HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն մտադիր է վիզային սահմանափակումներ մտցնել Վրաստանի դեմ

Միացյալ Նահանգները մտադիր է առանց հապաղելու վիզային պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով, սակայն դեռ չի հայտարարել ապագա սահմանափակումների մասին: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ առանց վարանելու դրանք կսահմանենք»,- ասել է Միլերը՝ հավելելով, որ առայժմ Վաշինգտոնը չի հայտարարել ապագա սահմանափակումների մասին:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգված է վրացական խորհրդարանի կողմից նման օրենքի ընդունմամբ, քանի որ Վաշինգտոնի կարծիքով, դրա պատճառով Վրաստանը շեղվում է ժողովրդավարական ուղուց: Միլերը հավելել է, որ Վաշինգտոնը ներկայումս վերլուծում է Թբիլիսիի հետ իր հարաբերությունները և դիտարկում գործողությունների տարբերակներ՝ ի պատասխան վերոնշյալ օրենքի ընդունման:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր մայիսի 14-ին, բողոքի ակցիաներ էր առաջացրել երկրի ներսում և քննադատություններ՝ արտասահմանում: Օրենքի դեմ բողոքող քաղաքացիները, մասնավորապես, նշում էին, որ այն նման է ռուսական համանման օրենքին։

Օրենքի դեմ հանդես են գալիս նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք պնդում են, որ այս օրինագծի ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը: Զուրաբիշվիլին պահեց իր խոստումը և վետո կիրառեց օրենքի վրա։ Սակայն վրացական խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարեց նախագահական վետոն։ Իսկ արդեն հունիսի 3-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց օրենքը, որը մտավ ուժի մեջ։

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն դեռ ապրիլի 3-ին հայտարարել էր, որ դարձյալ խորհրդարանի օրակարգ են բերում «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ Ընդ որում՝ ներկայացվել է 2023 թվականի գարնանը՝ բողոքի ակցիաներից հետո հետ կանչված նույն նախագիծը։

Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։

Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։

Առաջին անգամ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:

Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։ Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենսդրության դրույթները։

Ապրիլի 15-ին օրինագծի քննարկումն ընդհատվել էր խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ այն ընդունել էր ապրիլի 17-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունել էր մայիսի 1-ին։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter