Չնայած Արմանիսի պոչամբարը Ձորագետի Չքնաղ վտակի հարևանությամբ է, բայց բարձր է, քանի որ գետը ձորի միջով է հոսում: Սամվել Անտոնյանն ասաց, որ պոչամբարը կարող էր վնասվել, եթե ջրերի հետևանքով սողանքներ առաջանային, սակայն նման երևույթ տեղի չի ունեցել:

Սամվել Անտոնյանը նախկինում աշխատել է Արմանիսի հանքավայրում և ինչպես ինքն է ասում, հասկանում է իրավիճակից և որևէ խնդրի դեպքում կնկատեր: «Համայնքն անընդհատ հետևողական է, քաղաքապետն էլ հանձնարարել է ուշադիր լինել»,- նշում է Սամվել Անտոնյանը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Նազիկի պոչամբարը, որը հենց կոմբինատից 500 մ հեռավորության վրա է, Ախթալայի վարչական շրջանում է` Ախթալա գետի հովտում: Պոչամբարը տիղմալիցքային տիպի է, զբաղեցնում է մոտ 2 հա տարածք: Պոչամբարը գործարկվել է 1971-ին, կոնսերվացվել` 1988թ․-ին: 2000-ականներին կրկին վերագործարկվել է և 10 տարի անց կրկին կոնսերվացվել:

Ախթալայի վարչական շրջանի ղեկավար Սևակ Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենց տարածքում առկա որևէ պոչամբար, այդ թվում՝ ԼՀԿ-ի Պահեստի ձորի պոչամբարը, չի վնասվել: Պոչամբարներից միշտ էլ փոքր դեպքեր՝ ասել է թե արտահոսքեր, լինում են, որոնք արագ վերացվում են: Սակայն այս հեղեղումները Ախթալայի պոչամբարներին որևէ վնաս չեն հասցրել:

Մեծ Այրում գյուղի անմիջական հարևանությամբ է գտնվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մյուս` Նահատակի պոչամբարը: Այն դեպի Ճոճկան գնացող ճանապահաեզրին է` Դեբեդի Նահատակ վտակի հունում: Մեծ Այրումի վարչական ղեկավար Լևոն Զաքարյանը նշում է, որ այս պահի դրությամբ որևէ ակնհայտ վտանգ չկա պոչամբարի համար: Հիշեցնենք, որ Նահատակի պոչամբարը ռեկուլտիվացման ենթակա է:

«Նահատակի պոչամբարը հենց գյուղին կպած է, մենք ամեն օր տեսնում ենք, ոչինչ չի եղել: Պոչամբարը գետի մակարդակից ահագին բարձր է, գետը չի վարարել այնքան, որ հասներ պոչամբարին: Պատվարի ստորին մակարդակը մոտավորապես 20 մետր գետի մակարդակից բարձր է»,- պատմում է վարչական ղեկավարը:

Մեր հարցին, թե այնուամենայնիվ, եթե ջրերի մակարդակն ավելի բարձրանա, արդյոք որևէ միջոցառում նախաձեռնելու են, Լևոն Զաքարյանը նշեց. «Ես նման միջոցառումներ չունեմ, որովհետև չկա հավանականություն, որ նման բան լինի: Միակ տարբերակը, որ էդտեղից ջուր գնա, անտառից եկող առվակն է, պոչամբարի կողքով է անցնում, էդ առվակի կողքով մեծ սելավատար ունենք, էդտեղից է հոսում»,- մանրամասնում է Լևոն Զաքարյանը:

Լոռու մարզպետարանից փորձեցինք ճշտել՝ որևէ միջոցառում իրականացվո՞ւմ է պոչամբարներին հարակից բնակավայրերը հնարավոր վտանգներից պաշտպանելու ուղղությամբ։ Այս հարցին բանավոր պատասխանելուց խուսափեց մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը՝ ուղղորդելով դիմել մամուլի խոսնակին։ Վերջինս էլ հորդորեց հարցերը գրավոր ուղարկել։ Առայժմ Լոռու մարզպետարանն այդ հարցին չի պատասխանել։ 

Գլխավոր լուսանկարը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի, մյուս լուսանկարները՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter