HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ակադեմիական քաղաքի» նախագիծը երկրորդ պլան է մղել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքը գիտնականներից հետ վերցնելու հարցը

Անցած տարվա մայիսին ԳԱԱ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը (ՀՊԻ) Կառավարության որոշման մի նախագիծ էր ստացել եւ անակնկալի եկել: Գործադիրը նախատեսել էր հետ վերցնել Երեւանի Նորագյուղ թաղամասի 108 հասցեում գործող ինստիտուտի զբաղեցրած եւ պետական սեփականություն հանդիսացող 6,2 հա տարածքից 4,2 հա-ն դրա վրա եղած շենք-շինություններով ու այդ ամենն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երեւանի երաժշտական թիվ 136 հատուկ դպրոցին: Իսկ մնացած 2 հա-ն Կառավարության որոշման մեկ այլ նախագծով նախատեսվում էր հանձնել ՆԳՆ-ին՝ պարեկային ծառայության պահպանության տարածքն ընդլայնելու համար:

Տրամաբանությունն այն էր, որ գիտական ինստիտուտների միավորման ծրագրի շրջանակներում ՀՊԻ-ն պետք է միացվեր Բուսաբանության ինստիտուտին եւ դուրս գար իր ներկա տարածքից:

Կառավարության նման դիրքորոշումից խիստ դժգոհ ՀՊԻ աշխատակիցները հանդիպել էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որը հավաստիացրել էր, որ այդ գիտական հիմնարկը կարեւոր պրոֆիլային ինստիտուտ է հանրապետության համար։ ՀՊԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Աննա Թադեւոսյանն այդ հանդիպումից հետո «Հետքին» հայտնել էր, որ փոխվարչապետը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է լրացուցիչ հանդիպումներ անցկացնել ինստիտուտի աշխատակիցների հետ, հասկանալ ՀՊԻ-ի կարիքները, խնդիրները։

Մեկ տարի անց ոչինչ չի փոխվել: Նախագիծն ինչպես կար, այդպես էլ մնացել է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Աննա Թադեւոսյանը:

«Կարծում եմ՝ այդ գործը սառեցված է: Ասեմ ավելին՝ երբ խնդիր դրվեց, մեզնից հարցրեցին, թե ինչպես ենք պատկերացնում բուհերի, ակադեմիական ինստիտուտների խոշորացման գործընթացը, մեր ինստիտուտի գիտխորհրդում որոշում կայացվեց, որ նպատակահարմար ենք գտնում միանալ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետին: Մեր գրեթե բոլոր աշխատակիցներն այդ ֆակուլտետի շրջանավարտներ են, մեր ասպիրանտները պաշտպանում են «կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ, համատեղ հոդվածներ ունենք, մեր բազմաթիվ հետազոտություններ անում ենք իրենց մոտ եւ այլն»,- ասում է Թադեւոսյանը:

2022 թ. դեկտեմբերին Կառավարությունը «Հետքին» հայտնել էր, որ ստացել է Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկը 4 ինստիտուտների միավորման միջոցով 2 կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ պետք է միավորվեին Կենսաքիմիայի եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտները, ինչպես նաեւ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ու Բուսաբանության ինստիտուտները:

Ինչ վերաբերում է միավորվող ինստիտուտների զբաղեցրած տարածքներին, գործադիրից մեզ հայտնել էին, որ յուրաքանչյուր միավորման պարագայում, կախված իրավիճակից, գիտական կազմակերպության տարածքը կա՛մ կօգտագործվի որպես միավորման արդյունքում ստեղծված գիտական կենտրոնի տարածք, կա՛մ կհանձնվի Պետգույքի կառավարման կոմիտեին: ՀՊԻ-ի՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքը նախատեսվում էր ամրացնել պետգույքի կառավարման կոմիտեին:

Գիտական ինստիտուտների միավորման գործընթացը եւս, ըստ էության, սառեցված է: Պատճառը, թերեւս, «Ակադեմիական քաղաք» նախագիծն է, որով նոր փոփոխություններ են սպասվում, մասնավորապես՝ բուհերի ու գիտական ինստիտուտների տեղափոխում «Ակադեմիական քաղաք»:

«Այսօր արդեն Բուսաբանության ինստիտուտն են ուզում միացնել այլ ինստիտուտների,- «Հետքի» հետ զրույցում ասում է ՀՊԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Աննա Թադեւոսյանը,- մեր փոքր ինստիտուտի հարցը մեջտեղից դուրս է գալիս, քանի որ «Ակադեմիական քաղաքի» շրջանակներում կլաստերներ են ստեղծվելու: Մենք դասական կլաստերի մեջ ենք, մեզ էդպես են ներառել: Հիմա դրա շուրջ են քննարկումները գնում»:

Ըստ Թադեւոսյանի՝ դասական կլաստերի մեջ ներառված է 4 խումբ: Իրենց ինստիտուտը չորրորդ խմբի մեջ է, որտեղ ԳԱԱ կենսաբանական ուղղության ինստիտուտներն են: ՀՊԻ փոխտնօրենը երկու անգամ մասնակցել է քննարկումներին, սակայն դեռ ոչ մի հստակություն չկա:

«Դեռ խմորման փուլում է, կարծիքների փոխանակման փուլ է: Ոչ մի նորություն չկա»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:

Նկատենք, որ, ըստ ԿԳՄՍՆ-ի հաղորդագրության, «Ակադեմիական քաղաքում» առաջին փուլով նախատեսվում է գործարկել կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Մյուս կողմից, սակայն, նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թ.: Այսինքն՝ մյուս երկու կլաստերները (դասական եւ բժշկական) կգործարկվեն 2030 թվականից ուշ:

Աննա Թադեւոսյանի կարծիքով՝ «Ակադեմիական քաղաքը» լավ գաղափար է, բայց մեր երկրի ներկա պայմաններում դժվար է պատկերացնել դրա իրագործումը:

«Չեմ կարծում, թե որեւիցե գիտնական, որի համար բոլոր պայմանները լինեն՝ ե՛ւ ենթակառուցվածքներ, ե՛ւ տեխնիկական հագեցվածություն, ե՛ւ տարրական պայմաններ, չուզենա գնալ այնտեղ աշխատելու, մնա մի ինստիտուտում, որտեղ մի օր լույսն է անջատվում, մի օր ջուրը: Հազար ու մի խնդիր կա: Գաղափարը շատ լավն է, բայց իրագործելը բավականին բարդ է: Այդքան հեշտ չէ իրագործելը, այն էլ մեր երկրի պայմաններում, երբ գրեթե ամեն օր պատերազմի վտանգի առաջ ենք,- նշում է Ա. Թադեւսոյանն ու հավելում,- եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ մտածում, մեծ հաճույքով կգնամ, կաշխատեմ այնտեղ, որտեղ հիդրոպոնիկան կլինի իմ կողքին: Մեր ինստիտուտի հարցը մի քիչ ուրիշ է: Հիդրոպոնիկ կայանը քանդել, տանել ուրիշ տեղ սարքել… Պետք է յոթ անգամ չափել, մի անգամ կտրել: Բայց եթե կառուցեն, ամեն ինչ նորմալ լինի, անձամբ ես խնդիր չեմ տեսնում»:

Լուսանկարները՝ «Հետքի» արխիվից (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter