HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազության պաշտոնյայի եղբայրը շինարարություն է սկսում Ազատության պողոտայում

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրը՝ Զավեն Օվսյանը Երևանի Ազատության պողոտա 14/3 հասցեում շինարարություն է սկսել, ինչը դարձել է հարակից շենքերի բնակիչների բողոքի և դժգոհության պատճառ: Բնակիչների ահազանգմամբ՝ նախատեսվող շինարարությունը կարող է վնաս հասցնել իրենց շենքերի սեյսմիկ կայունությանը, ինչպես նաև սահմանափակել իրենց տեղաշարժը առանց այն էլ նեղ բակային տարածքում։ 

Ազատության 14/3 հասցեում նախկինում եղել է մոտակա բնակելի շենքերի կաթսայատունը, որը վաղուց այլևս չի գործում։ Պարզելու համար, թե ով է տարածքի սեփականատերը, հուլիսի 3-ին դիմումներ ենք ուղարկել Կադաստրի կոմիտե, բացի դրանից նաև հարցումներ՝ Երևանի քաղաքապետարան տարածքում նախագծման և շինարության թույլտվությունների պատճենները ստանալու համար։

Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ հողամասեր է վաճառել նախկին սեփականատիրոջը

Ըստ կադաստրային գործի տվյալների՝ նշված տարածքն առաջացել է 4 տարբեր կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից, և առաջին անգամ պետական գրանցում է ստացել 2019թ․, և գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Վահան Ավագյանի անվամբ։ Այնուամենայնիվ, Կադաստրի կոմիտեն թերի է պատասխանել մեր դիմումին, քանի որ չի նշել, թե ով կամ ովքեր են եղել այդ տարածքի ավելի վաղ եղած սեփականատերերը։ Դա պարզելու համար մենք լրացուցիչ հարցում ենք ուղարկել։

Բացի նշված տարածքից հետագայում Երևանի քաղաքապետարանը ուղղակի վաճառքի ձևով լրացուցիչ հողամասեր է օտարել Վահան Ավագյանին։ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 2019թ․ մայիսի 14-ի որոշմամբ՝ Ազատության պողոտայի 14/3 հասցեին կից՝ 31.02 քմ և 38.28 քմ մակերեսներով հողամասերին տրամադրվել են համապատասխանաբար` «Ազատության պողոտա, հ.14/6 » և «Ազատության պողոտա, հ.14/7» հասցեները, և քաղաքապետի նույն որոշմամբ՝ Երևան համայնքին պատկանող այդ հողամասերն այնուհետև վաճառվել են Վահան Ավագյանին՝ տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 1 մլն 141 հազար դրամ։

Երևանի քաղաքապետի 2019թ․ հուլիսի 10-ի որոշմամբ էլ՝ նշված բոլոր անշարժ գույքերին տրամադրվել է մեկ միասնական հասցե՝ Ազատության 14/3։

Երևանի քաղաքապետարանի՝ «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն՝ 2019թ․ մայիսի 29-ին մասնագիտությամբ բժիշկ Վահան Ավագյանը ստացել է տվյալ տարածքում առկա կաթսայատան քանդման թույլտվություն, իսկ 2019թ․ հուլիսի 31-ին բժշկական կենտրոնի կառուցման նախագծման թույլտվություն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Սակայն մեկ տարի անց՝ 2020թ․ հունիսի 5-ին, Վահագն Ավագյանը նախագծման այլ թույլտվություն է ստացել, որտեղ նախատեսվող օբյեկտը «բժշկական կենտրոնից» դարձել է «հասարակական նշանակության շինություն»։ Ըստ այդ նախագծի՝ շինությունը պետք է լիներ 3-հարկանի՝ երկու նկուղային կամ կիսանկուղային հարկերով, իսկ առավելագույն բարձրությունը՝ 14 մետր։

Շինթույլտվություն կա, շինարարություն չկա

2020թ․ հունիսի 16-ին էլ Վահան Ավագյանը ստանում է իրեն պատկանող 1576 քմ տարածքի վրա հասարական նշանակության շինության շինարակական թույլտվություն՝ 2 տարի ժամկետով։ Սակայն երկու տարվա ընթացքում շինարարական գործողություններ չեն արվում, իսկ շինթույլտվության գործողության ժամկետն ավարտվում է։

2023թ․ օգոստոսի 7-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը նոր շինթույլտվություն է տալիս Վահան Ավագյանին՝ կրկին երկու տարի ժամկետով, սակայն գրեթե մեկ տարի շարունակ տարածքում կրկին որևէ շինարարական գործողություն չի կատարվում։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ մայիսի 14-ին Վահան Ավագյանը վաճառում է Ազատության 14/3 հասցեում իրեն պատկանող գույք, որի նոր սեփականատեր է դառնում Զավեն Օվսյանը։ Նա ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանի եղբայրն է։ Եվ հենց Զավեն Օվսյանն էլ որոշում է անել այն, ինչը 4 տարիների ընթացքում Վահան Ավագյանը չարեց։ 

«Հետքը» կապ հաստատեց Ազատության 14/3 հասցեի նախկին սեփականատիրոջ՝ Վահան Ավագյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, թե այլևս ոչ մի կապ չունի այդ տարածքի հետ։ Մեր դիտարկմանը, թե շինթույլտվությունը հենց իր անունով է տրված, իսկ կառուցապատողը Զավեն Օվսյանն է, Ավագյանը պատասխանեց, որ դա հավանաբար տեխնիկական խնդիր է, գնորդն անվանափոխում չի արել։

Վահան Ավագյանն ասաց, թե չի հիշում՝ ումից է գնել այդ տարածքը։ Խոսելով բնակիչների դժգոհությունից վերջինս հայտնեց, որ տարածքը 30 տարի չի օգտագործվել, ժամանակի ընթացքում վերածվում էր աղբանոցի, և կառուցապատումը նաև կբարեկարգի տարածքը։ Հարցին, թե ինչու այս տարիների ընթացքում շինարարություն չի արել, պատասխանեց, որ միջոցները չեն բավարարել։ 

Կառուցապատողը դատախազության պաշտոնյայի եղբայրն է

Տարածքը գնելուց հետո Զավեն Օվսյանը սկսում է քայլեր ձեռնարկել շինարարությունը սկսելու համար։ Հուլիսի 2-ին տարածքում չափագրման աշխատանքներ են իրականացվել, իսկ նախօրեին՝ հուլիսի 8-ին, տարածքը ցանկապատվել է։ Ցանկապատման աշխատանքների ընթացքում հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել, քաշքշուք է տեղի ունեցել նրանց և ոստիկանների միջև, եղել են նաև ոստիկանական բաժին տարված 4 քաղաքացիներ՝ վարչական իրավախախտում կատարելու հիմքով։ 

Բնակիչների և ոստիկանների քաշքշուքին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Ոստիկանություն տեղափոխված 4 անձինք ազատ են արձակվել, նրանցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության մասին հաղորդում՝ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժ կիրառելու և իրեն վնասվածքներ պատճառելու վերաբերյալ: Վերոնշյալի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմ ներկայացվել է նաև բողոք:

Շենքի կառուցման հետ կապված բնակիչների կողմից բարձրացված այլ հարցերի առնչությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն նաև Երևանի քաղաքապետարանից»,- ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան գրառման մեջ:

Բնակիչները պնդում են, որ նախատեսվող օբյեկտը շատ մոտ է գտնվում իրենց բնակելի շենքին, բացի այդ եթե շինության հիմքերի փորման աշխատանքները սկսվեն, ապա իրենց շենքերի սեյսմակայունությունը դրանից կտուժի։ Բնակիչների հիմնական բողոքներից մեկն էլ կապված է տարածքում տեղաշարժի սահմանափակման հետ, հատկապես ավտոմեքենաների։ 

Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է՝ ամբողջ գործընթացն օրինական է

Կառուցապատող Զավեն Օվսյանի ներկայացուցիչ փաստաբան Արամազդ Կիվիրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ամբողջ գործընթացն օրինական է, կառուցապատողն ունի հաստատված նախագիծ և շինթույլտվություն։ Այս փուլում իրականացվում են շինհրապարակի կահավորման՝ նախապատրաստական աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսվում են քանդման աշխատանքներ, որովհետև ըստ Կիվիրյանի՝ այդ տարածքը նախկինում աղբանոց է եղել, այն պետք է նախ և առաջ մաքրվի, աղբը դուրս բերվի, որից հետո էլ կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ 

Արամազդ Կիվիրյանի խոսքով հուլիսի 2-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 12/2 և 12/3 շենքերի բնակիչների և վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ օրը՝ հուլիսի  3-ին՝ ժամը 12-ին, հանդիպել վարչական շրջանի շենքում՝ սեփականատիրոջ հետ խոսելու, բայց բնակիչներից ոչ ոք չի ներկայացել հանդիպմանը։

«Սեփականատերը հաջորդ օրը մոտեցել է այնտեղ, ընդ որում ունենալով իր մոտ նախագիծը, որպեսզի նաև բնակիչներին ցույց տա, թե ինչպիսի շինարարական աշխատանքներ են նախատեսվում, ինչ է այնտեղ կառուցվելու և որպեսզի, եթե բնակիչներն ինչ-որ հարցեր ունեն նախագծի հետ կապված, հնչեցնեն և ստանան պատասխանները։ Որևէ անձ բնակիչներից չի ներկայացել»,- հայտնեց Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ տեղում բնակիչների հետ երկխոսություն անցկացնել հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուրն իր բողոքն է արտահայտում, իր ասելիքն է ասում, և ընդհանուր հայտարարի չեն գալիս, դրա համար էլ առաջարկ եղավ հանդիպումը կայացնել վարչական շրջանի շենքում։ Ըստ փաստաբանի՝ այդպես հնարավոր կլիներ բոլոր հարցերը հանգիստ քննարկել։ 

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ նախագծի համաձայն՝ այդտեղ լինելու է հասարակական նշանակության օբյեկտ, ըստ նախնական որոշման՝ ախտորոշիչ կենտրոն, սակայն Կիվիրյանը շեշտեց, որ այդ հարցում չի կարող պնդումներ անել, քանի որ դա դուրս է իրենց առնչվող իրավական տիրույթից։

Լրացում, 10․07 / Հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապվեց թաղամասի բնակիչներից Արթուր Գրիգորյանը՝ նշելով, թե կառուցապատողի հետ հանդիպումը տեղի չի ունեցել այն պատճառով, որ իրենց հայտնել են՝ հանդիպմանը ներկայանալ 3 հոգով։ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ երեք հոգին չեն կարող ներկայացնել երկու բարձրահարկ շենքերի բոլոր բնակիչներին, ուստի նախընտրելի է, որ հանդիպումը լինի շենքերի բակում, որպեսզի խնդրով հետաքրքրված մարդիկ հնարավորություն ունենան իրենց հարցերն ուղղել կառուցապատում իրականացնողին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter