HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախ 2023թ.  մարտերը Վանքի մատույցներում

Արցախի պաշտպանության բանակի 8-րդ հրաձգային բրիգադը 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին հերթապահություն էր իրականացնում Գետավանից մինչև Շուշի ընկած հատվածում։ Բրիգադի 3-րդ գումարտակը, տեղակայված էր Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գումարտակի պահպանության տեղամասը Նարեշտարից Չարեքթար ընկած հատվածն էր, 801-813 դիրքերը։ Վանքի գումարտակին որպես աջակցություն տրված էին երկու հրետանային մարտկոց, հակատնակային և հետախուզական դասակներ։ 2023-ի սեպտեմբերին հետախուզական դասակի հետ Նարեշտարի դիրքերում էր բրիգադի հետախուզության պետ մայոր Արմեն Բեգլարյանը։ 

Արմեն Բեգլարյանը 44-օրյա պատերազմի ընթացքում Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հետախուզության պետն էր։ 2020թ. հոկտեմբերի սկզբին Արցախի հարավում իրավիճակը ծանր էր. ադրբեջանական բանակն իր ուժերը կենտրոնացրել էր այդ ուղղությամբ։ Մարտունի 2-ի հետախուզական վաշտից մի խումբ տեղափոխվել էր ռազմաճակատի հարավային ուղղություն։ Այնտեղ՝ Ֆիզուլիի, Հադրութի, Ջրականի ուղղությամբ, հետախույզները, Արմեն Բեգլարյանի գլխավորությամբ, հատուկ գործողություններ էին իրականացնում մինչև հոկտեմբերի 15-ը։ Այնուհետև՝ Մարտունի 2-ի և 3-ի միջդիրքային տարածքում։ 44-օրյա պատերազմից հետո Արմեն Բեգլարյանը նշանակվել է 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի) հետախուզության պետ։

«Իմ ստորաբաժանումը բաժանել էի 2 մասի։ Առաջին խումբը չպահվող 806 դիրքում էր։ Իսկ երկրորդ խումբը, որպես ռեզերվ, գտնվում էր Վանք գյուղում»,- ասում է Բեգլարյանը։ 

2023թ.-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Մարտական գործողությունների սկզբից հակառակորդին հաջողվել էր միջդիրքային տարածքներով առաջանալ և շրջանցել դիրքերը։ 

«Միջդիրքային տարածությունները մեծ էին, տարածքը՝ անտառապատ։ Այդ պատճառով հակառակորդը կարճ ժամանակում կարողացավ շրջափակման մեջ վերցնել մեր դիրքերը»,- պատմում է մայոր Բեգլարյանը։ 

Հետախուզության պետի խոսքով՝ ամենաթեժ մարտերը տեղի են ունեցել 811 և 812 մարտական դիրքերում։ Հակառակորդը սկզբում կարողացել էր գրավել 811 մարտական դիրքը։ Դիրքի անձնակազմը նահանջել էր և միացել հետախուզական դասակի խմբին, որը մարտերի սկսվելուց հետո Վանք գյուղից հասել էր Նարեշտար։ Նրանք հակահարձակում էին ձեռնարկել և հաջողվել էր գրավել դիրքը, բայց միջոցների սղության պատճառով երկար դիմադրել չեն կարողացել։ Ադրբեջանցիները նորից գրավել են դիրքը։ 

Սեպտեմբերի 19-ի կեսօրին հակառակորդին հաջողվել էր գրավել նաև 801 մարտական դիրքը։ Դիրքի անձնակազմը գնացել էր 802 դիրք՝ փորձելով պահել այդ դիրքը։ Հակառակորդը մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։ Չկարողանալով պահել 802 դիրքը՝ նրանք նահանջել են 803 մարտական դիրք և դիրքի անձնակազմի հետ կազմակերպել պաշտպանությունը։ 

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, հայտարարվեց հրադադարի պայմանավորվածության մասին։ «Քանի որ հաղորդակցության ուղիները վերահսկվում էին հակառակորդի կողմից, մեր գումարտակը մնաց շրջափակման մեջ մինչև սեպտեմբերի 24-ը»,- պատմում է Արմեն Բեգլարյանը։ 

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանցիները, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հավաքել են գումարտակի զինվորների զենքերը, և դուրս բերել անձնակազմին Նարեշտարից։

«Ադրբեջանական կողմից մի սպա մոտեցավ, ճանաչեց, ես էլ հիշեցի իրեն։ 44-օրյա պատերազմից հետո «Մարտունի 2»-ի և «Մարտունի 3»-ի միջդիրքային տարածքում շատ կորուստներ էինք պատճառել հակառակորդին, ինքն էր պատերազմից հետո իրենց աճյունների որոնողական խմբի սպան, ես էլ մեր կողմից իրենց զոհերի տեղերն էի ցույց տալիս։ Այն ժամանակ մայոր էր, հիմա դարձել էր գնդապետ։ Հիմա ինքն էր մեր աճյունների տեղերը ցույց տալիս»,- ասում է Բեգլարյանը։ 

Որոնողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել դուրս բերել տասերկու զոհված զինծառայողի մարմին. հիմնականում մարմինները դուրս են բերվել 811, 812 դիրքերից և Ղազախալի կոչվող տեղամասից, որտեղ հակառակորդը խոցել էր վիրավորներին տեղափոխող մեքենան։ Երեք զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։

Մարտական գործողությունների ընթացքում հետախուզական դասակը 2 զոհ է ունեցել՝ Էդուարդ Սարգսյանը և Նարեկ Ստեփանյանը։ 

«Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ծառայել նման անձնակազմի հետ։ Իմ զինվորները, չնայած անհավասար պայմաններին, կարողացել են իրենց առջև դրված խնդիրը կատարել գերազանց»,- ասում է Արմեն Բեգլարյանը։

Այժմ Արմեն Բեգլարյանը կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Արտաշատում՝ վարձով բնակարանում։ Ընտանիքը սպասում է երրորդ երեխային։ Բնակարանային հարցերի լուծումից հետ Բեգլարյանը ցանկանում է վերադառնալ ծառայության։ Նրանց ընտանքիը օգտվել է արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրից և բնակարան են գնել Վանաձորում։ Բեգլարյանները մի քանի օրից կտեղափոխվեն իրենց նոր տուն։

Կոլաժը՝ Հայկ Մակիյանի

Քարտեզը՝ Լենա Սահակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter